«Նրանք գիտեն՝ ինչ են անում»

15/07/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Տիգրա՛ն, անգամ մտավորականներն են սկսել ահազանգել` արտագաղթը սպառնում է վերածվել դեմոգրաֆիկ աղետի: Սակայն նրանց մտահոգությունն առայժմ, կարծես, անարձագանք է մնացել: Կամ, հնարավոր է, նամակները` ուղղված երկրի առաջին դեմքերին, դեռ տեղ չեն հասել:

– Արտագաղթը խնդիր է: Սարսափ է: Մղձավանջ է: Մտավորականների դերն այդ գործո՞ւմգ Եթե սկսել եք մտավորականների դերից, ուզում եմ հասկանալ` այդ բառը` մտավորական, չակերտներում դրե՞լ եք: Ես կդնեի: Մարդիկ, ովքեր լռում էին չարիքի մասին այն ժամանակ, երբ ազգը նսեմացվում էր, ոտնահարվում էին արժեհամակարգն ու արժեքները, հիմա զարմանում ու ահազանգում են: Ինչի՞ մասին:

– Կարելի է Ձեզ հակադարձել այսպես` հայ ժողովուրդն այն քիչ ժողովուրդներից է, ով արտագաղթի հարուստ ավանդույթներ ունի, ինչպես ասում են, դեռեւս վաղնջական ժամանակներից` անկախ նրանից` մտավորականները չակերտների մե՞ջ են, թե՞ ոչ:

– Բայց մենք նաեւ ներգաղթում էինք: 20-ական թվականներին, սարսափելի պայմաններում, երբ չկար Երեւանը (դա մի գյուղաքաղաք էր), երբ 600.000 փախստական կար, երբ երկիրը բռնաբարված էր (դա երկիր չէր, ցեղասպանությունից հետո տրոհված մի հողակտոր էր), մարդիկ, այնուամենայնիվ, ներգաղթում էին:

– Դա, թերեւս, ավելի շուտ ցեղասպանությանը հակազդելու միջոց էր:

– 20-ական թթ. արտագաղթն իրականացվում էր մի կողմից` ազգային երկրի կորստի` ԽՍՀՄ-ի ստեղծմամբ, մյուս կողմից` ցեղասպանության հետեւանքների պատճառով: Հիմա հակառակն է` ԽՍՀՄ-ի փլուզումից ու ազգային պետության գոյացումից հետո սկսվեց մի արտագաղթ, որի թվերը մոտ են ցեղասպանության թվերին: Ուրեմն` չի կարելի ուղիղ համեմատական տանել, թե մի՛շտ այդպես էր: Չէ՛, միշտ այդպես չէր: Ներգաղթն այսօր դարձել է քաղաքական որոշում:

– Գուցե տարբեր ժամանակներում արտագաղթի մոտիվները տարբեր են եղել: Սակայն փաստն այն է, որ հայ ժողովուրդը քրոնիկ դեմոգրաֆիկ խնդիր ունի: Մենք միշտ քիչ ենք:

– Երբ զգում եք պետություն ձեր ոտքի տակ, այլ ոչ թե տարածք, որտեղից ձեզ ամեն րոպե կարող են դուրս շպրտել ներսի (չեմ ուզում օգտագործել «թշնամի» բառը) մարդիկ, բնականաբար, ձեզ անպաշտպան եք զգում եւ փնտրում եք նախեւառաջ պաշտպանվածություն: Պարադոքս է. եթե մարդկության պատմության մեջ ազգային պետությունն առայսօր համարվում է ազգի պաշտպանության լավագույն միջոցը, մեր երկրում այդպես չէ. երկիրը` որպես պետություն, չի կայացել: Մենք ասում ենք` «Էս երկիրը երկիր չէ»: Չեն ասում` «Մեր երկիրը երկիր չէ»: Չեն զգում, որ երկիրը մերն է: Շատերն էլ կարծում են` մե՛նք ի վիճակի չենք պետություն ունենալու: Ո՛չ, սա պետություն չէ, մենք այս երկիրը պետություն չենք դարձրել, եւ գնալով մենք հեռացնում ենք երկրի` պետություն դառնալու հնարավորությունը:

– Կարելի՞ է Ձեր խոսքերից ենթադրել, որ անուղղակիորեն մեղադրում եք այն մարդկանց, ովքեր հեռանում են եւ չեմ մնում` «էս երկիրն» իրենցը դարձնելու համար:

– Ես բարոյական իրավունք չունեմ նրանց մեղադրելու: Երկրից հեռանալու հիմնական եւ, թերեւս, միակ պատճառը երկրի խայտառակ վատ կառավարումն է: Քաղաքական սպանությունները, քրեական, տնտեսական բազմաթիվ այլ հարցեր, այսպես թե այնպես, կապված են կառավարման հետ: Չեմ կարծում, թե հայերն իրենց ավելի պաշտպանված են զգում Ռուսաստանում, ուր օդանավակայանից սկսած` արդեն մտնում են համակենտրոնացման ճամբար հիշեցնող մի իրավիճակ: Կամ գնում են Ալթայի աքսորավայրերը, ուր ինչ-որ փողեր են ստանում եւ հանձնում են անձնագիրը` մտնելով գրեթե ստրկական վիճակի մեջ: Ո՛չ, պաշտպանված չեն ո՛չ իրենք, ո՛չ իրենց երեխաները: Խնդիրն այն է, որ իրենք այնտեղ, այնուամենայնիվ, պետություն ու պետականություն են փնտրում: Այն, ինչ չունեն այստեղ, որովհետեւ քանդված է եւ կառուցված չէ կառավարման համակարգը: Այս մարդիկ 17 տարի երկիրը խայտառակ վատ են կառավարում:

– Նրանք չեն կարող կառավարել, սակայն լուրջ դիմադրության չեն հանդիպում:

– Հանդիպո՛ւմ են: Ընտրությունները կեղծում են հենց այն պատճառով, որ կա այդ դիմադրությունը: Հակառակ դեպքում` կեղծված ընտրություններ պետք չէին լինի: 1991 թվականին մենք ունեցանք միակ չկեղծված ընտրությունները:

– Դուք բավականին քամահրանքով հիշեցիք «մտավորականություն» եզրը: Անգամ առաջարկեցիք բառը չակերտների մեջ վերցնել:

– Որովհետեւ իրենք կոնֆորմիստ են: Որովհետեւ մարդիկ են, ովքեր դավաճանեցին սեփական առաքելությունը` պաշտպանել ժողովրդի շահերը: Այն ժողովրդի (գյուղացիներ, բանվորներ, փոշոտ, անլվա մարդիկ), ում աշխատանքի շնորհիվ նրանք ավարտել են բուհերը, ստացել բարձրագույն կրթություն:

– Ի՞նչ պետք է անեին: Խնդրեմ, նամակ են գրել նախագահին, խնդրել են, որ կասեցնի արտագաղթը:

– Դա ծիծաղելի է: Երեւում է վատ դաստիարակությունը, վատ տոնը: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ լռում էին չարիքի մասին` իրենց լռությամբ նպաստելով չարիքի հասունացմանը, հիմա իրենք այդ չարիքին դիմում են` խնդրելով, որ այդ չարիքը իրենց իրենից պաշտպանի: Թույլ տրամաբանություն է: Դուք հասկանո՞ւմ եք` ո՞ւմ եք դիմում: Մարդկանց, ովքեր կեսլուրջ-կեսկատակ ասում են` թույլ տանք, որ մնան, հեղափոխությո՞ւն անեն: Ի դեպ, դա նոր գաղափար չէ: Կար մի գործիչ, ով մինչ օրս, կարծեմ, հետախուզման մեջ է…

– Նկատի ունեք Վանո Սիրադեղյանի՞ն:

– Այո՛: Նա ասում էր, որ մեզ այդքան մարդ պետք չէ. երկու միլիոնը բավարար է: Ավելի ո՛չ կարող ենք կերակրել, ո՛չ հլու պահել: Այսինքն` դա նոր միտք չէ, այլ հին է ու թթված, որքան մեր իշխանությունները:

– Հին ու թթված է, սակայն անկեղծ է: Գուցե անկեղծությո՞ւնը գնահատենք:

– Գիտեք, մարդասպանի, գողի անկեղծությունն էլ կարելի է գնահատել: Դա արդեն ճաշակի հարց է:

– Ի՞նչ եք կարծում, մտավորականին իր ձայնը տեղ հասցնելու համար անհրաժե՞շտ է անդամակցել որեւէ կուսակցության կամ հասարակական շարժման: Ի վերջո, անհատական նախաձեռնությունը կարող է անհամեմատ ազդեցիկ լինել:

– 21-րդ դարում, հատկապես Հայաստանում, կուսակցությունները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին: Հիմա դիմադրության հարցն է: Դիմադրությունը կուսակցական տոմս չի պահանջում: Ես, օրինակ, «Սարդարապատ» շարժման մասնակից եմ, տոմսեր եւ պաշտոններ չենք բաժանում:

– Խորհրդավոր դեմքով չե՞ք երդվում զենքի վրա:

– Ոչ զենքի, ոչ աղի եւ ոչ էլ նախագահի նկարի տակ: Երդվել կարելի է մեկ անգամ: Իսկ դիմադրության ձեւերը բազում են: Ամեն օր դիմադրում եք գայթակղություններին, չարին:

– Դուք դիմադրում եք, սակայն նա, ում ուղղված է այդ դիմադրությունը, չի նկատում դա:

– Ի՞նչ եք ասում, նկատում է: Մեր աչքի առաջ արաբական աշխարհում մարդիկ ամիսներ շարունակ դիմադրում էին: Մենք (խոսքը տասնյակ-հազարավոր մարդկանց մասին է) եւս ամիսներ շարունակ դիմադրում էինք, առաջին իսկ կանչով գալիս հրապարակ: Հետո տեսանք` ուր տարան կանչողները: Մարդկանց ծովը դարձրին լիճ. լիճը` ճահիճ:

– Ճահիճ դարձա՛վ:

– Ո՛չ, դարձրին: Ովքեր առաջնորդի դեր են վերցնում, մարդկանց հերթական անգամ հիասթափեցրին: Քաղաքական առաջնորդները մտավորականներ են, ում մարդիկ հերթական անգամ վստահեցին: Եվ մտավորականները, հերթական անգամ, դավաճանեցին իրենց ժողովրդին:

– Այսինքն` մտավորականությունն այն խավն է, որի վրա հենվելը զուր գո՞րծ է: Չեմ ուզում հղում անել Լենինին, ով այս թեմայով մի շարք գռեհկաբանություններ ունի:

– Իզուր չէ, որ տվեցիք Լենինի անունը: Մենք հիշում ենք ոչ թե մեր մտավորականներին` Կոմիտասին, Նժդեհին, Շահումյանին, Մյասնիկյանին, Խանջյանին, ովքեր դիմադրում էին, այլ հիշում ենք սովետական, կուզիկ, պենսնեով մի կերպար, որը շատ հարմար էր ստալինյան միությանը: Այս տեսակը բուծեցին` ընտելացված, ձեռքից կերակրվող: Մտավորականությունը սա չէ, այլ նախեւառաջ դիմադրություն է: Բերտոլդ Բրեխտի պիեսներից մեկում ողջ բեմադրության ընթացքում բեմի վրա գրված էր` «Նրանք գիտե՛ն` ինչ են անում»: Սա մի փոքրիկ «սրբագրում» էր Քրիստոսին, Ով ասաց. «Ների՛ր նրանց, Տե՛ր, որովհետեւ նրանք չգիտեն` ինչ են անում»: Եվ այն մտավորականները, ովեր Հանրային խորհուրդ են մտնում, շքանշաններ են շարունակում ստանալ, շատ լավ գիտեն` ինչ են անում:

– Գալիս է մի տարիք, երբ արտաքին ազդակները սկսում են քեզ վրա չազդել: Դու ներքին խաղաղություն ես ձեռք բերում: Գուցե մեր մտավորականները, ովքեր հիմնականում առաջացած տարիքի մարդիկ են, իրենց լռությունը հիմնավորում են այսկերպ` մենք իմաստուն ենք, արտաքին մանր-մունր իրադարձությունները մեզ հետաքրքիր չեն:

– Ես նման մտավորականներ չեմ ճանաչում: Իմ ուսուցիչները` Էդուարդ Աթայանը, Լեւոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Արտավազդ Փելեշյանը, մարդիկ են, ովքեր մեր սերնդի ատլանտներն էին, նրանք իրենց ուսերին էին պահում մեր աշխարհի երկինքը: Իրենք անտարբեր չէին: Վեհ շղարշով մի՛ պարուրեք Ձեր նկարագրած մարդկանց: Մտավորակա՞ն են նրանք. ես նրանց չեմ ճանաչում: Մարդը բանաստեղծություն է գրել, երգ է գրել, եւ ի՞նչ, դա իրեն թույլ է տալիս դառնալ անասո՞ւն, այսինքն` չխոսկա՞ն: Կներեք. Տոլստոյը մինչեւ սրտի վերջին բաբախը չէր հանգստանում:

– Բայց այն մարդիկ, ում Դուք ճանաչել չեք կամենում, կարող են արդարանալ` մենք մեր ժողովրդի կողքին ենք, իսկ, ահա, Փելեշյանը` ոչ:

– Փելեշյանն անգամ տուն չունի այստեղ, որ ապրի: Նրանք սպասում են` Փելեշյանը մեռնի, որ տուն-թանգարան կառուցեն: Ինչպես եղավ Փարաջանովի դեպքում: Իրական արվեստագետը հեղափոխական է, իրական արվեստը` հեղափոխություն է: Դա՛ է պատճառը, որ եթերից իրական արվեստ չես լսի, չես լսի Կոմիտաս, քանի որ Կոմիտասը հեղափոխություն է: Ամենավտանգավոր բանն էս տականքների համար Կոմիտասն է, Փելեշյանը, Փարաջանովը: Դրանք թանգարանների նմուշներ են, եւ այդ թանգարանները փակ են: Էջմիածնում փակվեց Կոմիտասի թանգարանը, որ գործում էր Սովետական Միության օրոք: Իսկ հիմա բացվում է Արամ Ասատրյանի թանգարանը նույն Էջմիածնում: Գիտե՞ք:

– Պետք է մխիթարվել, որ նրա երգերից չի ընտրվել Հայաստանի հիմնը: Խոսեցիք անվստահության, հիասթափության մասին: Կա՛ այդ հիասթափությունը, որը, համաձայնեք, բարդ է ճեղքել անգամ «Սարդարապատ» շարժման համար:

– Զուր եք այդպես կարծում: Մենք մեր կենսագրությա՛մբ ենք վճարում այդ վստահության համար: Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշույանը, Գարեգին Չուգասզյանը, տասնյակ երիտասարդները կարիք ունեն հատուկ ներկայացմա՞ն: Հավատացեք, եթե խենթ է համարվում մարդը, ով պատրաստ է ոչ թե իշխելու, այլ ծառայելու, ինչը պատրաստ ենք անել, մենք խենթ ենք: Մենք փոխելու ենք այս կյանքը, մենք այս երկիրը դարձնելու ենք մե՛ր երկիրը, դա լինելու է հրաշալի մի երկիր` Չորրորդ Հանրապետություն:

– Խոստանո՞ւմ եք:

– Ես դրա համար եմ ապրում: