Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տարված է քաղաքի արտաքին տեսքը սոցռեալիստական մոնումենտալ քանդակներով փչացնելով, քաղաքում օրեցօր ավելանում է թմրամոլների թիվը (ի դեպ, քաղաքապետը քանդակները պատրաստել է տալիս իր ընտանիքի անդամների ճիշտ պատկերներով):
Ընդ որում, Գյումրիում հատկապես տարածված է բենզինով պատրաստված թմրանյութը: Մեր տեղեկություններով` քաղաքապետի եղբայրը եւս տառապում է թմրամոլությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս մի քանի տարի առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը մեղադրվում էր մեծ քանակությամբ հերոին տեսակի թմրանյութ գնելու մեջ: Մի խումբ կանայք բռնվել էին հենց թմրանյութ տեղափոխելու պահին: Այդ կանանց մշտական հաճախորդներից էր Վ. Ղուկասյանի կրտսեր եղբայրը:
Գյումրին, հատկապես վերջին տարիներին, քաղաքապետ Վ. Ղուկասյանի շնորհիվ` դարձել է կրիմինալի, թմրամոլության կենտրոն: Երիտասարդները եւ առհասարակ տղամարդկանց զգալի հատվածն անգործ է, որեւէ զբաղմունք, աշխատանք եւ հեռանկար չկա այդ քաղաքում: Մարդիկ չեն կարողանում գումար հայթայթել անգամ օրվա հացի համար: Եվ եթե գյումրեցիների ավագ սերունդը փորձում է այդ ամենը խեղդել հին օրերի հիշողություններով, ապա երիտասարդները պարապությունը լցնում են իրենց ներկան մոռանալու վատագույն ձեւով՝ թմրամիջոցներով: Ինչեւէ, գյումրեցիների փոխանցմամբ` երեկոյան ժամը 19:00-ից հետո Գյումրիում զբոսնելը պայմանավորված է լուրջ ռիսկերով: Այդ ժամերին քաղաք են դուրս գալիս գյումրեցիներին հայտնի բենզոնիստները կամ բենզոնոլոգները: Սրանք այն մարդիկ են, ովքեր թմրամիջոցի պատրաստման բաղադրության մեջ ներառում են բենզինը եւ այլ նյութեր: Այդկերպ նրանք էժանագին թմրամիջոց են ստանում: Հասարակության շրջանում բենզոնիստները ժամանակի ընթացքում սկսում են խիստ տարբերվել իրենց արտաքին տեսքով: Այդ թմրանյութն առաջին հերթին վնասում է մարդու օրգանիզմի փափուկ ոսկրային հատվածները: Գյումրիի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ բենզոնիստների մոտ հատկապես սկսում է քայքայվել ծնոտը եւ, բացի այդ, նրանք առանձնանում են սարսափելի հոտով: «Հիմա տնային պայմաններում էլ ազատ սարքում են»,- նկատեց գյումրեցի երիտասարդներից մեկը: Եվ այս քաղաքում բենզինն ու դեղատներում ազատ վաճառքի հանված էժանագին մի քանի դեղեր (անունները, հասկանալի պատճառներով, չենք նշում) համարվում են օդ ու ջրի նման անհրաժեշտություն` հիմնականում երիտասարդների շրջանում: Այս թմրանյութից մահացածների թիվը շատ ավելի է, քան նշվում է: «Օրական մեկին թաղում են»,- ասում են բնակիչները: Օգտագործելուց կարճ ժամանակ անց այդ թմրամոլները մեռնում են. մարմինը թարախակալում է, ծնոտը վնասվում-փտում է, լյարդը, երիկամները քայքայվում են: Առայժմ մեր պետությունը դա կանխարգելելու փոխարեն` բավարարվում է միայն նրանց դեմ քրեական գործեր հարուցելով ու դատելով: Ասում են, որ Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանում գրեթե ամեն օր մի թմրամոլի են դատում: Քրեակատարողական հիմնարկները եւս լիքն են նման թմրամոլներով: Սոցիալական այս պայմաններում քաղաքացին դեղատներից շատ էժան գներով` ընդամենը 300 դրամով, ձեռք է բերում թմրանյութի համար անհրաժեշտ դեղերը, որոնք ազատ վաճառվում են: Ոստիկանությունը կարող է միեւնույն քաղաքացուն մեկ ամսվա մեջ մի քանի անգամ բերման ենթարկել, քրեական գործ հարուցել, դատապարտել 2 ամսվա ազատազրկման: 2 ամիս անց նա դրսում է եւ շարունակում է նույնը:
Գյումրիի «Հոգեկան առողջության» կենտրոնում հաշվառված թմրամոլների թիվը 230 է, ընդ որում՝ կենտրոն դիմած թմրամոլները հիմնականում Գյումրիից են, որտեղ Գյումրիում ամենամեծ խնդիրը` բենզինի՝ որպես թմրամիջոցի լուծիչ, օգտագործման տարածված լինելն է: Ավելին, այդ հարցում Երեւանը զիջում է Գյումրիին: Իսկ «Հոգեկան առողջության» կենտրոն դիմելու դեպքում էլ, ըստ նշյալ կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանի, թմրամիջոցից կախում ունեցող մարդիկ ցանկանում են ձերբազատվել ոչ թե կախվածությունից, այլ պարզապես բուժել, այսպես ասած՝ «շարքից դուրս եկած» օրգանները: «Այդ մարդիկ հասնում են սոմատիկ ծանր վիճակի, օրգանական համակարգերի ախտահարման, եւ մարմնապես շատ հիվանդ են լինում՝ սիրտը, երիկամները, լյարդը եւ այլն: Հատկապես երիկամի անոթները շարքից դուրս են գալիս»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Գյումրիի «Հոգեկան առողջության» կենտրոնի տնօրենը: Նրա հավաստմամբ՝ բենզոնիստների տարիքային խումբն այսօր երիտասարդացել է: Կենտրոն դիմում են պատանիները, 18-25 տարեկան երիտասարդները, ինչպես նաեւ` 30-35 տարեկան տղամարդիկ: Հարցին, թե արդյոք բենզոնիստների շարքում կա՞ն անչափահաս երեխաներ եւ կանայք, Ն. Վարդանյանը պատասխանեց. «Կանայք քիչ ունենք՝ 3-4 կին է դիմել, բայց դա չի նշանակում, թե թմրամիջոց ընդունող կանայք չկան, դիմողներն են քիչ: Մենք 2 կին ենք ունեցել, ովքեր բենզինով պատրաստված թմրամիջոց են օգտագործել: Նրանք մարմնավաճառներ էին, որոնք նորմալ ընտանիք չեն ունեցել, եւ պատահական կապերի ժամանակ են սկսել օգտագործել: Այդ կանանց ստիպել են օգտագործել նրանց զուգընկերները: Իսկ անչափահաս երեխաներ մեր կենտրոն չեն դիմել»: Կենտրոնի տնօրենի համոզմամբ՝ եթե նախկինում թմրամոլներին կենտրոն էին տանում իրենց հարազատները, ովքեր թմրամոլ ազգական ունենալու փաստը գաղտնի էին պահում, ապա այսօր թմրամիջոցներից կախում ունեցող մարդիկ ինքնակամ են ներկայանում կենտրոն: «Երկրի Նախագահի կողմից տրված համաներումից հետո շատ-շատերը վերադարձան կալանավայրերից: Այդ համաներումը, ցավոք, տարածվեց նաեւ թմրամոլների վրա, ու այդ լկտի խավը, կներեք, բայց ես ինձ թույլ եմ տալիս այդ բառն ասել, պատուհաս դարձավ մեր գլխին: Այդ թմրամոլներն իրենք իրենց եւ գիտակցականով, եւ ուղեղով, եւ մակարդակով ահավոր վատ մարդիկ են, եւ իրենք մեր կենտրոն գալիս են ոչ թե թմրամոլությունը բուժելու, այլ` որովհետեւ ստիպված են լինում` մարմնապես ի վիճակի չեն լինում դիմանալ,- նշեց զրուցակիցս՝ ավելացնելով,- Բենզոնիստները երկար կյանք չունեն՝ առավելագույնը 4-5 տարի են ապրում, բայց այդ ընթացքում ֆիզիկապես այնքան վատ վիճակում են հայտնվում, որ ստիպված` իրենց կամ բերում են, կամ իրենք են գալիս: Նրանք այնքան հյուծված տեսք են ունենում, եւ երեւում է, որ բենզին են օգտագործում՝ իրենցից փչում է այդ կեղտոտ հոտը»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ մեր երկրում թմրամիջոցից կախվածությունը բուժողի գաղտնիությունը երաշխավորված չէ: «Նարկոլոգիական դիսպանսերն ու Ոստիկանությունն իրար հետ այնքա՜ն են կապվել… ցավոք, այդտեղ օրենսդրական մեծ բաց կա: Նարկոլոգիական դիսպանսերը, որը հիմա միացել է նյարդահոգեբանական դիսպանսերին, որոշակի պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում ՀՀ Առողջապահության նախարարություն` տվյալ անձի տվյալներով՝ հասցե, անուն եւ այլն: Հարց է ծագում` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվա՞ծ է, արդյոք դա չի՞ տրվի Ոստիկանությանը: Ոստիկանության ծառայությանը կարող է տրվել այն դեպքում, երբ քրեական գործ է հարուցված: Մեզ մոտ այդ անցումը շատ լղոզված է, եւ մարդը երաշխիք չունի, որ երբ դիմի բուժման՝ խոսքը պետպատվերով բուժման մասին է, ապահովված կլինի իր անձի գաղտնիությունը: Այդ իսկ պատճառով` բուժման արդյունավետությունը կտրուկ ընկնում է»,- նկատեց Ա. Սաքունցը, ըստ որի՝ պետպատվերով բուժման ծառայությունից օգտվողների թիվն ավելի քիչ է, քան բուժման համար նախատեսված տեղերի քանակն է, այլ կերպ ասած՝ տեղերը շատ են, օգտվողները՝ քիչ: Իրավապաշտպանի խոսքերով՝ վճարովի բուժման դեպքում անձի գաղտնիությունը որոշակիորեն պահպանվում է: «Հաջորդը մետադոնային փոխարինիչ բուժումն է, որը կրկին չունի իրավական նորմավորում: Դա կարող է փաստել մեր կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքը: Եթե բուժվելու ընթացքում (իսկ բուժվողը պարբերաբար անալիզներ է հանձնում) արյան անալիզի մեջ, բացի փոխարինող մետադոնից, այլ թմրամիջոց հայտնաբերվի, ապա այդ բուժվողին հանում են բուժումից: Իսկ ո՞վ է ստուգում. ոստիկանը, ով ուղղակի մասնակցում է մետադոնային փոխարինիչ բուժման գործընթացին: Ընդ որում, սա Երեւանում է կատարվում, քանի որ Հայաստանի մյուս շրջաններում մետադոնային փոխարինիչ բուժումը տարածված չէ»,- ասաց Ա. Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքերով՝ մինչ օրս թմրամիջոցից կախվածությունը դիտարկվում է որպես հանցագործություն, այլ ոչ թե հիվանդություն: Բուժման ուղղությամբ քայլեր կատարելու, հասարակության կողմից հոգատար վերաբերմունքի դեպքում, ըստ Ա. Սաքունցի, քաղաքացին ավելի շահագրգիռ կլինի բուժում ստանալու հարցում: «Սիստեմի ռեպրեսիվ բնույթը մարդուն մղում է կրկնակի հանցագործության: Ի վերջո, դա մեծ բիզնես է: Երբ պայքար է գնում թմրամիջոցի մուտքը դեպի քրեակատարողական հիմնարկներ արգելելու մասին, ուղղակի պլան են կատարում՝ զուտ ցույց տալու համար, թե մեծ պայքար է տարվում»,- նշեց իրավապաշտպանը, ում համոզմամբ՝ թմրամիջոցների պլանավորված ներմուծումը Հայաստան եւ քրեակատարողական հիմնարկներ, կալանավայրեր` շարունակվում է: Ըստ Ա. Սաքունցի՝ հակառակ դեպքում նարկոլոգիական դիսպանսեր չէին բացի 1-2 հոգու համար: Ի դեպ, իրավապաշտպանն առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների խնդրին պատահաբար առնչվել էր 2006-2007թթ., երբ պատահաբար տեղեկացել էր ներարկիչների փոխանակման ծրագրի մասին: «Քրեակատարողական հիմնարկներից մեկում նույն հիմնարկի բժշկի միջոցով իրականացվում էր ներարկիչների փոխանակման ծրագիր, այսինքն՝ դատապարտյալներին բաժանվում էր նոր ներակիչը, եւ դրա փոխարեն վերցնում էին օգտագործածը: Դա մեզ համար մի քիչ անակնկալ էր, քանի որ պաշտոնապես թմրամիջոցների օգտագործումը քրեորեն պատժելի արարք էր՝ դա մինչ ապաքրեականացումն էր, բայց միաժամանակ իրականացվում էր այդպիսի ծրագիր»,- նշեց Ա. Սաքունցը, ում փոխանցմամբ՝ երկրորդ կարեւոր էպիզոդը դատապարտյալների հիվանդանոցում նարկոլոգիական դիսպանսերի հիմնադրումն էր: Ըստ նրա՝ դիսպանսերի բացումն արդեն ենթադրում էր թմրամիջոց օգտագործողների որոշակի թվաքանակ, եւ հրատապ խնդիրներից պետք է լինի թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց օգնելը: «Բենզոնիստների հարցը բավական լուրջ է: Կադեինը կոակսիլից կամ նման նյութերից, դեղամիջոցներից առանձնացնելու քիմիական պրոցեսի ժամանակ օգտագործում են բենզին, որն այդ դեպքում որպես լուծիչ է հանդիսանում: Այսինքն՝ բենզինը՝ որպես քիմիական նյութ, այդ դեղորայքի հետ ներերակային ճանապարհով մտնում է օրգանիզմ, եւ 3 ամսվա ընթացքում քայքայում է օրգանիզմը: Եվ եթե այդ կախվածություն ունեցողին չես աջակցում՝ որպես շահառու, նա ամեն հնարի դիմելու է` թմրամիջոց գտնելու համար, ասել է թե՝ նա հայտնվում է թմրամիջոցից կախվածության մեջ, ինչը հանգեցնում է, բնականաբար, կենցաղային ամենաստոր պայմաններում նյութեր ձեռք բերելուն: Տվյալ պարագայում թմրամիջոց օգտագործողներին աջակցող անձինք լուրջ փողեր են աշխատում»,- նկատեց իրավապաշտպանը: Հարցին, թե որքա՞ն է թմրամիջոց օգտագործողների թիվը քրեակատարողական հիմնարկներում, Ա. Սաքունցը պատասխանեց. «Դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ վիճակագրությունը եւ ըստ դրա՝ բժշկական ծառայության մատուցման որակի բարձրացումը խնդրահարույց, չլուծված խնդիրներից մեկն է մեր քրեակատարողական հիմնարկներում: Նարկոլոգիական դիսպանսերը միայն հիմնարկն է, իսկ արդյո՞ք ստուգում են դատապարտյալների առողջական վիճակը: Միայն արտաքին բուժզննում է կատարվում, արդյո՞ք գրանցվում են բոլորի տվյալները, որ նա թմրամիջոց գործածող է կամ թմրամիջոցից կախում ունեցող անձ է՝ ես կասկածում եմ,- ասաց Ա. Սաքունցը՝ շարունակելով, «Ավելին ասեմ. թմրամոլների ցանկի մոտեցումը հետեւյալն է՝ Ոստիկանությունում կա ստվերային ցանկ: Ոստիկանության վրա հանցագործների բացահայտման պլան է դրված, եւ հենց որ նրանք ընդհանուր պլանը չեն կատարում, ստվերային ցուցակի որոշ անուններ հրապարակում են: Տարիներ առաջ Վանաձորում ներերակային ճանապարհով թմրամիջոց օգտագործողների թիվը մոտ 1200 էր: Իսկ նրանցից քանի՞սն է գրանցվել նյարդահոգեբուժական դիսպանսերներում: Հարցրեք՝ առավելագույնը` 10 հոգի: Իսկ որտե՞ղ են մնացած տվյալները. Ոստիկանությունում են, այլ ոչ թե առողջապահական հիմնարկներում»: Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ-ում թմրամոլների աճը պայմանավորված է հակաթմրամոլային քաղաքականության բացակայությամբ: «Հիպոթետիկ օրինակ բերեմ: Թող որեւէ մեկն ասի ինձ, թե դա բացառվում է: Ենթադրենք` Մեղրիից մի «Ջիփ» մակնիշի ավտոմեքենա է գալիս, որտեղ 1 պարկ հերոին կա, եւ այդ հերոին տանողն էլ իշխանական բուրգում լուրջ հովանավոր ունեցող մեկն է: Ո՞վ է կանգնեցնելու նրան»,- նշեց Ա. Սաքունցը, ում կարծիքով՝ մի երկրում, որտեղ բացակայում է քաղաքական կամքը, եւ համակարգը կոռումպացված է, կարող ես գտնել ցանկացած աղբ: «Բայց մենք խայտառակության առաջ ենք կանգնել՝ եթե հաց օգտագործողը կարող է վերարտադրվել, ապա թմրամիջոց գործածողն այլեւս իրեն սպառում է, եւ օրեցօր մարդկային նորագույն ռեսուրսներ են ներգրավում: Հասկանո՞ւմ եք սրա հետեւանքները: Դեպի ոչնչացում է գնում»,- ասաց զրուցակիցս՝ իշխանությանն առաջարկելով համալիր լուծումներով պայքարել այս խնդրի լուծման համար:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր փաստել, որ քրեակատարողական հիմնարկներում բենզինը թմրանյութի դեր է կատարում, ինչը նաեւ պատճառ է դարձել բանտերում մահացությունների թվի աճի: