Մտավորականության համեստ հմայքը

19/07/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Մտավորական» բառն արդեն վաղուց որոշակի լարվածություն է առաջացնում այն տարածքում, ուր հնչում է: Նա, ում ուղղվում է այդ բառը, նախ` վիրավորվում է` չգիտես ինչու կարծելով, թե հեգնում ես իրեն, ապա պնդում, որ Հայաստանում մտավորականներ չկան բառի դասական իմաստով: Հետեւաբար` խնդրում է իրեն զերծ պահել մտավորականի` ոչ այնքան պատվաբեր կարգավիճակից:

Մեր դպրոցները, համալսարանները վաղուց դադարել են պատրաստել ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, այլեւ մեծ աշխարհայացք ունեցող, ազատ մտածող մարդկանց, որոնցից ձեւավորվում է հասարակության ամենակարեւոր խավը` մտավորականությունը: Յուրացվող նյութին բազմակողմանի մոտեցումը մեծացնում է աշակերտի, ուսանողի հոգեւոր հարցադրումները, պահանջները: Այսօր արդեն դժվար է գտնել մարդկանց, ում միաժամանակ հետաքրքիր է թե՛ քաղաքականությունը, թե՛ աստղազարդ երկինքը: Թե՛ փիլիսոփայությունը, թե՛ մարդկության պատմությունը:

Կարելի՞ է ասել, որ մտավորականությունն այսօր լուրջ դերակատարություն ունի հասարակական-քաղաքական կյանքում: Դա ասելուց առաջ նախ պետք է պարզել` ո՞ւմ կարելի է համարել մտավորական: Արդյո՞ք մտավորական է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ Վեհափառի շփման անբռնազբոսությունը ստիպում է պատասխանելուց առաջ երկար մտածել: Ու լռել: Գուցե մտավորական է երկրի նախագա՞հը: Եթե ստուգաբանենք «մտավորական» բառը, որ մինչեւ 18-րդ դարի ավարտը նշանակում էր` «առանձնահատուկ նուրբ ընկալում», ստացվում է, որ երկրի ղեկավարին մտավորական համարելը չափազանցություն կլինի:

Մտավորականության դերն այսօրվա քաղաքական կյանքում, պետական մոդելում առհասարա՛կ հաշվարկված չէ: Հաշվարկված չէ եւ ոչ մի դասակարգի, խավի դերը: Մենք վեր ենք ածվել անդասակարգ հասարակության, ուր կան միայն հարուստներ ու աղքատներ: Հարուստներն իրենց, թյուրիմացաբար, համարում են համաշխարհային էլիտայի անդամ: Աղքատներն իրենց աշխարհայացքը ստիպված են ձեւավորել հեռուստատեսության տված տեղեկատվության շրջանակում. տեղեկատվություն ստանալու անհատական տարբերակի համար ժամանակ եւ գումար չի մնում: Իսկ հեռուստատեսությամբ լյումպեն հաղորդավարները զբաղված են լյումպեն հեռուստադիտողի ճաշակն ու աշխարհայացքը ուղղորդելով (գուցե ինչ-որ մեկը պատահաբար տեսե՞լ է մարդկանց եթերով ամուսնացնելու հայկական տարբերակը` Սոֆի Դեւոյանի եւ եւս երկու կանանց միջնորդությամբ, եւ համանման մյուս հաղորդումները): Այն, ինչ կատարվում է Հայաստանում` հեռուստատեսությամբ, քաղաքական կյանքում, անգամ մարդկային փոխհարաբերությունների մակարդակով, լուրջ մարտահրավեր է անհատին` մտածող մարդուն: Այն դեպքում, երբ նույնիսկ կրոնն է պաշտպանում մարդու անհատականությունը, խրախուսում անհատի պատասխանատվությունը սեփական ճակատագրի հանդեպ:

Խորհրդային ժամանակներում ձեւավորված մտավորականների հավակնոտ դերը` լինել ազգի առաքյալները, անկախության տարիներին արագորեն իրեն սպառեց: Անկախությունը ցույց տվեց հայ մտավորականների համեստ, չափազա՛նց համեստ տեղը հասարակական կյանքում: Ավելի ստույգ` մտավորականներն իրենց դերը խիստ սահմանափակեցին` վերածվելով պարզապես ինտելեկտուալների: Բանը հասավ այնտեղ, որ այսօր հասարակությունն իր հերթին պարզ հասկացնում է, որ իր կյանքն այնքան էլ սարսափելի չէ առանց մտավորականության: Մտավորականությունը կորցրել է իր խորհրդանշական կապիտալը` լինել որոշակի արժեքներ կրող մարդկանց համախումբ:

Կարո՞ղ է մտավորականությունը դառնալ քաղաքական լուրջ ուժ: Կարո՞ղ է իրականացնել գաղափարական գործառույթներ սոցիալական այս կամ այն խմբի հետ: Պատասխանն ամենեւին մխիթարիչ չէ. չունենք միասնական մտավորականություն: Կան բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ եւ այլք, ովքեր կարող են իրենց թույլ տալ քաղաքական ծառայություններ մատուցել իշխանություններին` նախընտրական շրջանում: Մասնակցել ընտրությունների կեղծմանը, համալրել այս կամ այն իշխանական կոալիցիայի կուսակցությունը` անհրաժեշտ գլխաքանակ ապահովելու համար, լուռ տանել ցածր աշխատավարձի նվաստացումները` փող շորթել հիվանդից, աշակերտից, ուսանողից… Գուցե արժե հույսեր կապել փորձագիտակա՞ն հանրույթի հետ: Սակայն իրականությունն այն է, որ նշյալ հանրույթը եւս զբաղված է գործող վարչախմբի լեգիտիմացման գործով:

Մտավորականությունը դարձել է ոչ թե սոցիալական, այլ վիրտուալ խումբ: Նրանց առաքելությունը սահմանափակվում է մասնագիտական, ստեղծագործական ինքնաիրացմամբ: Եվ ստեղծագործական մտավորականությունը, որպես կանոն, իրեն որեւէ ձեւով հայրենիքում պարտավորված չզգալով` հեռանում է երկրից:

Հետեւաբար` ավելորդ է ասել, որ մասնագիտական տարբեր եւ միմյանց չընդունող խմբերը կամ աշխարհով մեկ ցրված մտածող հայերը մտավորականություն են` բառի դասական իմաստով: Դրանք, կրկնենք, առանձին ինտելեկտուալներ են:

Եվ մեր հասարակական օրգանիզմը կամաց-կամաց կորցնում է իր ամենակարեւոր օրգանը` ուղեղը: Ուղեղի դերը ստիպված իրենց վրա են վերցնում ամենեւին ոչ մտածելու համար նախատեսված օրգաններ:

Մտավորական լինելու համար անհրաժեշտ չէ ունենալ դիպլոմ եւ պարտադիր չէ դուրս գալ մտավորական միջավայրից: Անհրաժեշտ է գիտելիքների որոշակի պաշար, կրել ազգային հոգեւոր ու մշակութային ավանդույթները, կարողանալ եւ ցանկանալ աշխատել ուղեղով, լինել անկախ եւ իրենց պատասխանատու զգալ երկրում եւ աշխարհում կատարվող ցանկացած երեւույթի համար: Մեր մտավորականությունը (ստիպված ենք այս բառն արդեն պայմանականորեն գործածել) հասցրել է կորցնել իր արտոնությունը` իշխանությունների հետ խոսել` որպես հավասարը հավասարի: Իսկ իսկական մտավորականի դեպքում հակառակն է. երբ Նիկիտա Խրուշչովը որոշեց իր համար բացահայտել Ամերիկան, առաջարկեց ԱՄՆ իր գործընկերոջը` Էյզենհաուերին, հանդիպել: «Իր կողմից»` Խրուշչովը խոստացավ տանել Միխայիլ Շոլոխովին: Էյզենհաուերին առաջարկեց իր հետ «վերցնել» Հեմինգուեյին: Շոլոխովը Խրուշչովի հետ գնաց, սակայն, երբ Հեմինգուեյին փոխանցեցին Էյզենհաուերի առաջարկը, գրողը պատասխանեց. «Փոխանցեք պարոն նախագահին, որ ես արջ չեմ, որին շղթայով տանում են տոնավաճառի պարապ-սարապներին»: