Աշխատանք` «դաբրոյի» դիմաց

14/07/2011

Մեր տեղեկություններով` ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, վերջերս հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ նրան առաջարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր օգնությունը ԲՀԿ-ին` Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցում Ծառուկյանի աջակցությունը ստանալու դիմաց: Հիշեցնենք, որ Հ.Հակոբյանի որդին վերջերս անդամակցեց ՕԵԿ-ին եւ Էջմիածնում այդ կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն է: Իսկ Հ.Հակոբյանն ինքը ցանկանում է առաջադրվել Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Սեյրան Սարոյանը: Մեր տեղեկություններով`վերջինս նույնպես մտադրություն ունի առաջադրվել: Այսինքն` Հ.Հակոբյանը ցանկանում է մրցակցել Ս.Սարոյանի հետ: Արմավիրի մարզի մեկ այլ` թիվ 20 ընտրատարածքում իր կողմից որեւէ մեկին առաջադրելու ցանկություն ունի գեներալ Մանվել Գրիգորյանը: Այդ տարածքում նախկինում նույն Մ.Գրիգորյանի հովանավորությամբ ընտրվել է նրա եղբոր որդին` Հրանտ Գրիգորյանը: Սակայն հիմա Մանվել եւ Հրանտ Գրիգորյանները միմյանց հետ բավականին լարված հարաբերություններ ունեն: Իսկ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում կրկին առաջադրվելու ցանկություն ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: