Արտոն` «Գրեմմիի» դափնեկիր

15/07/2011

Արտո Թունջբոյաջյանն այս տարի արժանացել է «Ոսկե Գրամոֆոնի» եւ դարձել է ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկի` «Գրեմմի-2011»-ի դափնեկիր` «Miho: Journey to the Mօuntain» («Միհո. ճանապարհորդություն դեպի լեռը») երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար: Երեկ հրավիրված ասուլիսում Ա. Թունջբոյաջյանը տեղեկացրել է, որ այդ ալբոմը ստեղծելու նախաձեռնողը ամերիկացի լեգենդար երաժիշտ Փոլ Ուինթերն է, եւ ալբոմն էլ ճանաչվել է որպես «նյու էյջ» ոճի լավագույն ալբոմ: Թունջբոյաջյանը` պատմելով ալբոմի ձայնագրման մասին` նշել է, որ այն իրականացվել է Ճապոնիայի «Միհո» թանգարանում մեծ դժվարությամբ: «Անտառին մեջ մոտ երեք հարյուր մետրանոց շենք է, որին առանձին սենյակները ձայնագրման համար առանձնահատուկ էֆեկտներ են տալիս. գիշերային լռության մեջ, ցրտին տաք-տաք կհագվեինք ու կերթայինք քամին լսելու»,- պատմել է Թունջբոյաջյանը: Ձայնագրությունն իրականացվել է տեխնիկական նվազագույն միջամտությամբ եւ բնական հնչողությամբ, աղմուկի առավելագույն օգտագործմամբ: «Աս շենքի մեջ պատուհաններից, դռների արանքներից փչող քամին կարծես երգում է հոբոյի ձայնով. կարող է մի շաբաթ, տասն օր քնեինք, քամին չլիներ»,- ասել է երգիչը: «Գրեմմին» ինձի համար մեկ բանի համար միայն լավ է. որ կարող է մի հատ փոքր երեխա լսի, որ «Գրեմմի» շահել եմ, երգերս լսի ու զգա, ու իրեն հոգին զգա»,- երեկ ասել է Թունջբոյաջյանը: