«Բա գիտե՞ս հայերեն ոնց են «պակլոնիկ» բառը թարգմանում՝ օրիորդապնդիչ»,- ուշաթափության հասնող կչկչոցով ասում էր դպրոցական տարիքի աղջիկը: «Չէ, սխալվում ես, էդ ջենտլմենն է այդպես թարգմանվում»,- ասում էր վարսավիրը: «Ոչ, ջենտլմենը ֆրանսերեն «դոն ժուան» բառից է թարգմանված»,- մինչեւ հոգու խորքը վիրավորված պնդում էր դպրոցականը:
Այս երկխոսությունը գուցե ինձ այլեւս շատ չի զարմացնում. կհիշեք, որ 2004թ. բուհական ընդունելության քննություններից մեկի ժամանակ մի դիմորդ «Ո՞վ է Սասունցի Դավիթը» հարցին պատասխանել էր` զոհված ազատամարտիկ: Կամ 2005թ. ընդունելության քննությունների ժամանակ մի դիմորդ էլ Խաչատուր Աբովյանի մասին ասել էր, որ գնացել է Ամերիկա եւ հետ չի եկել… Նման դեպքերը շատ են: Վառ երեւակայությունն, իհարկե, լավ բան է, բայց երբ այն տգիտության հետեւանք է լինում, անկախ քեզանից մտածում ես, որտեղի՞ց են այս երեխաները ստանում այսպիսի ինֆորմացիա՝ դպրոցի՞ց, բուհի՞ց, տանի՞ց, թե «ինտելեկտուալ խաղեր» դիտելով:
Այսօր դեռ հիշում ենք, որ խորհրդային տարիներին հայերն ինտելեկտուալ ազգ էին համարվում, քանզի ԽՍՀՄ պետությունների թվում ամենաշատ բարձրագույն կրթություն ունեցողները հայերն էին: Այսօր, չնայած բուհերի կտրուկ քանակական աճին, մեզ մոտ որակ ապահովելը լավ չի ստացվում: Ու սրանում էլ ավելի ենք համոզվում՝ հայկական տարբեր ինտելեկտուալ խաղեր դիտելով, որոնց, կարծում ենք, պետք է մասնակցեն գոնե քիչ թե շատ «ինտելեկտուալները»:
(«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի մի հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկը 15 րոպե համառորեն պնդում էր, որ «Չիպպոլինո» հայտնի հերոսի հայրը Մարիոն է, մնացած երեք տարբերակները՝ Չինզանո, Չելենտանո եւ Ռոդարի անունները նրան ոչինչ չէին ասում):
«Չտո, գդե, կոգդա»-ն Հայաստանում
Այս առիթով զրուցեցինք «Չտո, գդե, կոգդա» ծրագրի հայկական տարբերակի հաղորդավարի հետ, որի ինքնությունը գաղտնի է ոչ միայն մեր ընթերցողներին, այլեւ «Չտո, գդե, կոգդա» ծրագրի հայկական տարբերակը դիտողներին (նա վարում է խաղը տեսախցիկից դուրս): «Ամեն ինչ չսեւացնենք, մենք դեռ պահել ենք ինտելեկտուալ ազգի պիտակը ու էլի կպահենք, կյանքը կստիպի, որ պահենք, որովհետեւ աշխարհին միայն դրանով կարող ենք ներկայանալ: Ուրիշ բան չունենք»: 2001 թվից Հայաստան մուտք գործեց «Չտո, գդե, կոգդա» ռուսական հայտնի խաղը, որտեղ ռուս հայտնի գիտակները տեղացի նորանուն գիտակների հետ խաղում էին մեկ թիմում: «Մնացած խաղերն ավելի լայն զանգվածների համար են, իսկ «Չտո, գդե, կոգդա»-ն գիտակների ակումբ է, որոնք խաղում են հեռուստադիտողների հետ: Ի տարբերություն հայկական այլ խաղերի, «Չտո, գդե, կոգդա»-ն նաեւ աստղեր է պատրաստում` գիտակներն այս խաղի միջոցով համբավ են ձեռք բերում»,- հարցազրույցի սկզբում բացատրեց խաղավարը:
– Ինչպե՞ս դառնալ գիտակ: Խելքն ու կարդացածությունը բավակա՞ն են:
– Ես էլ եմ այդ հարցը տվել գիտակներին: Օրինակ, Մաքսիմ Պոտաշովն իմ այդ հարցին պատասխանեց՝ «Ռուսաստանում մեզ նմանները միլիոնից ավելի են, սակայն մեր բախտն է բերել»: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ընտրյալ են, ոմանք ապրում են այս խաղով, կան մարդիկ, ում համար խաղը միջոց է հետագայում լավ գործ գտնելու համար, ինչը հաստատ արդարացվում է: Իմ սուբյեկտիվ կարծիքով` պետք է գիտելիքների բազա ունենալ, եւ մի բան, որ ունի հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզը՝ շոումենի հոգեբանություն:
– Իդեալական գիտակն այսօր ո՞վ է:
– Ես գիտեմ, որ աղջիկների մեծ մասի համար Մաքսիմ Պոտաշովն է շատ պոպուլյար, իսկ Բորիս Բուրդան, Ալես Մուխինը, Նովիկովը, Բյալկոն, Կոզլովը, Դվինյատինը եւ այլն՝ արդեն կայացած անուններ են, սակայն ինձ համար իդեալական գիտակը Դրուզն է:
– Դուք կոնկրետ անուններ նշեցիք, հայ գիտակների մոտ կա՞ պոտենցիալ իրենց «խարիզման» ստեղծելու համար:
– Ժամանակին կար մի թիմ՝ Գյումրիի թիմը, որը 95 կամ 96 թվին դարձավ ԱՊՀ-ի «Բրեյն Ռինգի» չեմպիոն, որի կապիտանը Շանթ Գրիգորյանն էր: Կարծում եմ` մյուս տարի նա կխաղա էլիտար ակումբում:
– Ի՞նչն է խանգարում մեր գիտակներին Մոսկայում էլիտար խաղին մասնակցելու համար` ֆինանսնե՞րը, խե՞լքը, թե՞…
– Իրականում ֆինանսներն այնքան էլ խնդիր չեն: Ծախս, որպես այդպիսին, մեկ անգամ է արվելու, որովհետեւ եթե դու անցնում ես ընտրական փուլը, մնացած բոլոր ծախսերը նրանց վրա են: Խնդիրն այն է, որ Հայաստանում կարողանանք ֆինանսներ ապահովել: Իսկ խելքով, հաստատ, չենք զիջում:
– Ադրբեջանում, ըստ պտտվող լուրերի, ավելի մեծ ներդրումներ են արվում ինտելեկտուալ այս խաղի վրա, քան մեզ մոտ: Մեր օլիգարխները նյութապես չե՞ն աջակցում այս խաղին:
– Չեմ կարող ասել, որ Ադրբեջանում շատ լավ կադրեր կան: Ինչ վերաբերում է Ռահշան Ասկերովին, ապա գաղտնիք չէ, որ նա Իլհամ Ալիեւի մտերիմն է, ինչը նույնպես քիչ հարցեր չի լուծում: Մեզ մոտ վերջին անգամ «Հանրապետական» կուսակցությունն աջակցեց: Մի երկու հովանավոր եղել է, ոչ ավելին: Սակայն ես կարծում եմ, որ եթե լուրջ ֆինանսական ներդրում լինի, ինչպես, օրինակ, Գագիկ Ծառուկյանն է հոգում սպորտի համար, նման մեկն էլ, եթե զբաղվեր ինտելեկտուալ դաշտով, ապա բավական լուրջ առաջընթաց կունենայինք: Շատ մարդ այսօր իրեն ինտելեկտուալի տեղ է դնում, բայց հենց հերթը հասնում է մի բան անելուն, նրան այդ ամենը սկսում է չհետաքրքրել:
– Ինչո՞ւ եք խաղը վարում դուք, այլ ոչ մի որեւէ գիտակ:
– Կա այսպիսի չգրված օրենք: Խաղացողը երբեք չի կարող վարել խաղը, որովհետեւ նա սովոր է հարցերին պատասխանել, ոչ թե հարցեր տալ: Ես պատահական եմ ընտրվել:
– Հայ հեռուստադիտողը կարողանո՞ւմ է հետաքրքիր հարցեր տալ:
– Մենք շատ գոհ ենք մեր հեռուստադիտողների հարցերից, սակայն քիչ են տրամաբանական հարցերը, ավելի շուտ գիտական են:
– Գիտակ լինելը Մոսկվայում ոչ միայն հեղինակություն ձեռք բերելու միջոց է, այլեւ լավ աշխատանք գտնելու միջոց: Հայ գիտակների մոտ նո՞ւյնպես այդպես է:
– Այդպես պետք է լինի: Գիտակները հաստատ իրենց տեղը կգտնեն, իմ կարծիքով, պրոցեսն արդեն սկսվել է: 1986-ին Դրուզին էլ չէին ճանաչում: Կստեղծվի «խարիզմա»: Մենք դեռեւս սովոր չենք հեռուստաաստղ լինել, որը նույնպես շատ կարեւոր է: Հենց գիտակը սկսի խաղալ տեսախցիկի համար, այսինքն` ներկայացնի ինքն իրեն, անպայման կշահի: