Թանկ ու էժան կյանքը մեր

16/07/2011

Երեւանն իր թանկությամբ 214 քաղաքների շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը։ Այդ մասին նշում է «Մերսեր» հետազոտական կենտրոնը, որը պարբերաբար հրապարակում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը։ Ըստ «Մերսերի», Երեւանում ապրուստն ավելի մատչելի է, քան Բաքվում (որը ցանկում զբաղեցնում է 48-րդ տեղը), սակայն ավելի թանկ է, քան Թբիլիսիում (191-րդ տեղ)։ Ամենաթանկ քաղաքներն են Լուանդան (Անգոլա), Տոկիոն (Ճապոնիա) եւ Նջամենան (Չադ), իսկ ամենաէժանները՝ Լա Պասը (Բոլիվիա), Մանագուան (Նիկարագուա) եւ Կարաչին (Պակիստան)։ Նշենք, որ նախորդ տարի Երեւանն այս ցանկում 170-րդ տեղում էր։ Այս տարի Երեւանը 3 հորիզոնականով բարձրացել է, այսինքն՝ ըստ «Մերսերի», դարձել է ավելի թանկ քաղաք։ Ի դեպ, հայաստանյան ԶԼՄ-ներից մի քանիսը, ամենայն հավանականությամբ, շփոթվել էին, եւ ցանկում վեր բարձրանալը հակառակ կերպ էին ընկալել։ Արդյունքում` ողջ ինտերնետային մամուլը երեկ հեղեղված էր լուրերով՝ «Երեւանում ապրուստն էժանացել է» խորագրերով։ Ընդամենը հիշեցնենք, որ անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն, 12-ամսյա գնաճը մեր երկրում կազմում է 9%։