Քանդել` առանց վնասելու

15/07/2011

«Գանձասարի երեսպատված մասը պետք է քանդվի, եւ դա պետք է արվի հնարավորինս խնամքով եւ համբերատարությամբ,- երեկ նման հայտարարություն է արել պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը` ավելացնելով,- Դրա համար հարյուրավոր մեթոդներ կան, որ կարելի է անել առանց հուշարձանը վնասելու: Ծայրահեղ տարբերակը քանդում-վերաշարումն է, քարերը համարակալվում են, հետո նույնությամբ շարվում են»: Ըստ նրա, համալիրի վերականգնման նախագիծ մշակվել է դեռ Խորհրդային Միության պատվերով, եւ այսօր այդ նախագիծը պատկանում է պետությանը: «Այսօր կարող են գնալ, վճարել, վերցնել. իրենց գործը մասնագիտորեն անել»,- ասել է Սողոմանյանը` միաժամանակ նշելով` տխուր է, որ քննադատության արդյունքում բարերարն ընդհատել է իր բոլոր բարեգործական ծրագրերը: «Ես չեմ ճանաչում Լեւոն Հայրապետյանին, բայց իր հարցազրույցներով ինքն իմ վրա ծանրակշիռ մարդու տպավորություն է թողել: Չեմ կարծում, թե նա էլ հաջողությունների է հասել` առանց մասնագետների հետ խորհրդակցելու թղթեր ստորագրելով,- ասել է Սողոմոնյանը` ավելացնելով,- Ամբողջ աշխարհի պատմության մեջ` սկսած Մեդիչիներից, մինչեւ Ստալին եւ մեր կաթողիկոսը, մեկենասներն ունեցել են խորհրդատուներ. նրանք` այդ բարերարները, փառավորվել են մասնագետների խորհուրդները հաշվի առնելու արդյունքում»: Սողոմոնյանն ասել է նաեւ, որ ըստ իր տեղեկությունների` Գանձասարի պարսպի վերականգնման նախագիծը չի էլ դրվել քննարկման: «Զարմանալի ա, որ էս բարեգործը, երբ դիմել էր, բնական ռեակցիան պիտի լիներ` դիմել Վեհարան` Ճարտարապետական խորհրդին. սա էլ` բացթողում… բոլոր ուղղություններով բացթողումներ են եղել»,- ասել է ճարտարապետը: