Ահազանգը տեղ է հասել

11/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նուբարաշենում հաճախ են ավտովթարներ տեղի ունենում: Պատճառը՝ ճանապարհային երթեւեկության նշանների, լուսացույցների, գծանշումների բացակայությունն է: Բնակիչները վկայում են, որ Նուբարաշենում գտնվող ՊՆ N բանակային կորպուսի որոշ սպաներ՝ իրենց ծառայողական եւ անձնական օգտագործման ավտոմեքենաներով վայրենու պես են մեքենաները վարում՝ չենթարկվելով երթեւեկության տարրական կանոններին: Իսկ հետիոտնի համար նախատեսված մայթերը դարձրել են իրենց մեքենաների կայանատեղին: Երբ համայնքի բնակիչները նախկին թաղապետ Ռոբերտ Ասատրյանին խնդրել են տեխնիկական նշանների եւ կանգառների տեղադրում կազմակերպել, վերջինս պատասխանել է՝ «Հո ես ձեր համար գայըշնի՞կ չեմ»: Ներկայիս թաղապետ Մհեր Հովհանիսյանը ճանապարհներն ասֆալտապատել եւ կանգառներ է կառուցել, լուծել է համայնքի արտաքին լուսավորության խնդիրը: Բնակիչները մեզ հետ զրույցում վկայում են, որ համայնքում առկա երկու դպրոցների աշակերտների կյանքը վտանգի տակ է. «Եթե խաչմերուկում լուսացույց չկա, ինչպե՞ս մեղադրես վարորդին, կամ երեխան ո՞նց կողմնորոշվի` փողոցն անցնե՞լ, թե՞ ոչ»: 2004 թ. Նուբարաշենի մի բնակիչ դիմում-բողոք է գրել ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին: Քաղաքացին անդրադարձել է Էրեբունի զանգվածից մինչեւ Նուբարաշենի խճուղի ընկած հատվածում առաջացող արհեստական խցանումներին եւ նշել է, որ այս հանգամանքին չեն արձագանքում տվյալ տարածքում ծառայությունն իրականացնող Պետավտոտեսչության աշխատակիցները: Դիմում-բողոքին պատասխանել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պետավտոտեսչության բաժնի պետ Մ. Օհանյանը. «Ավտոտրանսպորտի երթեւեկությունը նշված հատվածում կարգավորելու նպատակով մարտ ամսից շաբաթ, կիրակի օրերին ՊԱՏ բաժնի կողմից կազմակերպվում են համապատասխան միջոցառումներ: Գրություններ են ուղարկվել իրավասու գերատեսչությունների եւ կազմակերպությունների ղեկավարներին՝ վերը նշված վայրում շինարարական աշխատանքները շուտափույթ ավարտելու նպատակով»: Մինչդեռ 2004թ. դիմում-բողոքի պատասխանը մինչ օրս չի իրականություն չի դարձել: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ս. Աֆյանն ասում է, թե դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Նուբարաշենի բնակիչը, հույսը չկտրելով, 2005թ. կրկին դիմում է գրում ՀՀ ոստիկանապետին: Դիմումին այս անգամ պատասխանում է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ս. Աֆյանն՝ իր հերթին խոստանալով. «Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊԱՏ բաժնի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը՝ Նուբարաշենի տարածքում ճանապարհային նշանների տեղադրման եւ հորիզոնական նշագծումների կատարման կապակցությամբ ՀՀ Ոստիկանության ՄՄՇ (մասնագիտացված մոնտաժային շահագործման) վարչությանը հանձնարարություն տալու համար»: Դիմումի այս պատասխանը եղել է օգոստոսին, սակայն մինչեւ հիմա դարձյալ ոչինչ չի արվել: Զանգահարելով ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայություն՝ լրատվության բաժնի պետի տեղակալ Մուշեղ Կրոյանին, խնդրեցինք մեկնաբանել Նուբարաշենի ճանապարհային երթեւեկության անկանոն վիճակը: Նա խոստացավ համապատասխան բաժնի ղեկավարի հետ հարցազրույց կազմակերպել, իսկ հաջորդ օրն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ նույն օրը, ահազանգելուց հետո արդեն սկսվել են տեխնիկական նշանների տեղադրման աշխատանքները: Վերջինս հավաստիացրեց, որ ամենաուշը 10 օրվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: