Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության երեկվա նիստում մանրամասնել է Մադրիդյան «նորացված» սկզբունքները, որոնք, ըստ նրա, 2009 թ. վերջին ներկայացրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ որոնց հավանություն չէր տվել Հայաստանը: Ըստ Ադրբեջանի նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության, Ալիեւը, մասնավորապես, ասել է. «Նախ եւ առաջ, այնտեղ նախատեսվում էր Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում զավթված տարածքներից: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի անհապաղ դուրսբերում հինգ շրջաններից, հինգ տարի անց` երկու շրջաններից, եւ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաեւ ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում: ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ միջանցքի գործառնությունը նույնպես կար այդ սկզբունքներում: Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի բնակչության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ էր տարածաշրջան մտցնել խաղաղարար ուժեր: Նաեւ պետք է ապահովվեր օկուպացիայից տուժած բոլոր անձանց վերադարձը իրենց բնակության երբեմնի վայրերը»: «Սրանք էին, եթե համառոտ լինենք, տվյալ սկզբունքները: ԼՂ-ն Հայաստանին միացնող միջանցքի պարամետրերը նույնպես այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին: Ես կարծում եմ, որ այդ տարբերակը կարող է ընդունվել: Իհարկե, դրանք հիմնարար սկզբունքներն են, – հայտարարել է Ադրբեջանի նախագահը` նշելով,- Դա 2009 թվականի վերջին էր: 2010թ. հունվարին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Սոչի, որտեղ կայացավ եռակողմ հանդիպում: Այդ հանդիպմանը Ադրբեջանը միանշանակ հայտարարեց, որ ընդունում է նորացված Մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմը չընդունեց այդ սկզբունքները, ինչից հետո, կարելի է ասել, բանակցություններում որոշակի լճացում առաջացավ, քանի որ հերթական հանդիպումը կայացավ վեց ամիս անց` 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում»: Դրանից հետո, ըստ Ադրբեջանի նախագահի, «սկսեցին առաջ քաշվել նոր առաջարկներ»: «Երբեմն այդ առաջարկները փոխում էին վերջին յոթ տարվա ընթացքում մեր վարած բանակցությունների էությունը եւ հիմնական սկզբունքները: Այդ իսկ պատճառով, մենք այժմ բախվում ենք նոր իրավիճակի»,- ասել է նա: «Ինչ վերաբերում է ԼՂ-ի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, եւ կողմերի համաձայնության դեպքում այն կարող է գտնել իր լուծումը: Այսինքն առանց Ադրբեջանի համաձայնության` ԼՂ-ն չի կարող ունենալ որեւէ իրավական կարգավիճակ: Այդ իսկ պատճառով ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից ԼՂ-ի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ ՀՀ-ին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա: Ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ իշխանությունները երբեք չեն ընդունի դա»,- ասել է Ալիեւը` ավելացնելով, թե հայկական կողմը նորից սպառնում է Ադրբեջանին պատերազմով: «Նրանք սարսափում են պատերազմից եւ միաժամանակ մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70.000 հայ: 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 մլն-ից քիչ մարդ: 5-10 տարի անց մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, իսկ նրանցը` 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում: Մենք կարող ենք այդ ճանապարհով լուծել հարցը: Այդ իսկ պատճառով միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկը հենց այն է, որ հարցը արագ լուծվի: Մենք էլ ենք դա ուզում: Բայց, կրկնում եմ, Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա»,- ասել է Ալիեւը: