Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` կապված հունիս ամսին UNESCO-ի` Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ: ԵՀՄՖ-ն կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների խորհրդարանների սրահներում, ինչպես նաեւ` «մշակութային ցեղասպանության» շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ն փորձելու է հասնել «մշակութային ցեղասպանություն» իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը եւ նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը: ԵՀՄՖ-ն կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օնլայն ստորագրահավաք «Նոյան Տապանի» կայք էջում` հետեւյալ հասցեով www.nt.am:
ԵՀՄՖ-ն դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին եւ կայք էջերին` խնդրանքով «Նոյան Տապանին» համանման կազմակերպել օնլայն ստորագրահավաք` տեղադրելով մեր բողոք նամակը: ԵՀՄՖ-ն դիմում է նաեւ Եվրոպայի եւ աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին եւ համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով: