Երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շուշիում քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետներին։ Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Հռոմի եւ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին՝ ցուցաբերած պատրաստակամության եւ այն առաքելության համար, որ կիրականացվի Արցախում։ Ընդգծելով միջոցառման կարեւորությունը՝ Կ. Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն հրաշալի սկիզբ է եւ պետք է շարունակություն ունենա Երեւանում։ Քաղաքապետն առաջարկել է նմանատիպ միջոցառում անցկացնել նաեւ Երեւանում եւ ստեղծված քանդակները տեղադրել Իտալիայի փողոցում։ Նշելով աշխարհում Իտալական արվեստի մեծ համբավը եւ այդ արվեստի լավագույն ավանդույթները Հայաստանում կիրառելու պահանջարկը, քաղաքապետն առաջարկել է իտալացի մասնագետների ներգրավմամբ Երեւանում գեղարվեստի եւ դիզայնի դպրոց հիմնել։ Ողջունելով Երեւանի քաղաքապետի նախաձեռնությունները, իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ինչպես այս առաջարկները, այնպես էլ փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր։