«Տնտեսություն եւ արժեքներն»՝ ընդդեմ «Forbes»-ի

16/07/2011

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, նկատի ունենալով «Ֆորբս» ամսագրի բլոգում հրապարակման շուրջ հակասական արձագանքները, երեկ ներկայացրել է իր գնահատականը այդ հարցի առնչությամբ։ Մասնավորապես, նշելով, որ տնտեսության վարկանիշավորումը մի շարք սկզբունքների վրա հիմնվող գործընթաց է, որոնց պահպանմամբ է կանխորոշվում վարկանիշային վերլուծության որակը՝ կենտրոնի վերլուծաբանները հիշեցրել են, որ «Ֆորբսի» վարկանիշային վերլուծությունը հավակնում է չափելու տնտեսության «վատը» լինելու աստիճանը: Մինչդեռ, ըստ նրանց, «վատը» տնտեսագիտական սահմանում չունեցող գնահատական է: Կենտրոնի մասնագետներն ուշադրություն են հրավիրել նաեւ «Ֆորբսի» վարկանիշի համար օգտագործված ցուցանիշներին՝ նշելով. «Հաշվարկներում հեղինակն օգտագործել է դրանց 2009-2012թթ. միջին ցուցանիշները: Կանխատեսվող ցուցանիշները (2011-2012թթ.) բավականին մեծ դեր ունեն ընդհանուր գնահատականում, այնինչ ամենատարածված վարկանիշավորման մեթոդաբանություններում ավելի մեծ կշիռ է տրվում փաստացի ցուցանիշներին, քանի որ կանխատեսումներն ունեն ճշգրտության ավելի ցածր մակարդակ»:

«Ֆորբսը» նաեւ առանձին ցուցանիշների համար սահմանել էր տարբեր տեսակարար կշիռներ։ Կենտրոնի փորձագետների խոսքերով, այս կամ այն ցուցանիշը մեծ կշռով ընդհանուրի մեջ դիտարկելն էական ազդեցություն կարող է ունենալ պատկերի վրա, եւ կշիռները սովորաբար պատահականորեն չեն կիրառվում: «Մասնավորապես, շատ վարկանիշավորումներում տարբեր ենթացուցիչների կշիռները որոշվում են` ելնելով վարկանիշավորման առարկայի վրա դրանց ազդեցության մակարդակների էկոնոմետրիկ եւ այլ վերլուծություններից: Բացի այդ, ընդհանուր ցուցիչների կշիռների կազմման ժամանակ հաշվի է առնվում նաեւ տնտեսության զարգացման մակարդակը»,- նշված է վերլուծականում: Կենտրոնի մասնագետները հիշեցրել են, որ «Ֆորբսի» վարկանիշում ամենամեծ կշիռը տրված է ՀՆԱ աճի տեմպին (40%), եւ բավականին հետաքրքիր դիտարկում են արել. «Նման տրամաբանությամբ, եթե «Ֆորբսը» հայտարարեր աշխարհի 10 ոչ թե վատագույն, այլ լավագույն տնտեսությունները, ապա Աֆղանստանը, որը վերջին երկու տարիներին բարձր աճ է գրանցել, կզբաղեցներ առաջատար դիրքերից մեկը, մինչդեռ այն աշխարհի ամենաաղքատ երկրներից է եւ ունի Հայաստանից մոտ 5 անգամ ցածր բարեկեցության մակարդակ»:

Ըստ վերլուծականի՝ նման մոտեցման դեպքում, 2003-2007թթ. Հայաստանի տնտեսությունը պետք է համարվեր աշխարհի «լավագույններից» մեկը, քանի որ այդ տարիներին Հայաստանի տնտեսական աճը եղել է բավականին բարձր` եւ միջին գնահատականով աշխարհում 10-րդ դիրքն է գրավել: «Մինչդեռ, Հայաստանում հենց մինչճգնաժամային տարիներին կուտակված կառուցվածքային հիմնախնդիրների հետեւանքով է հիմնականում, որ տնտեսությունը նման սուր անկում ապրեց ճգնաժամի ազդեցության ներքո: Տնտեսական քաղաքականության եւ բիզնեսի կողմից ձեռնարկած քայլերի արդյունքները սովորաբար ի հայտ են գալիս մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների փոփոխության տեսքով որոշակի ժամանակային տարբերությամբ (լագով): Վարկանիշում միայն արդյունքային ցուցանիշների ներառման դեպքում նշված ժամանակային լագի էֆեկտն անտեսվում է»,- նշվում է վերլուծականում:

Իսկ ընդհանրապես, կենտրոնը հայտարարում է. «Տնտեսական քաղաքականությունը եւ բիզնեսը պետք է արձագանքեն հեղինակավոր վարկանիշավորումների կողմից բացահայտված հիմնախնդիրներին, եթե դրանք իրականացվել են համապատասխան փորձարկված եւ միջազգայնորեն ընդունելի մեթոդաբանությամբ եւ գործիքակազմով»:`