Բուժիչ նամակներ

19/07/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Կամելիա

Հայտնի է, որ 18-րդ դարի սկզբում չեխ բուսաբան Գեորգ Յոզեֆ Կամելիուսը Ֆիլիպիններից Եվրոպա բերեց գեղեցիկ դեկորատիվ բույսեր։ Դրանք թեյազգիների (Theaceae) ընտանիքին պատկանող Camellia sinensis եւ Camellia Japonica-ն էին։

Կամելիաներն արեւադարձային եւ մերձարեւադարձային բնական գոտիներում աճող բույսեր են` թվով մոտ 80 հատ։ Բնական պայմաններում կամելիաներն ունեն թփի կամ ծառի տեսք, 2-20 մ բարձրությամբ։ Չինական կամելիան կամ նույն ինքը` թեյի թուփը կամ թեյի ծառը, այն բույսն է, որի տերեւներից մենք պատրաստում ենք հայտնի բուրումնավետ ըմպելիքը։ Ի տարբերություն կամելիա ճապոնականի` դրա ծաղիկները շատ բուրումնավետ են։ Չինական կամելիան հնուց հայտնի է որպես կարեւորագույն դեղաբույս։ Սակայն քչերը գիտեն, որ թեյի ծառի եթերային յուղը նույնիսկ լուծված (1։250) ջրի մեջ ունի արտահայտված հակամանրէ ազդեցություն, այն ակտիվ է մանրէների, սնկերի դեմ եւ, ինչպես հայտնի է, ունի դրական ազդեցություն իմունային համակարգի վրա։

Առաջին գրավոր հիշատակությունը կամելիա ճապոնականի մասին (Ք.հ. 1-ին դար) պատմում է, որ «Կարմիր դաշտ» կոչվող վայրում նահանգապետը պատժել է ավազակներին կարմիր ծաղիկներ ունեցող կամելիայի փայտանյութից պատրաստված մահակներով։ Կա նաեւ տեղեկություն այն մասին, որ Ք.հ. 7-րդ դարում Տեմու կայսրին ներկայացրել են նոր հայտնաբերված կամելիայի սպիտակ ծաղիկները։ Ճապոնիայի լեռներում աճում է C.Sasanqua տեսակը, որը փոքր է չափերով, սակայն տալիս է առատ ծաղիկներ։ Ճապոնացի քրիստոնյաները կամելիան համարում են Քրիստոսի խորհրդանիշ, Նագասակիի եկեղեցին զարդաքանդակված է բույսի ծաղիկներով։

Հնուց հայտնի է, որ ննջարանում դրված կարմիր կամելիան ստեղծում է սիրո համար բարենպաստ մթնոլորտ։

Սենյակային տեսակները կարող են տարբերվել գույնով եւ ձեւով, որոնք չունեն հոտ եւ չեն առաջացնում անքնություն։ Կամելիան ունի այն առավելությունը, որ ծաղկում է տարվա ամենացուրտ ամիսներին` նոյեմբերից մինչեւ մայիս։ Գեղեցիկ են նաեւ բույսի տերեւները, դրանք էլիպսաձեւ են կամ երկարավուն ձվաձեւ, կաշվեպատ, փայլուն։ Աճում են միայնակ, զույգերով կամ եռյակներով` կարճ կոթունների վրա։ Տերեւների երկարությունը 3-17 սմ է։ Կամելիա ճապոնականի կենսաբանորեն ակտիվ նյութերը կենտրոնացած են ծաղիկների մեջ, ունեն կապող, տոնուսը բարձրացնող, արյունարգել հատկություն։ Կան տեղեկություններ, որ բույսի բոլոր մասերն օգտագործվում են հակաուռուցքային միջոցներ ստանալու համար։

Ծաղիկների թուրմը կիրառում են արյունահոսությունների ժամանակ։

Թոքախտի դեպքում Կամելիայի 1-2 ծաղկին ավելացրեք 200 մլ սառը ջուր, 20-30 րոպե եփեք, վերցրեք կրակից եւ անմիջապես քամեք։ Օգտագործեք մեկական ճ/գ, օրը 4-5 անգամ։

Լվացեք մազերը կամելիայի տերեւների թուրմով (2 ճ/գ` 500 մլ եռջուր)։ Մազերը կդառնան թավշյա, կստանան գեղեցիկ փայլ եւ նուրբ բուրմունք։

Արոմաթերապիա

Բուրումնավետ յուղերը պատրաստվում են բնական նյութերից։ Գեղարարական միջոցների այս խումբը ոչ միայն հանգստացնում է մաշկը, հարթեցնում կնճիռները կամ վերացնում անցանկալի բշտիկները, այլեւ վերացնում է դրանց պատճառները։

Եթերային յուղերի օգտագործման դեպքում առնվազն 1,5 ժամ չի կարելի դուրս գալ տնից, քանի որ կարող են առաջանալ անցանկալի պիգմենտային պուտեր։

Չինական կամելիայի եթերային յուղերը օգտագործեք հետեւյալ դեպքերում.

– Չոր մաշկի կնճիռները հարթեցնելու համար։

– Ճարպոտ մաշկը հանգստացնող միջոց։

Կարելի է նաեւ պատրաստել դեմքի մաշկը մաքրող յուղ. 50 մլ բուսայուղին ավելացրեք երեքական կաթիլ կիտրոնի, չինական կամելիայի եւ լավանդայի եթերային յուղեր։

Նորմալ մաշկի դեպքում օգտագործեք կնճիռները հարթեցնելու համար։

Հետեւյալ միջոցը կիրառելի է բոլոր տեսակի մաշկերի համար. Երեքական կաթիլ նարնջի, կամելիայի, խորդենու եթերային յուղերը լուծեք 10 մլ էթիլային սպիրտի մեջ եւ ավելացրեք 90 մլ զտված ջուր։ Պահեք մուգ, ապակե տարայի մեջ։ Պարբերաբար թափահարեք։

Մազերի խնամքի համար. Ճարպոտ թեփի դեպքում օճառահեղուկին ավելացրեք 3 կաթիլ հազրեվարդի, 2 կաթիլ կիտրոնի, մեկական կաթիլ կամելիայի (թեյի ծառի) եւ իլանգ-իլանգի (cananga odorata) եթերային յուղեր։

Եղունգների խնամքի համար. Խառնեք մեկական ճ/գ ծլած ցորենի, վաղենակի, նուշի յուղերը, ավելացրեք 5-ական կաթիլ նարդոսի, կիտրոնի, ուրցի, կամելիայի եւ եղեսպակի եթերային յուղերը։

Ամրացնում է եղունգները, հաղորդում փայլ, ունի հակասնկային, հակաբորբոքային ազդեցություն։ Օգտագործեք շաբաթը 1-2 անգամ, 2-3 կաթիլ քսեք եղունգներին, մանիկյուրից առաջ։