ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, տեւական ժամանակ է, Հայաստանում չէ:
Մեր տեղեկություններով` նա բազմաթիվ հայտնի մարդկանց ներքաշել է ինչ-որ գործարքների մեջ, նրանցից գումարներ է վերցրել եւ հեռացել երկրից: Ըստ տարբեր տեղեկությունների, Բաբայանը մոտ 40 տարբեր անձանցից ավելի քան 10 մլն դոլար է հափշտակել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա պարտքով գումար է վերցրել անգամ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանից (Ճոյտ), Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատ բանկից»: Նրա պարտատուների շարքում կան ՍԴ անդամներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում, շատ դեպքերում այս մարդիկ իրենց անշարժ գույքը` գործարանները, օբյեկտները եւ անգամ բնակարաններն են գրավադրել բանկերում ու վերցրած գումարը տվել են Ս. Բաբայանին: Գրավադրված են նաեւ Ս. Բաբայանի` Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում գտնվող բնակարանը եւ իրեն պատկանող` Մոնումենտում գտնվող էլիտար շենքի բոլոր բնակարանները: Ընդ որում, Բաբայանին պատկանող այս վերջին շենքը գրանցված է Երեւանում սրճարաններից մեկի սեփականատեր ոմն Արայիկի (կամ` Արո) անունով: Որոշ տեղեկություններով` Ս. Բաբայանն այդ մարդկանց քաղաքական հաշվարկներով համոզել է իր հետ մտնել այդ գործարքների մեջ, մասնավորապես, որպես փաստարկ` ներկայացնելով կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հեռանկարը եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման հնարավորությունները: Ասում են, որ նա բոլորին համոզել էր, թե իբր լավ հարաբերություններ ունի Ռ. Քոչարյանի հետ, այն դեպքում, երբ նրան նույնիսկ հնարավորություն չէր տրվում հանդիպելու: Այսինքն` Ս. Բաբայանը դեռեւս անցած տարի փորձել է իր «զոհերին» համոզել, որ ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվելու է, եւ հաշվի առնելով իր հարաբերությունները Ռ. Քոչարյանի հետ` ինքն ավելի մեծ դերակատարություն է ունենալու` այդպիսով հովանավորելով նաեւ այդ բիզնեսները: Սակայն այս տարվա փետրվարին կոալիցիայի նոր հայտարարություն-հուշագրից հետո Բաբայանը հասկացել է, որ իր կեղծիքը բացահայտվել է, ու որոշել է այդ գումարները պարզապես չվերադարձնել: Ըստ որոշ տեղեկությունների, մինչեւ Հայաստանից հեռանալը նա այդ խնդիրները կարգավորելու խնդրանքով դիմել է Ռ. Քոչարյանին` հանդիպում խնդրելով նրանից, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է Հայաստանից: Ըստ մեր տեղեկությունների` մեկնել է Մոսկվա, որտեղ հույս է ունեցել ֆինանսական խնդիրները կարգավորել ղարաբաղյան ծագում ունեցող մոսկվաբնակ գործարարների միջոցով: Փաստորեն, դա եւս նրան չի հաջողվել: Իսկ այդ «քցված» մարդիկ, որոնց մեծ մասը իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչներ են, վախենում են բարձրաձայնել այդ մասին: Եթե նրանք դա հրապարակային դարձնեն, կամ բողոքներ ներկայացնեն Ս.Բաբայանի դեմ, ապա վերին օղակներում հասկանալի կդառնա, որ իրենք գործարքների մեջ են մտել նրա հետ: Իսկ դա նրանց վրա ավելի վատ անդրադարձ կարող է ունենալ, քան այդ գումարների կորուստը: Բանն այն է, որ Բաբայանը համարվում է Ռ.Քոչարյանի մերձավոր շրջապատի մարդկանցից մեկը: Եվ այդ գործարքները կարող են համարվել իշխանության նախկին թեւի հետ համագործակցություն այն դեպքում, երբ կարծիքներ կան, թե նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն, այնուամենայնիվ, որոշակի հակասություններ ունեն: Ս.Բաբայանից «քցված» պաշտոնյաները գերադասում են լռել իրենց կորուստների մասին, քան ԼՂՀ նախկին պաշտոնյայի կամ Ռ.Քոչարյանի թիմի հետ համագործակցության կասկածներ առաջացնել: Իսկ Ս. Բաբայանի մութ գործարքներում ներգրավված կամ դրանց մասին տեղյակ մարդիկ Ս. Բաբայանի արարքների բարոյականությունը գնահատում են նրա երբեմնի դաշնակից Ալբերտ Բազեյանին նույնպես «քցելու» քայլով: Վերջինիս տունը նույնպես գրավադրված է այդ գործարքների համար վերցրած գումարների դիմաց: Սակայն, ի տարբերություն մյուսների, Ա. Բազեյանը շատ համեստ հնարավորություններ ունի, եւ ի տարբերություն Ս. Բաբայանի` նա երբեք հայտնի չի եղել անօրինական հարստություն կուտակելու մոլուցքով: Եվ հիմա` երբ Ս. Բաբայանը բավական համեստ հնարավորություններ ունեցող իր մարտական ընկերոջը նույնպես խաբում է, ապա դա նրան ճանաչողների շրջանակում գնահատվում է` որպես «սրբություններ չունեցող մարդու արարք»: Ս. Բաբայանը սկզբում իր գրասենյակում սենյակ է հատկացրել Ա. Բազեյանին, աշխատավարձ նշանակել, վստահություն շահել ու… խաբել: Ասում են, որ այս խնդիրների արդյունքում առողջական բավական ծանր վիճակում է հայտնվել Ա. Բազեյանը: Մենք չկարողացանք կապ հաստատել Ա. Բազեյանի հետ, բայց վերջինիս նախկին կուսակից եւ ընկեր, ներկայում ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ նա առողջական խնդիրներ ունի:
Իսկ Ս. Բաբայանի նախկին` «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ Բաբայանը Հայաստանում չէ, բայց ասաց, թե նա արտերկիր է մեկնել բուժման նպատակով: Իսկ նրա գործարքների եւ դրանց արդյունքում կուտակած պարտքերի առնչությամբ էլ ավելացրեց, որ «ինֆորմացված չէ»: Հիշեցնենք, որ Ս.Բաբայանը Ա. Բազեյանի «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ միասին միավորվեց ՀՌԱԿ-ին` ցանկություն ունենալով դառնալ դրա ղեկավարը` ատենապետը: Բայց իր նպատակին չհասնելով, մամուլի հրապարակումների համաձայն, նա իր նախկին կուսակիցներին հորդորել էր մտնել ԲՀԿ: Իսկ բանտից ազատվելուց եւ Հայաստան տեղափոխվելուց հետո այն ժամանակ ՀՀ իշխանությունները նրան տվել էին փայտ, ապակի եւ ամրան (արմատուրա) ներկրելու բավական մեծ քվոտաներ: Հատկանշական է նաեւ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված այս ակտիվ շրջանում չի լսվում ԼՂ բանակի երբեմնի հրամանատարի խոսքը: Եվ այս համատեքստում Ս. Բաբայանին վերաբերող մի քանի հրապարակում կարելի է հիշել: Ոչ վաղ անցյալում լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա կարծիք էր հայտնել, թե Ադրբեջանը ցանկանում է պատերազմ սկսել: Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե «ո՞վ պետք է առաջնորդի, ո՞վ պիտի պաշտպանի, Ղարաբաղին տեր կանգնի, եթե դուք եւ մնացած պաշտոնյաներն այստեղ են», Ս. Բաբայանը խուսափելով պատասխանատվությունից` նշել էր. «Ղարաբաղցիներն իրենք իրենց պետք է տեր կանգնեն եւ պետք է պահանջատեր լինեն, այլ ոչ թե մեկուսանան եւ լուռ ու փուս ընդունեն այն, ինչ իրենց ասում են: Իսկ եթե ժողովուրդը, անձը, անհատը չի ուզում պայքարել իր ազատությունների համար, ապա ոչ մեկին պետք չէ մեղադրել»:
Հիշեցնենք նաեւ մեկ այլ հրապարակում: 1998թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու եւ գործող վարչապետ Ռ. Քոչարյանին հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հարց է ուղղվում Ղարաբաղում Ս. Բաբայանին պատկանող հսկայական տների մասին: «Ինչ վերաբերում է այդ տներին, ապա պետք է ասեմ, որ կան նաեւ մի շարք այլ հրամանատարների տներ: Եվ ժամանակին դա Ղարաբաղում քաղաքական որոշում էր: Պատերազմի ժամանակ, պատերազմի վերջում ակնհայտ երեւում էր, որ քանի որ հարցը կարգավորված չէ, ժողովուրդը նույնիսկ իրենց տների վերականգնման հարցում բավականին պասիվ էր: Եվ սպասում էին, որ պետությունը պետք է ինչ-որ բան անի: Մարդիկ իրենց հնարավորությունը, իրենց գումարները, իրենց ուժը ուղղակի չէին դնում` մտածելով, թե ով գիտի, ինչ ապագա կունենան: Եվ այն ժամանակ նաեւ որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ բանակի հրամանատարներն իրենք սկսեն կառուցել տները»,- ասել էր Ռ. Քոչարյանը` ավելացնելով, թե դրանից հետո Ղարաբաղում շինարարությունը թափ է առնում: «Բայց եթե հրամանատարները տուն սարքեին Երեւանում, ես այդ խոսակցությունները կընդունեի»,- ասել էր Ռ. Քոչարյանը:
Գաղտնիք չէ, որ ԼՂ նախկին եւ գործող հրամանատարներն ու այլ պաշտոնյաներն այսօր լքել են Ղարաբաղը եւ ոչ թե տուն, այլ տներ են կառուցում Երեւանում: Եվ դժվար է կռահել, թե ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Ս. Բաբայանի` Երեւանում կառուցած տները, շինանյութի ու այլ բիզնեսները ինչ քաղաքական որոշման արդյունք են, կամ` որքանով են պաշտպանում Ղարաբաղի, ինչու չէ, նաեւ` Հայաստանի անվտանգությունը: