Երեկ Հայաստանի երիտասարդ հոգեբանները, ովքեր «Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան հ/կ-ի անդամներն են, տարածել են մի հայտարարություն, որտեղ հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում օրեցօր աճող ինքնասպանությունների մասին: «Եթե նախկինում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարողները հասուն տարիքի ներկայացուցիչներ էին, ապա այսօր այդպիսի փորձ կատարողների մեջ գերակշռում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Ի տարբերություն հասուն տարիքի ներկայացուցիչների, ովքեր ինքնասպանության դիմում են հիմնականում սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, երիտասարդների դեպքում պատկերը փոխվում է՝ վերջիններս ավելի ընկալունակ են արտաքին անբարենպաստ ներգործությունների հանդեպ»,- ասված է հայտարարության մեջ: Երիտասարդ հոգեբանների կարծիքով՝ ինքնասպանությունների թվի մեծացմանը նպաստում են ԶԼՄ-ները, որոնցից հոգեբանները պահանջում են ուշադրություն դարձնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետին, ինչը խոսում է հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիության մասին: