Ֆրանսիան առանց Ալեն Դելոնի պատկերացնել հնարավոր չէ: Այսօր բազմաթիվ երկրպագուներ ունեցող դերասանը տոնում է իր 70-ամյակը: Թեեւ նա հազվադեպ է նոր դերեր կատարում, միեւնույն է, մնում է ֆրանսիական կինոյի անմար լեգենդը: Աստղի մոտ վերջերս դեպրեսիա է նկատվում, նա հարցազրույցներից մեկում ասել է, որ նույնիսկ ինքնասպանության մասին է մտածում: Դեպրեսիայի պատճառը կինոն եւ առողջությունն է: Միջազգային համբավն ու սերը վատ խաղ խաղացին Դելոնի հետ: Կատարելով գեղեցիկ, համարձակ ու երիտասարդ հերոսների դերերը, նա, տարիների հետ կորցնելով իր գեղեցկությունն ու երիտասարդությունը, կորցրեց նաեւ նկարահանվելու նոր առաջարկները: «Ես պատկանում եմ դինոզավրերի սերնդին, որոնց հաղթեցին գաճաճները: Իմ կինոն մահացել է, ես էլ` նրա հետ: Այդ կինոն սպանեցին փողը, կոմերցիան եւ հեռուստատեսությունը»,- ասել է նա: 1998թ. Ալեն Դելոնը հայտարարել էր, որ հեռանում է կինոյից, սակայն նկարահանվեց մի քանի նոր ֆիլմերում, որոնք հաջողություն չունեցան: Այժմ Ֆրանսիայի կուռքը սեփական բիզնեսով է զբաղվում, ունի օծանելիքի, կոնյակի, ժամացույցների, ակնոցների եւ այլ աքսեսուարների արտադրություն: Սակայն այդ ամենը կինոյին փոխարինել չեն կարող: «Ինչ որ ես արել եմ կինոյում, արել եմ կանանց համար: Ցանկացել եմ նրանց աչքերում լինել ավելի ուժեղ, գեղեցիկ ու առնական, քան կամ իրականում: Տենչացել եմ տեսնել նրանց հիացմունքն ու սերը»,- ասել է Ալեն Դելոնը, ով հիմա միայնակ ապրում է իր դղյակում: Սակայն նոր սիրո եւ նոր դերերի առաջարկներ ունենում է: Շուտով կսկսվեն «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմի նկարահանումները, որտեղ նա կկատարի Հուլիոս Կեսարի դերը: