Երեկ Երեւանի մամուլի ակումբը մրցանակներ է հանձնել իր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում 2010-2011թթ. լավագույնը ճանաչված լրագրողներին եւ լրատվական կազմակերպություններին: Հեռուստահեռարձակման լիցենզավորման 2010թ. մրցույթներին նվիրված հոդվածաշարի համար մրցանակ է ստացել «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը, լրագրողական հետաքննությամբ Ռաֆայել Բազիկյանի գրական ստեղծագործություններն ընթերցող հասարակությանը վերադարձնելու համար` «Առավոտի» լրագրող Մարգարիտ Եսայանը, բանավեճի մշակույթի զարգացման համար` «Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարը, իսկ այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման համար` «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր, բլոգեր Արթուր Պապյանը: «Ամեն տարի հուլիսի 18-ին երեւանյան ուշադիր` լրագրողական հանրությունը, եւ առհասարակ հանրությունը հետեւում է, թե այս անգամ ում կընտրի Երեւանի մամուլի ակումբը»,- երեկ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ավելացնելով, որ հաջողությունն ընդգծելը դրական երեւույթ է եւ բարձրացնում է ուղենշային չափորոշիչները, նպաստում ոլորտի զարգացմանը: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշել է, որ հաստատուն չեն մրցութային անվանակարգերը, այլ ամեն տարի ընտրվում են` հաշվի առնելով հասարակական զարգացումները: «Օրինակ, եկող տարի անվանակարգերում հաշվի առնված կլինի, որ խորհրդարանական ընտրություններ են եղել, եւ լավագույն լուսաբանումների համար մրցանակ նախատեսված կլինի, ինչպես այս տարի հեռուստահեռարձակման թեման էր հետաքրքիր եւ անվանակարգերում ընդգրկվեց»,- ասել է Նավասարդյանը:
«168 Ժամը» շնորհավորում է մրցանակակիր մեր բոլոր գործընկերներին եւ լրատվամիջոցներին: