Պուտինը չի թույլատրի

16/07/2011

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Բրենդա Շեֆերը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, ասել է, թե կան մի շարք «պահեր», որոնք թույլ չտվեցին Կազանում ստեղծել անհրաժեշտ պայմաններ` հակամարտության կարգավորման համար: «Դրանցից առաջինը վերաբերում է Պուտինին ու Մեդվեդեւին: Ես չեմ կարծում, թե Պուտինը Մեդվեդեւին կթույլատրի այդպիսի նշանակալից բեկում գրանցել իր նախագահության շրջանակներում: Երկրորդն այն է, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է այդ հակամարտության կարգավորմամբ: Քանի դեռ Հարավային Կովկասի հակամարտությունն ամբողջովին կարգավորված չէ, դա լավ լծակ է հանդիսանում Ռուսաստանի համար»,- ասել է Շեֆերը: Նույն գործակալության հետ զրույցում ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն, Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնն ասել է. «Ակնհայտ է, որ Կազանի հանդիպումը չպսակվեց հաջողությամբ: Դա բազմաթիվ հանդիպումներից մեկն էր: Գործընթացը շարունակվում է, եւ անհրաժեշտ է կարգավորել այդ գործընթացը: Հուսով եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում կանեն վերջին մի քանի քայլերը հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը հասնելու համար, որպեսզի դրանից հետո էլ սկսվի աշխատանքը հակամարտության կարգավորման դետալների վրա: Երկու երկրների առաջնորդները կարող են խնդրի լուծման դեպքում մեծ վստահության արժանանալ իրենց ժողովուրդների կողմից»: