– Որքանո՞վ է հաջողվում պաշտպանել կամ վերականգնել մարդու իրավունքները:
– Այդ հարցը կբաժանեմ երկու մասի՝ արդյոք գո՞հ եմ կատարված աշխատանքի արդյունքից՝ ոչ, արդյոք կարելի՞ է համարել, որ սայլը տեղից շարժվել է՝ այո: Կատարված աշխատանքին այսպիսի որակական գնահատական եմ տալիս: Աշխատանքի արդյունքը այն մակարդակի չի հասնում, որ կցանկանայի լիներ, եւ այն չէ, ինչ կարելի է ունենալ: Մենք հիմա աշխատում ենք տարեկան զեկույցի վրա, որն ամփոփում է 1 տարի 10 ամսվա մեր գործունեությունը, եւ այստեղ վերլուծելու ենք, թե որո՞նք են թերի կամ լավ չկատարված աշխատանքի արմատական պատճառները: Կարծում եմ՝ պատճառներից մեկը վատ վարչարարությունն է: Այն է՝ յուրաքանչյուր պաշտոնյա եւ քաղծառայող իր գործունեությունը պետք է ծավալի օրենքով սահմանված կարգով:
– Շատերը գտնում են, որ ընտանիքի անդամները միասին չպետք է աշխատեն: Ձեր նախկին աշխատանքում Ձեր ամուսինը Ձեզ օգնում էր, հավանաբար Դուք այդ շատերի կարծիքին չեք:
– Ինձ թվում է, ոչ թե ամուսինս էր ինձ օգնում, այլ ես էի նրան օգնում այդ դժվարին աշխատանքում: Կազմակերպությունը, որտեղ մենք աշխատում էինք, կոչվում էր` «Անօրինական ձերբակալված, առեւանգված եւ պատանդված մարդկանց իրավունքների պաշտպանություն», ավելի կարճ անվանումն էր՝ «Պատանդների պաշտպանության ֆոնդ»: Ռուսերեն դա հնչում էր այսպես «Ֆոնդ «Պրոտիվ պրավավոգո պրոիզվոլա»»: Հետագայում օրենքը փոխվելուց հետո մենք հենց այդ անվանումը թարգմանեցինք՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն: Վերը նշված երկար անվանումը պատահական չէ, որ արտասանեցի, պատկերացում տալու համար, թե ինչպիսի հարցերով ենք մենք զբաղվել: Դա 90-ականների ծանր ժամանակներն էին, եւ իմ ամուսնու դերն այդ գործում շատ մեծ էր եւ՛ որպես Գերագույն Խորհրդի պատգամավոր, եւ՛ որպես փախստականների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ: Նման հարցերում ես միայն կարող էի հանդես գալ որպես նրա օգնական, մանավանդ, երբ պետք էր հանդիպել պատերազմական իրավիճակում գտնվող երկրների բանակների ղեկավարների հետ: Պետք է հիշեցնեմ, որ այս կազմակերպության առաջին ղեկավարը եղել է փիլիսոփայության գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը, որն էլ իմ քեռու տղան է: Այսինքն` հարազատների ու մտերիմների փոխադարձ աջակցությունը, գոնե ինձ համար, «կոմֆորտ է եւ ոչ թե դիսկոմֆորտ»:
– Ձեր ամուսինը դեմ չէ՞ր միասին աշխատելուն:
– Ըստ հայկական հոգեկերտվածքի, իհարկե, նման խնդիր կար, որ արդյո՞ք կինը հասարակական աշխատանքում պետք է այդքան ընդգրկված լինի: Իսկ միտինգների ժամանակ էլ ամուսինս բարկանում էր` ասելով, որ ես քիչ եմ մասնակցում միտինգներին, քանի որ ինքն ազատագրական պայքարի մեծ նվիրյալներից էր: Կապ չունի, որ ամուսիններից մեկը կազմակերպության նախագահն է, իսկ մյուսը` գործադիր տնօրենը, միեւնույն է, գործի մեջ կարգապահությունն անհրաժեշտ է՝ կապված փաստաթղթերի եւ այլ բաների հետ: Չի կարելի ասել` «Դե լավ, հավատում եմ, վստահում եմ», այսինքն՝ աշխատանքային կարգապահությունը պարտադիր է: Ամուսինս ՀՀՇ-ի ցուցակով ընտրված պատգամավոր էր, իսկ ես համակարծիք չէի այն ժամանակվա վարվող քաղաքականությանը, բայց մենք այդ արգելքը եւս հաղթահարեցինք, եւ բուռն քննարկումներն ու տարակարծությունները տուն չտարանք: Այնպես որ, եթե ամուսինները միասին են աշխատում, տարաձայնություններն անխուսափելի են. լինի դա քաղաքական, թե հասարակական աշխատանք: Իհարկե, աստված փրկել է ինձ՝ քաղաքական ոլորտի աշխատանքից զերծ պահելով:
– Չե՞ք կարծում, որ այդ ամենը հայ կնոջ խոհեմության արդյունք է:
– Երբեմն հոգեկերտվածքին ինչ ասես ասում են, բայց այս դեպքում հենց այդ հոգեկերտվածքն ուղղակի փրկություն է: Եթե մենք միշտ լսենք մեր ներքին ձայնին, կգործենք խոհեմ, միաժամանակ՝ սկզբունքային: Այսինքն, այստեղ սկզբունքայնության խնդիրը չէ, այլ այն, թե ինչպես ես տեր կանգնում քո սկզբունքներին, մատուցում դրանք, ու որքանո՞վ են համոզիչ: Ամուսինների նույն տեղում աշխատելը պահանջում է երկուստեք նրբանկատություն, իսկ կնոջից՝ նաեւ զգոնություն:
Ես նաեւ այդ տարիների ընթացքում սովորեցի, թե ինչպես տարակարծություններն ու տարաձայնությունները չբերել տուն, ընտանիք: Ի դեպ, շատ լավ դպրոց էր` ոչ միայն ամուսնուս, այլ ուրիշ մեկ այլ կարծիքի տեր մարդուն հասկանալը եւ ընդունելը ոչ թե որպես թշնամու, այլ` հաշվի առնելով, որ կան այլ կարծիքներ եւս: Չեմ կարող ասել, թե ես դրա համար դեղատոմսեր ունեմ, երեւի այդ ճանապարհը պետք է յուրաքանչյուրն անցնի: Միայն մի բան լավ գիտեմ՝ համբերությունն ու հարգանքը պետք է ուղեկցեն այդ ճանապարհին, ու ցանկացած աշխատանք պետք է սիրով կատարել:
– Ակտիվ գործունեությունը Ձեր ծագման հետ կապ ունի՞:
– Իմ տոհմի նախնիները շատ աշխույժ ու աշխատասեր մարդիկ են եղել: Նրանք անմիջապես արձագանքում էին իրենց շրջապատի մարդկանց հետ կատարվող լավ կամ վատ իրադարձություններին: Ես` լինելով տան ամենափոքրը, միայն դա եմ տեսել ու սովորել: Մեր ընտանիքը կարծիքներ հայտնելիս շատ լիբերալ էր մտածում, նույնիսկ, եթե ընտանիքը դրանից տուժում էր: Իմ ազգակիցները, որոնք Ստեփանակերտում, Թաղավարդում կամ Ավետարանոցում են, բոլորն էլ էներգիայով, ուժ ու եռանդով լեցուն մարդիկ են: Այս տարի 90 տարեկանում, ցավոք, կյանքից հեռացավ մայրս, որի մահը ես համարում եմ վաղաժամ, որովհետեւ նա այնքան մեծ ներուժ ուներ: Անգիր գիտեր «Աբու-Լալա Մահարի»-ն, ընթերցում էր Վարուժան, գրում բանաստեղծություններ եւ աքրոստիկոսներ, նվիրում մարդկանց: Այսինքն, այդ էներգետիկան ժառանգություն է, որն ինձ անցել է իմ նախնիներից, եւ ես դրա համար շատ շնորհակալ եմ: Այստեղ ահա խոսում են Ղարաբաղի արմատները, եւ երեւի թե տեղին է հիշել Քերոլայն Քոքսի խոսքերը. «Ես գալիս եմ Ղարաբաղ էներգիա հավաքելու: Շնորհակալ եմ, որ կարող եմ գալ եւ ստանալ այդ էներգիան»: Եվ հայրս, եւ մայրս Ղարաբաղից են, ինչը, չնայած ուզում են վատ ենթատեքստերում օգտագործել, բայց միեւնույն է, ես շարունակ հպարտանում եմ, որ ես ղարաբաղցի եմ:
– Ձեր ընտանիքի անդամներն ուշադրության պակասից չե՞ն բողոքում:
– Ուշադրության պակասից երեւի ավելի շատ կբողոքեն աղջիկներս, չնայած ամուսնուս համար էլ հեշտ չէ: Միշտ տան կնոջից ֆիզիկական մեծ լարում է պահանջվում՝ ընտանիքի բոլոր անդամների կենցաղային խնդիրները լուծելու համար: Երբ ինձ հարցնում են, թե ես ինչպե՞ս եմ հասցնում, պատասխանում եմ՝ «Իսկ ես չեմ հասցնում»: Ես չեմ գտնում, որ հասցրել եմ հավասար ժամանակ տրամադրել եւ՛ իմ ընտանիքին, եւ՛ աշխատանքին: Նման դեպքերում միշտ մի թեւը տուժում է: Տվյալ դեպքում տուժողն իմ ընտանիքն է եղել: Չնայած, երբեմն, ինձ սփոփելու համար գտնում եմ, որ կարեւորը երեխաներիս հետ անցկացրած ժամանակի որակն է, քան քանակը: Այնուամենայնիվ, երեխաների մի տարիք կա, երբ ծնողն ավելի շատ ժամանակ պիտի հատկացնի երեխային, քան դա արել եմ ես: Եթե ինձ թույլ տրվեր խորհուրդ տալ ծնողներին, ես միայն դա կասեի, որ ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց դեռահաս զավակներին: Հիմա, երբ աղջիկներս արդեն մեծ են ու ինչ-որ խնդրի շուրջ տարակարծություններ են լինում, ես հասկանում եմ, որ դրա պատճառն անցած տարիների մեջ պետք է փնտրել: Ոչինչ անհետ չի կորչում: Կինը ոչ միայն իշխանության թեւերի մեջ պետք է հավասարակշռություն պահի, այլեւ ընտանիքի եւ աշխատանքի միջեւ:
– Հասցնո՞ւմ եք խոհանոցում լինել:
– Ես շատ եմ սիրում խոհանոցը: Նաեւ ընտանիքիս անդամներն են շատ սիրում, երբ ես խոհանոց եմ մտնում: Ես դա անում եմ վաղ առավոտյան, որովհետեւ շատ վաղ արթնացողներից եմ. այսպես ասած՝ «արտույտ» եմ: Շատ սիրով եմ պատրաստում եւ, առհասարակ, սիրում եմ ցանկացած գործի մեջ հոգի դնել: Նույնիսկ Աստվածաշնչում է ասվում, որ եթե անգամ սարեր ես շուռ տալիս, պետք է սիրով անես, այլապես արածդ գին չի ունենա: Դժվար թե մենք կարողանանք ավելի իմաստուն խոսքեր գտնել:
Ես ունեմ ճաշ պատրաստելու իմ մեթոդը, որը ես ինտենսիվ եմ համարում: Այսինքն, եթե սոխեռածը պատրաստվում է, ես այդ ընթացքում մի այլ բան եմ անում, իսկ այդպես ավելի արագ է ստացվում, քան թե ճաշի համար նախապատրաստական աշխատանքներ անես: Չեմ կարող ասել, որ ինձ ամեն օր է հաջողվում ճաշ պատրաստել: Բավական երկար տարիներ իմ փոխարեն դա անում էր մայրս: Ժամանակ լինելու դեպքում սիրում եմ նաեւ զբաղվել տնային այլ գործերով՝ դասավորել, մաքրել, կարգավորել եւ այլն: Այդ ժամանակ ես հասցնում եմ մտածել, այդպիսով համատեղելով օգտակարն ու հաճելին:
– Ձեր արտաքին տեսքով զբաղվողներ կա՞ն, թե՞ ինքներդ եք դա անում: Ձեր աղջիկները խորհուրդներ տալի՞ս են:
– Ոչ, հատուկ զբաղվողներ չկան: Պետք է ասեմ, որ ես էի աղջիկներիցս խորհուրդ հարցնում, նույնիսկ երբ նրանք դեռ փոքր էին: Շատերը կարծում էին, թե ես կատակ եմ անում, բայց ես դա անում էի ամենայն լրջությամբ: Իմ հագնվելու ոճը կարծես վաղուց արդեն գտել եմ, որն էլ ավելի հարմար է իմ աշխատանքին ու էությանս: Ես ինձ չեմ պատկերացնում այլ ոճի մեջ կամ մազերի բարդ սանրվածքով: Եվ, ընդհանրապես, գտնում եմ, որ ամեն ինչում երանելի է գտնել չափը՝ ինչ եւ ինչքան: Ցանկացած կնոջ պետք է հետաքրքրի գեղեցիկ երեւալու խնդիրը, անկախ դիրքից, պաշտոնից ու վայրից: Այսինքն, չեմ կարծում, թե իմ ամուսինն ու երեխաներն ավելի քիչ պատիվ պետք է ունենան տեսնելու ինձ լավ տեսքով, քան դրսի մարդիկ: