Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կայքում հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին պատրաստվում է քվեարկության դնել կրոնական ազատությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը եւ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականների հետ եւ հորդորել, որպեսզի նրանք պաշտպանեն այդ նախագիծը: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ փոփոխությունը նման է Սենատ մտցված եկեղեցիների վերադարձի մասին թիվ 306 բանաձեւին, որը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների` կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաեւ` հայերին, ասորիներին, հույներին եւ այլ քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նաեւ տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը ջանք չի խնայում այս բանաձեւը տապալելու համար: