Ինչպես երեւում է՝ մեր իշխանությունները մինչեւ հոգու խորքը վիրավորվել են «Forbes»-ի հրապարակումներից եւ բարկությունից տեղները չեն գտնում։ Բնական է՝ ո՞վ կսպասեր, որ բարեփոխումների, տարբեր վարկանիշերում բարձրանալու եւ տիեզերական ծրագրերի իրագործման նախաշեմին որեւէ մեկը հանկարծ հայտարարեր, որ Հայաստանն ունի աշխարհում երկրորդ վատագույն տնտեսությունը։
Սկզբում քիչ թե շատ այդ մասին խոսեց Ֆինանսների նախարարը։ «Ես չեմ ուզում ասել, որ «Forbes»-ի գրածը բացարձակապես իրականության հետ կապ չունի: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դա խիստ ակնթարթային գնահատական է, որը նմանատիպ չի կարող լինել եկող տարի, որովհետեւ գնաճի նվազող եւ տնտեսական աճի միտում ունենք: Ես ուզում եմ ասել, որ դա մի հատվածային գնահատական է` ամբողջովին պայմանավորված 2009-ով: Այս առումով առանձնապես խորն ուշադրություն չէի դարձնի` որպես վերջնական եւ կայուն ախտորոշում, այլ կնայեի դրան` որպես մեր մարտահրավերների ցուցանիշ, մեր խնդիրների առարկայացրած արձանագրում, որը մենք պետք է լուծենք եւ, կարծում ենք, որ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել էր Վաչե Գաբրիելյանը։
Սակայն, ինչպես երեւում է, դա չի բավարարել բարձրագույն իշխանությանը։ Սրանից կարելի է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե պարզապես վիրավորանքի եւ «թասիբի ընկնելու» հետ, այլ՝ խիստ անհանգստության։ Որոշ ԶԼՄ-ներում լուրեր հրապարակվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է բացատրություն տալ այդ հրապարակման վերաբերյալ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարել էր, որ եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա պետք է ասել, որ այդպես է, հակառակ դեպքում պետք է հերքել։ Այս ամենը հիմք է տալիս հավատալու, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իսկապես այդ հրապարակման մեջ սեփական պաշտոնին ուղղված վտանգ է նկատել։ Ասվածի օգտին խոսում է նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունում չեն ալարել, նստել եւ «Forbes»-ի նույն մեթոդաբանությամբ հաշվարկներ են կատարել եւ «սխալ հանել» ամսագրին։
«Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ, ոչ պարզ եւ անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ` հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը»,- նշված է կառավարության պաշտոնական արձագանքի նախաբանում:
Կառավարության մասնագետները հիշեցրել են, որ Համաշխարհային բանկը տալիս է ինստիտուցիոնալ եւ տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ գնահատականներ, որոնց համաձայն` Հայաստանի տնտեսական քաղաքականությանը տրվում է բավականին բարձր գնահատական։ «Տրամաբանորեն անհնար է ունենալ աշխարհում ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկը, որի արդյունքում երկրում ձեւավորվում է ամենավատ տնտեսությունը»,- նշել են նրանք:
Պաշտոնական պատասխանում նաեւ վիճելի են համարել մեթոդաբանությունը՝ հարցնելով, թե ինչո՞ւ են ընտրվել միայն 4 ցուցանիշ, ինչո՞ւ հատկապես այդ ցուցանիշները, ինչո՞ւ 3 տարվա համար, եւ այլն։ Սակայն, մեթոդաբանությանը համաձայն չլինելով, այնուամենայնիվ, մերոնք փորձել են նշված մեթոդաբանությամբ կատարել նույն հետազոտությունը, օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Ստացվել են, մեղմ ասած, զարմանալի արդյունքներ։
Պարզվել է, որ դիտարկված չափորոշիչներից ոչ մեկի դեպքում Հայաստանը չի մտնում վատագույն տասնյակի մեջ։ Մասնավորապես, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի տեսանկյունից՝ առաջին 10 երկրների միջին ցուցանիշը 313.3 դոլար է (Բուրունդին առաջատարն է` 163.6 դոլար ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի ցուցանիշը 3022.1 է։ Այս ցուցանիշով վատագույն տասնյակի մեջ չենք։ Նույնը՝ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի դեպքում է. ընթացիկ հաշվի փաստացի միջին ցուցանիշը առաջին 10 (վատագույն) երկրների համար -33.7 է (Լիբերիան առաջատարն է` -46.6 ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի փաստացի 3 տարվա միջինը -13.9 է` շատ հեռու 10 երկրների միջինից:
Մյուս երկու ցուցանիշների դեպքում նույնպես կառավարության հաշվարկների արդյունքը խիստ տարբերվում է «Forbes»-ի գնահատականից։ Այսպես, վատագույն 10 երկրների գնաճի միջին ցուցանիշը 15.6 է (Վենեսուելան առաջատարն է` 29.9% ցուցանիշով), իսկ Հայաստանինը` 6.8%: Վատագույն 10 երկրների համար ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը -3.6% է (Լատվիան առաջատարն է` 7.5%-ով), իսկ Հայաստանի ցուցանիշը` -1.5` հաշվի առնելով նաեւ 2009 թ.-ի խորն անկումը` -14.2%: «Փաստորեն, եթե բոլոր 4 ցուցանիշներով Հայաստանը վատագույն 10 երկրների ցանկից դուրս է, այդ դեպքում ինչպե՞ս է նշված 4 ցուցանիշներով հիմնված նրա հաշվարկային ընդհանուր ցուցանիշը Հայաստանը դասում վատագույն երկրորդ տեղում: Այս պարզ վարժությունը ցույց է տալիս, որ պարոն Ֆիշերի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:
Հաղթական վերջակետն էլ երեկ դրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով Երեւանի պետական համալսարանում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին «Forbes»-ի վարկանշային աղյուսակի վերաբերյալ, հայտարարել է, որ ավելի կարեւորում է Հայաստանի վարկանիշի վերաբերյալ «Մուդիսի», «Ֆիտչի» եւ «Ստանդարտ ընդ փուըրսի» գնահատականները եւ ոչ թե «ինչ-որ մի կայքի», որի գնահատականը «ինչ-որ քաղաքական գործիչներ» վերցնում են ու շահարկում:
Ստացվում է, որ եթե կառավարությունը ճիշտ է (ինչին, անկեղծ ասած, ցանկալի կլիներ հավատալ), ապա «Forbes»-ի հոդվածագիրը դիտավորյալ խեղաթյուրել է փաստերը։ Այդ դեպքում, կարելի է մտածել, որ ցանկը կազմվել է հատուկ Հայաստանին վարկաբեկելու նպատակով։ Ավելին՝ մի քիչ էլ երեւակայությանը զոռ տալու դեպքում կարելի է նշել անգամ պատվիրատուներին։ Սակայն դա արդեն դավադրությունների տեսությունից է։ Առավել եւս, որ այդ ամենը արդեն խոշոր հաշվով ոչինչ չի փոխում։ «Forbes»-ի հրապարակմանը ծանոթացել է ամբողջ աշխարհը, եւ չի բացառվում, որ որոշ պոտենցիալ գործարարներ այդ հրապարակումից հետո հրաժարվել են Հայաստանում բիզնես անելու մտադրությունից։ Մինչդեռ կառավարության պատասխանը հասցեագրված է ներքին լսարանին եւ ավելի շուտ՝ բնակչության եւ բարձրագույն իշխանությունների առջեւ արդարանալու նպատակ է հետապնդում։ Արտերկրում այն դժվար թե մեծ թվով մարդիկ կարդան։ Ինչպես ասում է ժողովուրդը, մի գիժ մի քար է գցում փոսը, 1000 խելոք չեն կարողանում հանել։ Ուրիշ բան, եթե կառավարությունը, վստահ լինելով իր մասնագետների գիտելիքների հարցում, դատի տար «Forbes»-ին՝ պահանջելով հերքում տպագրել, եւ փոխհատուցում պահանջեր Հայաստանի գործարար համբավը արատավորելու համար։ Այդ դեպքում, անշուշտ, միջազգային արձագանքն ավելի մեծ կլիներ եւ միջազգային հանրության կողմից Հայաստանը շատ ավելի լուրջ կընկալվեր, քան Մադագասկարը եւ Բուրունդին։