Ողջ կյանքը Գերմանիայում ապրած, երկար ոտքերով եւ աչքի ընկնող սեքսուալությամբ այս գեղեցկուհին, ընդամենը 2 տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Չնայած Իվետան զտարյուն հայուհի է, սակայն «գերմանական տիկնիկ» ասվածը լիովին համապատասխանում է 24-ամյա մոդելի եւ երգչուհու կերպարին:
– Շատ կարճ ժամանակ է անցել քո` Հայաստան տեղափոխվելուց, սակայն դու գրեթե ամենուր ես՝ ամսագրեր, հեռուստատեսություն, բեմգ
– Ես փորձում եմ իմ ուժերն ամենուր, սակայն գիտակցում եմ, որ իմ ընտրությունը, միանշանակ, երգն է: Երգով կարող եմ աշխարհ ներկայացնել:
– Ի՞նչ աշխարհի մասին է խոսքը:
– Իմ աշխարհի: Կարծում եմ, եթե երգիչը ներքին «աշխարհ», ասելիք չունի, ապա նրա տեղը բեմում չէ: Նշանակում է` նա ինքնանպատակ է բեմ բարձրացել՝ զուտ ծափերի եւ ճանաչելիության համար:
– Հեռուստատեսությամբ վերջերս մի հաղորդման շրջանակներում, որի թեման պապարացիներն էին, իբրեւ թե, գաղտնի լուսանկարել էին քեզ եւ դերասան Վարդան Պետրոսյանի որդուն՝ Հայկին: Միայն միամիտը կկարծեր, թե այդ ֆոտոները գաղտնի էին արված: Ակնհայտ էր, որ ընդամենը հաղորդման համար արված զուտ թեմատիկ ֆոտոներ էին: Ինչո՞ւ էիր համաձայնել այդ թեթեւ «ավանտյուրային» մասնակից լինել:
– Ճիշտն ասած` ես այդ մասին չեմ ուզում խոսել: Կարծում եմ, որ հանրությունը սիրում է իմանալ ճանաչված մարդկանց կյանքի մանրամասները:
– Եթե հանրությունն ուզում է քեզ մերկ տեսնել՝ պատրա՞ստ ես գնալ նրա ցանկությանն ընդառաջ:
– Իհարկե՝ ոչ: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ միայն: Հայաստանը շատ փոքր է, մարդիկ շատ արագ են իմանում միմյանց մասին: Այստեղ սիրում են ապրել հարեւանի կյանքով՝ ով` ում հետ ամուսնացավ, ի՞նչ հագավ, ի՞նչ կերավգ Արտիստը դեռ իր անելիքը չարած, իր խոսքը չասած, նրա մասին արդեն իսկ խոսում են ամենուր:
– Բայց չէ՞ որ արտիստները եւս նպաստում են այդ խոսակցությունների տարածմանը: Թեկուզեւ նմանատիպ հաղորդումներին մասնակցելով: Որքանո՞վ են իրական քո եւ Հայկ Պետրոսյանի որդու միջեւ սիրային կապի մասին տարածված լուրերը:
– Կարծում եմ` այդ հաղորդումից հետո շատերը հասկացան, որ մեր միջեւ ընդամենը մաքուր ընկերական հարաբերություններ են:
– Միգուցե հակառա՞կը: Դու մարդկանց ավելի շատ խոսելու թեմա տվեցիր:
– Չեմ կարծում: Ախր, ամեն ինչ շատ պարզ է:
– Ինչո՞վ էիր զբաղված Գերմանիայում:
– Այնտեղ ես եւ քույրս ունեինք մոդելների մեր խումբը, որոնց հետ մասնակցում էինք նորաձեւության տարբեր ցուցադրությունների: Մասնակցում էինք նաեւ դասական ոճի ցուցադրությունների, սակայն մեր ձեռագիրը կայանում էր նրանում, որ մենք «գժական» ձեւով էինք կազմակերպում մեր ելույթները՝ պարեր, բեմադրություններ, խենթություններ:
– Ի՞նչը քեզ բերեց Հայաստան: Այստեղ առավել հե՞շտ է կայանալը:
– Այստեղ կայանալը միանշանակ շատ ավելի հեշտ է, քան Գերմանիայում: Այստեղ կան շատ լավ մասնագետներ, եւ չկա մրցակցություն: Գերմանիայում դու պետք է ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին հայտնվես, այլ կերպ կդասվես խաղից դուրս վիճակում: Բացի այդ, Գերմանիայում պրոֆեսիոնալների հետ աշխատելը բավական թանկ հաճույք է: Մրցակցությունն այնքան շատ է, որ քեզ կարող են անգամ չնկատել: Իսկ այստեղ շատ է ժամանակը: Դու կարող ես հանգիստ ստեղծագործել: Իմ շուրջ բարձրացած խոսակցություններն այնքան շատ են, մինչդեռ ես իմ ասելիքը դեռ չեմ հասցրել ասել:
– Սովորաբար, երբ քեզ պես գեղեցկուհին շատ արագ ճանաչելիության է հասնում, սկսվում են խոսակցությունները հարուստ հայրիկի կամ սիրեկանի մասին: Ո՞վ է օգնում իրականացնել քո երազանքները:
– Ես եւ ծնողներս՝ միայն: Երբ մենք ընտանիքով երկու տարի առաջ Գերմանիայից տեղափոխվեցինք Հայաստան, ես այստեղ ոչ ոքի չէի ճանաչում: Աստծուց շնորհակալ եմ, որ ճիշտ մարդկանց հետ եմ ծանոթացել, որոնք պրոֆեսիոնալ երաժիշտներ են:
– Վերջերս լուսանկարվել ես երկու ամսագրերի շապիկներին, որտեղ բավական էրոտիկ տեսք ունես: Նկարներն ազատ են, սակայն` ոչ վուլգար: Պատրա՞ստ ես ամբողջովին մերկ լուսանկարվել:
– Ամսագրերի այդ ֆոտոսեսիաներն էսթետիկ էրոտիկայի ոճի մեջ են: Կանացիություն, որն անհասանելի է, որին ձգտում է տղամարդը, սակայն երբեք չի կարող ձեռքով դիպչել: Ամբողջությամբ մերկ ես երբեք չեմ լուսանկարվի: Անգամ կարող է աղջիկը ոտքից գլուխ հագնված լուսանկարվել, սակայն այդ ամենն այնքան վուլգար կարող են ներկայացնել, որ նայելն անգամ տհաճ լինի: Նկարի մաքրությունը ոչ թե հագուստի քանակից է, այլ մարդու ներքին ազատությունից, մատուցման էսթետիկայից: Իսկ ազատությունը մերկ հետույքը չէ: Ազատությունը ներքին անկախությունն ու ինքդ քո հանդեպ ազնվությունն է: