Բուժիչ նամակներ

15/07/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Խոլորձը` որպես հակաթույն

Խոլորձազգիները` Orchidaceae, Երկիր մոլորակի վրա աճող հնագույն ծաղկաբույսերից են։ Նրանք «գոյատեւում» են սկսած ուշ կավճային դարաշրջանից, այսինքն` ավելի քան 65 մլն տարի։ Այս ընտանիքի բույսերը բազմամյա են, ունեն արմատային պալարներ կամ կոճղարմատ, որոշ տեսակներ աճում են ծառերի կեղեւի վրա։ Բույսը հիմնականում տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիներում։ Ըստ ամերիկացի գիտնական Դրեւսլերի` խոլորձազգիները բաժանվել են հինգ ենթաընտանիքի, 22 ցեղերի եւ մոտ 70 տեսակների։ Խոլորձազգիները չեն աճում միայն Անտարկտիդայում, որոշ ենթատեսակներ հանդիպում են Հիմալայների բարձր լեռնային գոտիներում։ Բնության մեջ գոյություն ունեցող ձեւերը թվով մոտ 20.000 են, բարեխառն կլիմայական գոտիներում հանդիպում է խոլորձազգիների մոտ 10 տոկոսը։ Խոլորձի առաջին հիբրիդը ստացվել է 1856թ., երրորդ հազարամյակի նախաշեմին դրանց թիվը հասել է 200.000-ի։ Բույսը միլիոնավոր տարիների ընթացքում «սովորել» է հարմարվել շրջակա միջավայրի ազդեցությանը, դեռեւս 1884թ. Չ. Դարվինը հանգամանորեն նկարագրել է բույսի կենսունակությունը` իր «Տարբեր հարմարանքներ, որոնց միջոցով խոլորձները փոշոտվում են միջատների կողմից» գրքում։ Խոլորձներն իրենց գեղեցկության շնորհիվ լայնորեն մշակվում են` որպես պարտեզային եւ տնային ծաղկաբույսեր։

Պատմությունից հայտնի է, որ Միհրդատ Զ արքան 11 տարեկան հասակում ենթարկվելով ներպալատական հալածանքների` փախչում է սարերը, ուժասպառ նա կռանում է ջուր խմելու, երբ տեսնում է ջրում երիտասարդ դիցուհու պատկերը։ Վերջինս Միհրդատին է մեկնում երկու ձվաձեւ արմատապալարներով մի բույս, որի վերեւի մասում թագ էր։ Դեռահաս տարիքի արքան գտնում է սարերում աճող զանազան արմատներ, դրանցով սնվում։ Նա ոչ միայն ողջ մնաց, այլեւ 18 տարեկան հասակում կարողացավ վերականգնել իր իրավունքները։ Ամբողջ կյանքի ընթացքում նա հավաքեց տեղեկություններ բույսերի բուժիչ հատկությունների մասին։ Հայկական տաճարներում նա տեսավ իր խորհրդատու ջրերի դիցուհու արձանը։

Ք.Ա. 68թ. Միհրդատը 8000 զինվորներից բաղկացած հայկական բանակով փորձում է ազատագրել Պոնտոսը հռոմեացիներից։ Ի վերջո, նա պարտվում է, եւ նրա արժեքավոր նկարագրությունները եւ դեղատոմսերը Հռոմ է տանում Գնեոս Պոմպեոսը։ Դրանք թարգմանվել են լատիներեն։

Որձարմատ, ձվատակ, խոխի թաթիկ, սալեպ. այսպես են անվանում Հայաստանում (Լոռի, Արարատ, Գեղարքունիք, Մեղրի) հանդիպող խոլորձի տեսակները։

Արմատը կազմված է մի քանի մազարմատներից եւ երկու պալարներից, մեկը` հին, փտող, իսկ մյուսը` նոր, հյութալի։ Պալարները ձվաձեւ են, կլոր կամ մատնանման։ Ծաղկակիրը խիտ հասկ է, ծաղիկներն անկանոն են, պսակաթերթերը վեցն են` երեք արտաքին եւ երեք ներքին։ Ներքիններն ավելի խոշոր են եւ տարբերվում են գույնով։ Ծաղիկների ընդհանուր երանգավորումը բաց վարդամանուշակագույն է։ Ծաղկապատյանի տերեւները վեցն են, որոնցից մեկը թեքված է ցած, այն կոչվում է շուրթ։ Մնացած հինգը կարող են կազմել «վահան», երբեմն վահանից անջատվում են երկու տերեւիկը։ Այսպիսի կառուցվածքը հարմար է միջատներին գրավելու համար։ Տերեւների ջղերը աղեղնաձեւ են կամ զուգահեռ, դրանք երկարավուն նշտարաձեւ են, էլիպսաձեւ, ծալված, սրված ծայրերով հիմքում` նստադիրը։ Բույսը բազմամյա է, մեկ պալարը անմիջապես ծաղկելուց հետո թոշնում է, երկրորդը` ձմեռում եւ տալիս նոր ցողուններ, որոնց բարձրությունը 20-25 սմ է։ Աճում է ճահճոտ անտառներում, խոնավ մարգագետիններում, մացառուտների մեջ, կիրճերում։ Ձմեռող պալարը հավաքում են ծաղկելուց հետո, մաքրում հողից, լվանում հոսող ջրի տակ, անցկացնում թելի վրա եւ կախում օդափոխվող ծածկի տակ։ Մեկ օր հետո 3-5 րոպե պահում են եռման ջրի մեջ, կախում չորանալու։ Չորացրած պալարները կոչվում են սալեպ, դրանք թափանցիկ են, գույնը դեղին է կամ բաց մոխրագույն, համ եւ հոտ չունեն։ Լավագույնը կլոր սալեպն է, այն ձվաձեւ է կամ օվալ, բարձր տեսակարար կշիռ ունի, երկարությունը` 1,5-3, հաստությունը` 1-1,5 սմ։ Այսպիսի արմատներ ունեն O.morio, O.mascula, O.militaris տեսակները։ Մատնաձեւ պալարներ ունի (2-4 մատ ներքեւի մասում) O.maculata խոլորձը, որի տերեւները ծածկված են մուգ կարմիր կամ շագանակագույն պուտերով։

Սալեպը մանրացնում են եւ փոշիացնում, այն օգտագործվում է ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ, պարունակում է մոտ 50 տոկոս լորձ, 15 տոկոս օսլա, մինչեւ 15 տոկոս սպիտակուց, դեկստրին, շաքարներ, հանքային աղեր, գլյուկոզիդներ, դառնանյութ եւ պինդ եթերային յուղեր։ Լորձանյութը հեշտությամբ լուծվում է ջրի մեջ, այն նպաստում է թունավոր նյութերի արտահանմանը օրգանիզմից։ Վերջերս պարզվել է, որ ուռուցքները զգայուն են սալեպի լորձանյութի մեջ գտնվող նյութերի հանդեպ, որոնց հիման վրա ստեղծվել են «Զիմոզան» եւ «Պրոդիգիզան» դեղամիջոցները։ Սալեպի եփուկը պատրաստեք անմիջապես օգտագործելուց առաջ։

3-5 գ փոշիացրած խոլորձի արմատին ավելացրեք 60-70 մլ սառը զտված ջուր, խառնելու ընթացքում փոքր չափաբաժիններով ավելացրեք եռջուր` մինչեւ հեղուկի ծավալը դառնա 300-400 մլ։ Այս գործընթացի տեւողությունը պետք է լինի 10-15 րոպե։ Ընդունեք 1-3 ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։ Օգտագործեք աղեստամոքսային հիվանդությունների, հատկապես` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Օգտակար է նաեւ վերին շնչառական ուղիների, ստոմատիտի, վերջույթների ջղակծկումների, թունավորումների դեպքում։ Կիրառվում է սթրեսի, սեռական անկարողության դեպքում, հիվանդություններից հետո, որպես ուժերը վերականգնող միջոց։

Հազի դեպքում.

Խառնեք երկուական թ/գ խոլորձի արմատը եւ ծոթրինի խոտը (1։1)։ Հումքի 2 թ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ սառը ջրի մեջ, 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց մեկ ժամ անց։

Արտաքին օգտագործման համար։ Խոլորձի արմատի փոշին խառնեք նախօրոք եփված բուսայուղի հետ (1։10)։ Կիրառեք մատնաշունչի դեպքում։