Պարզաբանում

16/07/2011

Արարատ բանկի մամուլի ծառայությունը պարզաբանում է ուղարկել մեր թերթին` հուլիսի 14-15-ի «Սամվել Բաբայանն ու 40 պարտապանները» հրապարակման հետ կապված: «Ի պատասխան «168 Ժամ» թերթում տպագրված «Սամվել Բաբայանն ու 40 պարտապանները» հրապարակման, որտեղ նշվում է, թե «Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պարտքով գումար է վերցրել անգամգգ Բարսեղ Բեգլարյանին պատկանող Արարատ բանկից» (մեջբերում), տեղեկացնում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, ինչպես նաեւ նրա հետ փոխկապակցված անձինք, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վարկեր չունեն եւ երբեւէ վարկառու չեն հանդիսացել: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ ներդրված է վարկավորման եւ ռիսկերի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ, եւ Բանկը վարկերի վերադարձելիության հետ կապված խնդիրներ չունի»,- նշված է պարզաբանման մեջ:

Ավելացնենք, որ հրապարակման մեջ նշված էր, թե Ս. Բաբայանի պարտատերերը նրան գումարներ են տվել` նաեւ իրենց անշարժ գույքը տարբեր բանկերում գրավ դնելով եւ վարկեր վերցնելով: Եվ եթե Արարատ բանկից Ս. Բաբայանի հետ փոխկապակցված անձինք վարկեր չեն վերցրել, ապա դա չի նշանակում, որ նրա պարտատերերից ոմանք իրենց գույքի դիմաց նույն բանկից վարկեր չեն վերցրել: Ավելին, թերթի տեղեկություններով` Ս. Բաբայանը, Հայաստանի շատ պաշտոնյաների նման, իր սեփականության մեծ մասն իր անունով չի գրանցել: Այնպես որ, վարկառուների կամ գրավ դրված գույքի սեփականատերերի մեջ կարելի է նաեւ չգտնել Բաբայանին փոխկապակցված մարդկանց անուններ: