Մահացել է Դոնարա Մկրտչյանը

19/07/2011

Քսան տարուց ավելի գտնվելով Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում` 70 տարեկան հասակում վախճանվել է Դոնարա Մկրտչյանը` 1970-80-ականների հայ թատրոնի, հեռուստատեսության եւ կինոյի սիրված դերասանուհիներից մեկը, Մհեր Մկրտչյանի երկու զավակների` Նունե եւ Վահագն Մկրտչյանների մայրը: Այդ մասին երեկ տեղեկացրել է թատերագետ Լեւոն Մութաֆյանը: 1941-ին Լենինականում ծնված Դոնարա Փիլոսյանը 1959-ին ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու 1963-ից մինչեւ 1982 թվականն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Հակում ունենալով դեպի վառ ու ցայտուն կատակերգական կերպարները, օժտված լինելով բնութագրի հրաշալի զգացողությամբ, դերասանուհին երկու տասնյակից ավելի կերպավորումներով է հանդես եկել ակադեմիական թատրոնում` մշտապես սիրվելով հանդիսատեսի կողմից: Դերասանուհին մեկ տասնյակից ավելի դերեր է խաղացել հեռուստատեսային թատրոնում, վարել բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ եւ ծրագրեր, որոնք ժամանակին մեծ ճանաչում եւ մեծ ընդունելություն ունեին: Նրան համամիութենական ճանաչում բերեց «Կովկասի գերուհին» ֆիլմը:

Գտնվելով Սեւանի հոգեբուժարանում` Դոնարա Մկրտչյանն այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին: Քսան տարի շարունակ նա փայփայում էր բեմ վերադառնալու երազանքը, երբեմն-երբեմն, հոգեկան պայծառացումների պահերին` հիվանդների համար հատվածներ խաղում իր խաղացած ու երազած դերերից: