Քլինթոնը` Թուրքիայում

16/07/2011

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա, որտեղ` Ստամբուլում, այսօր մասնակցելու է Լիբիայի հարցով շփման խմբի երկրների արտգործնախարարների 4-րդ ժողովին: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության, ժողովի օրակարգում ոչ միայն Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիի վրա ճնշումը սաստկացնելու, այլեւ լիբիացի ապստամբների կազմած Անցումային ազգային խորհրդին ֆինանսական միջոցներով աջակցելու հարցերն են: Ինչպես տեղեկացրել է «Zaman»-ը, այցի ընթացքում Քլինթոնին կընդունեն ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Քլինթոնը հանդիպելու է նաեւ Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն Լիբիայի, այլեւ Սիրիայի խնդիրները: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, ամերիկացի օրենսդիրներին հետաքրքրում է, թե արդյո՞ք պետքարտուղարը կարծարծի Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարի տեղադրման հնարավորությունը` նախագիծ, որը հանրապետական սենատորները կտրականապես մերժում են: Այդ հարցով հանրապետական սենատորներ Ջոն Քյուլը եւ Մարկ Քըրքը հուլիսի 12-ին հատուկ նամակով դիմել են Հ.Քլինթոնին եւ պաշտպանության նորանշանակ նախարար Լեոն Փանեթային: Հիշեցնենք, որ անցյալ տարի Լիսաբոնում Թուրքիան պաշտոնապես հավանություն է տվել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի ծրագրին: Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կարծարծվի նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման թեման: Թուրքիայից Հ. Քլինթոնը կմեկնի Հունաստան, որտեղ հուլիսի 17-18-ը բանակցելու է նախագահ Կարոլոս Պապուլիասի, վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի եւ ԱԳ նախարար Ստավրոս Լամբրինիդիսի հետ: Դրանից հետո Քլինթոնը կմեկնի Հնդկաստան: Դա կլինի պետքարտուղարի արդեն երկրորդ այցը Հնդկաստան, ինչը վկայում է պաշտոնական Վաշինգտոնի եւ Նյու Դելիի համագործակցության խորացման մասին: