Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին, ով նկարահանվել է վամպիրների մասին պատմող «Մթնշաղ» բազմասերիանոց ֆիլմում, ամերիկյան ամսագրերը ներկայացնում են` որպես «Հոլիվուդի երիտասարդ վամպիր»: Մեր թերթի նախորդ համարներում արդեն գրել էինք, որ Անժելան մի քանի շաբաթ գտնվում է Հայաստանում՝ աշխատանքային այցով՝ նկարահանվում է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ֆիլմում: Դերասանուհին 4 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ եւ արդեն երկար տարիներ նկարահանվում է ամերիկյան ֆիլմերում: Ի դեպ, նկարահանումների ընթացքում երգչուհու եղբայրը՝ Կարպիսը, իրականացրել է իրենց վաղամեռիկ հոր ցանկությունը՝ կնքվել է հայկական եկեղեցում: Դերասանուհու հայրը եւս դերասան է եղել, իսկ մայրը նկարչուհի է: Անժելայի հետ մեր զրույցում նա պատմեց, որ անգամ ամենաբացասական դերերի մեջ ինքը փորձում է հասկանալ իր կերպարների հոգեբանությունը, բացատրել նրանց վարքագիծը: Շուտով հոլիվուդյան «հայ վամպիրին» կտեսնենք նաեւ հայ հրեշտակի կերպարով՝ այս անգամ հայ-ամերիկյան «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ֆիլմում: