Սկանդալ «Երեւան-Պլազայում»

16/07/2011

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություն է անցկացրել Մոսկվայում, «Երեւան-Պլազա» առեւտրա-ժամանցային կենտրոնի սեփականատիրոջ ընկերությունում, եւ գտել փաստաթղթեր, որոնք ապացուցում են ռուս պաշտոնյաների մասնակցությունը խոշոր ֆինանսական մեքենայություններին:

Խուզարկությունն իրականացվել է համալիրի կառուցման ընթացքում հայտնաբերված խախտումների առնչությամբ: Հատուկ ծառայությունները խարդախությունների մի ամբողջ շղթա են բացահայտել: Պարզվել է, որ շինարարությունը հովանավորել է ներկայում դատապարտված, մայրաքաղաքի Հարավային օկրուգի ղեկավար Յուրի Բուլանովը, իսկ համալիրի հաշվապահության միջոցով մոսկվացի պաշտոնյաները փողեր են լվացել:

Հաստատվել է, որ համալիրը կառուցվել է կոպիտ խախտումներով եւ ամեն վայրկյան կարող է փլվել մետրոյի վրա, հաղորդում է Life News-ը` վկայակոչելով իր աղբյուրները: Այն հատվածներում, որտեղ գետնի տակ մետրո է անցնում, գոյություն ունի շենքի ծանրության եւ զբաղեցրած տարածքի նորմ, այլապես հողը չի դիմանա ծանրությանը: Առեւտրային կենտրոնի զբաղեցրած ընդհանուր տարածքը այս նորմը գերազանցում է 10 հազար քառ. մետրով: Բացի դրանից, այն մասամբ զբաղեցրել է քաղաքի` իրեն չպատկանող տարածքը:

Անվտանգության աշխատակիցները խուզարկել են «Ստինկոմ գրուպի» կառավարող ընկերության տնօրեն Գենադի Ստեփանյանի` Լետնիկովսկի փողոցի վրա գտնվող գրասենյակը: Ստեփանյանի գրասենյակում քննիչները հայտնաբերել են իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցակներ, որոնց հովանավորչության համար պարբերաբար ֆինանսավորել է կենտրոնի ղեկավարությունը:

Հատուկ ծառայությունները նաեւ բացահայտել են Մոսկվայի կառավարության մի քանի պաշտոնյաների, ովքեր զբաղվել են կենտրոնի միջոցով փողերի օրինականացմամբ: Միլիոնները յուրացրել են փոխկապակցված ընկերությունների միջոցով եւ փոխադրել Չինաստանով:

Life News-ին հայտնի է դարձել նաեւ, որ քրեական գործը հարուցված է «Մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացման» հոդվածով։ Կասկածյալների թվում են հայտնվել «Մոսկվայի կառավարության՝ դեռեւս ինքնությունը չբացահայտված անձինք»։ Հասցված վնասի չափն այս պահին գնահատվում է շուրջ 1 միլիոն դոլար, սակայն այդ թիվը կարող է մեծանալ։

«Երեւան-Պլազայի» իրավաբանական վարչության պետ Օլգա Կուդրյավցեւան հայտարարել է, որ առեւտրային համալիրի գրասենյակներից ոչ մեկում քննչական գործողություններ չեն անցկացվել։ «Մեր ղեկավար ընկերությունը «ՍՏ-Դեւելոփմենթն» է։ Լետնիկովսկի փողոցի վրա մենք ոչ մի գրասենյակ չունենք»,- ասել է Կուդրյավցեւան։

Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչությունում խուզարկությունների վերաբերյալ մեկնաբանություններից հրաժարվել են՝ նշելով, որ դա ԴԱԾ-ի (Ղհը) իրավասության շրջանակներում է։ Իսկ Անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը դեռ չի շտապում իրականացված գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել։

«Ստինկոմ գրուպի» ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ Ստեփանյան ազգանունով մարդ իրենց մոտ չի աշխատում։ Սակայն «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքսի» տվյալների բազայում Գենադի Շագորի Ստեփանյանի անունը նշվում է որպես 5 ընկերությունների խումբ «Ստինկոմ գրուպի» (որի մեջ մտնում է նաեւ «Ստինկոմ սերվիսը») ղեկավար։

Ըստ Life News-ի, «Երեւան-Պլազայի» կառավարող ընկերությունն իրականում «ՍՏ-Դեւելոփմենթն» է, որը պատկանում է Շավլա Չնգրինսկուն։ Նշենք, որ tert.am-ի տվյալներով, «Երեւան-պլազայի» սեփականատերերից է նաեւ «Տաշիր գրուպը»: Կայքը հիշեցրել է, որ «Երեւան Պլազայի» հիմնարկեքին 2005թ. դեկտեմբերի 9-ին ներկա էին Երեւանի եւ Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետեր Երվանդ Զախարյանը եւ Յուրի Լուժկովը։ «Այդ նախագիծն իրականացրել են «Տաշիր գրուպը» եւ «Ստինկո գրուպը»։ Մոսկվայում 40 հազ. քմ մակերեսով այս առեւտրային կենտրոնի համար հատկացված տարածքի դիմաց Երեւանի քաղաքապետարանը Երեւանում քաղաքապետարանի դիմաց տարածք էր հատկացրել Մոսկվայի տան կառուցման համար»,- գրում է tert.am-ը։

Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով մենք փորձեցինք կապ հաստատել մոսկվահայ գործարար Գենադի Ստեփանյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Պարզաբանում ստանալու նպատակով մենք կապվեցինք նաեւ «Տաշիր գրուպ» ընկերության հետ, որտեղից մեզ պատասխանեցին. «Սստիպված ենք հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայաստանյան ԶԼՄ-ներով դեզինֆորմացիա է տարածվում, որում հիշատակվում է «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի անունը: Եթե նկատեք, նույնիսկ ռուսական Lifenews.ru կայքում, որից «Երեւան Պլազայի» մասին հայկական այդ ԶԼՄ-ները արտատպել են հոդվածը, ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, որը չեք տեսնի ռուսական թերթում: Պարզ է, որ դա տարածողները հետապնդում են մեկ նպատակ` վարկաբեկել «Տաշիր գրուպին» եւ նրա ղեկավարին: Իզուր ժամանակ են վատնում, փոխարենը լավ կլիներ որեւէ օգտակար գործով զբաղվեին: «Տաշիր գրուպը» կայացած եւ հեղինակավոր ընկերություն է ՌԴ-ում, եւ նման էժանագին հրապարակումները չեն կարող ազդել նրա վարկանիշի վրա»: