Ամառային այս թեժ օրերին կյանքը եռում է նաեւ կուսակցությունների կուլիսներում: Իհարկե, կուսակցությունների գրասենյակներ մտնելիս առաջին հայացքից թվում է, թե այնտեղ հանգիստ կամ արձակուրդային վիճակ է, սակայն կուսակցական, ավելի ճիշտ` արդեն նախընտրական կյանքն ակտիվ է հատկապես տարածքային գրասենյակներում:
Կուսակցություններում կատարելագործում են ընտրական, ավելի կոնկրետ` հնարավորինս շատ ձայներ բերելու տեխնոլոգիաները, մի քանիսը` նոր անդամներով են փորձում համալրվել: Իսկ այդ տեխնոլոգիաների թվում է նաեւ մարդաորսը, ինչը վերջին շրջանում կրկին ակտիվացել է: Եվ կուսակցությունները փորձում են իրենց շարքերում ներգրավել ոչ միայն «ազատ» մարդկանց, այլեւ միջկուսակցական մարդաորս են ծավալում` իրարից ակտիվիստ-անդամներ փախցնելով: Այս դեպքում էլ իշխանական կուսակցություններն, առաջին հերթին, աշխատում են հակառակ դաշտի ուժերի վրա: Նրանք փորձում են ընդդիմադիր կուսակցություններից անդամներ տանել` բնականաբար, որոշակի խոստումների դիմաց: Բայց քանի որ իշխանական կուսակցություններն ու իշխանություններն ընդհանրապես, մեղմ ասած, չեն վայելում հասարակության հարգանքը եւ համակրանքը, թե ընդդիմադիր դաշտից, եւ թե «ազատ» քաղաքացիներից դժվար է շատ մարդ հավաքագրելը: Ավելին, մարդիկ կան նույնիսկ, որ իրենց գրպաններում տարբեր կուսակցական տոմսեր ունեն: Այս պարագայում հատկանշականն այն է, որ իշխանական կուսակցությունները փորձում են միմյանցից մարդ փախցնել: Ընդ որում, առաջին հերթին, ընտրությունը կանգ է առնում հնարավորինս կարող, տվյալ համայնքում, մարզում, քաղաքում, գյուղում, թաղամասում որոշակի հարգանք-հեղինակություն-ճանաչում վայելող մարդկանց վրա: Ընտրում են այն մարդկանց, ովքեր իրենց հետեւից կարող են գոնե մի քանի հոգի բերել կուսակցություն, կամ գոնե կարող են մի քանի ընտրող ապահովել: Եվ այս առումով, որոշ տեղեկությունների համաձայն, հատկապես լուռ պայքար կա իշխող Հանրապետական (ՀՀԿ) եւ իշխանության երկրորդ ուժը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ: Պայքարի մեջ է մտել նաեւ «Օրինաց Երկիրը» (ՕԵԿ): ՀՀԿ-ն տիրապետելով վարչական լծակների գերակշիռ մասին` կարծես թե ավելի հանգիստ վիճակում է: Հավանաբար մտածում է, որ թե՛ ունեցած մարդկային, թե՛ վարչական ռեսուրսներով ընտրություններին կկարողանա իր ցանկալի արդյունքն ապահովել: Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն` վերջին շրջանում ՀՀԿ-ից հոսք կա դեպի ԲՀԿ: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անմիջապես իր տան այգում առանձնացրել է ընդունելությունների մի բացօթյա վայր, որտեղ էլ այցելուների հետ վարում է նախընտրական բանակցությունները: Եվ այդ այցելուների մեջ հաճախ են լինում նաեւ ՀՀԿ անդամներ` ՀՀ մարզերից եւ Երեւանի տարբեր համայնքներից: Նրանք ԲՀԿ-ից տարբեր խոստումներ են ստանում, այդ թվում` կոնկրետ աշխատանք տարբեր նախարարություններում, թաղապետարաններում, այլ գերատեսչություններում:
Եվ այս պարագայում այնպիսի տպավորություն է, թե ուժը կորցրած վիճակում է հայտնվել կոալիցիոն հուշագիրը, թե «կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Փոխարենը` միմյանց դեմ ակտիվ ստվերային քաղաքականություն է իրականացվում: Ներքաղաքական կուլիսներում խոսում են, թե չի բացառվում, որ մինչեւ ընտրությունները մի ստվար խումբ ՀՀԿ-ականներ մտնեն ՕԵԿ եւ ԲՀԿ: Հիշեցնենք նաեւ, որ թե՛ ԲՀԿ, թե՛ ՕԵԿ տարբեր անդամներ բազմիցս հայտարարել են, որ առանձին ցուցակներով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բոլորը դժգոհ են` թե՛ իշխանական աջակցությունը վայելող գործարարները, թե՛ նախարարները (նախարարություններում` գրեթե բոլորը, թե՛ վարչությունների պետերը, թե՛ մասնագետները), թե պատգամավորները: Իսկ այդ իշխանական համակարգի դժգոհ զանգվածը, բնականաբար, երբեւէ չի դառնա ծայրահեղ ընդդիմություն: Նույնիսկ ընդդիմադիր ՀԱԿ-ին չեն միանա: Հետեւաբար` նրանք տեղ են որոնում իշխանական կուսակցություններում` ԲՀԿ-ում եւ ՕԵԿ-ում:
Մամուլում օրերս հրապարակումներ կան, թե ՀՀԿ-ից, հատկապես` Արաբկիր եւ Ավան համայնքների տարածքային կառույցներից տասնյակ մարդիկ են դուրս գալիս: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում «իրականությանը չհամապատասխանող» համարեց այդ լուրերը: «Լավ եք, էլի, անլուրջ բաների համար չարժե ժամանակ ծախսել»,- ավելացրեց Ռ. Թադեւոսյանը:
Նրա խոսքերով, իրենց կուսակցությունում անընդհատ տեղաշարժ կա, մարդիկ են անդամագրվում, լինում են նաեւ դուրս եկողներ: Իսկ այսօրվա տվյալներով, նրա խոսքերով, ՀՀԿ-ն ունի մոտ 135 հազար անդամ: Ռ. Թադեւոսյանը, սակայն, չկարողացավ նշել, թե 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենց կուսակցությունը քանակական ի՞նչ փոփոխություն է կրել: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունում դեռ հաշվում են ու հաշվում: Անցած խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե ամեն տարի ու տարին մի քանի անգամ հարց ենք ուղղել, թե քանի անդամ ունի ԲՀԿ-ն: Կուսակցությունից միշտ պատասխանել են, թե` «դեռ հաշվում ենք»: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ կուսակցության պատասխանատուները հայտարարում էին, թե 400 հազար անդամ ունեն, բայց ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ ստացել են ընդամենը դրա կեսին հասնող քվեներ, սկսեցին թվերին ավելի «լուրջ» վերաբերվել, ընդհուպ` մինչեւ այն, որ այլեւս թիվ չեն նշում: ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, թե տարբեր խմբեր են անդամակցում իրենց կուսակցությանը, բայց տեղյակ չէ, թե որտեղից են գալիս: Երկու կուսակցություններից էլ մեզ հետ զրույցում չբացառեցին, որ իրենց որոշ անդամներ կարող են գնալ իշխանական մյուս կուսակցություն:
Իսկ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները բավական լարված են լինելու, կասկած չկա: Թեժ մրցակցություն է լինելու ոչ միայն իշխանության եւ ընդդիմության, այլ նաեւ իշխանական ուժերի միջեւ: 2007-ի ընտրությունների ժամանակ ավանդական ընդդիմությունն այնքան ծանրակշիռ կերպով չէր մասնակցում ընտրություններին: Իսկ ընդդիմադիր դաշտ անցած «Օրինաց Երկիր» կուսակցության հանդեպ անվստահություն կար, թե այդ կառույցն, այնուամենայնիվ, իշխանական նախընտրական ծրագիր է իրականացնում: Այս անգամ, թեեւ, ուժեղ ընդդիմություն կա, բայց պայքարը թեժ է լինելու նաեւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: ԲՀԿ-ն թեեւ կհայտարարի, որ ընտրությունների է գնում 50+1 հավաքելու համար, բայց իրականում կփորձի պայքարել խորհրդարանական երկրորդ ուժ լինելու համար:
Ի դեպ, վերջերս մի զրույցում պատմում էին, թե թվով մոտ 40 հասարակական կազմակերպություններ, որոնք ՀՀԿ-ի երիտասարդական թեւի հետ էին համագործակցում` անդամագրվելով այդ կուսակցությանը, մտադիր են լքել ՀՀԿ-ի շարքերը եւ մտնել նույնիսկ ՕԵԿ, քանի որ իրենց խաբված են զգում, իսկ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը եւ որոշ երիտասարդ ՀՀԿ-ականներ այսօր արդեն այնքան են «չաղացել», որ իրենց անտեսում եւ անկարեւոր են համարում:
Շատերը զարմանում են ՀՀԿ ղեկավարության` այս խնդիրների նկատմամբ քայլեր չձեռնարկելու դիրքորոշմամբ: Ոմանք էլ, սակայն, ասում են, թե Ս. Սարգսյանը պարզապես չի ցանկանում ժամանակից շուտ ռեսուրսները վատնել: Եվ վստահ են, որ, ի վերջո, ընտրությունների ժամանակ բոլոր ուժերը միանշանակ կանեն այնպես, ինչպես կորոշվի ՀՀ նախագահական նստավայրում:
Իրականում, բացառված չէ, նույնիսկ հավանական է, որ այս գործընթացն իրականացվում է Սերժ Սարգսյանի եթե ոչ ուղղորդմամբ, ապա գոնե լուռ համաձայնությամբ: Դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը չի տիրապետում իշխանական կուսակցություններում կատարվող գործընթացներին եւ կարող է թույլ տալ, որ դրանք տեղի ունենան` ի հաշիվ իր ապագա ծրագրերի: Թերեւս, ավելի հավանական է այն վարկածը, որ այս ճանապարհով Ս. Սարգսյանն ընդամենը դիվերսիֆիկացնում է իշխանական ռեսուրսը, նաեւ «ներքին մրցակցության» շնորհիվ` ընտրություններում առավելագույն ձայն ապահովելու նպատակով: Ի վերջո, նույնիսկ ԲՀԿ-ում, առավել եւս` ՕԵԿ-ում որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ իրենց նախընտրական ցուցակները չեն գրվելու նախագահական նստավայրում: Կամ, որ իրենք կարող են ցուցակներ կազմել` առանց նախագահականի հետ յուրաքանչյուր անունը համաձայնեցնելու: