ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ զբաղվում էր իր ամենասիրած գործով՝ դասախոսություն կարդալով։ Այս անգամ վարչապետին լսելու պատվին արժանացել էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները։
Առաջ ընկնելով` նշենք, որ Տիգրան Սարգսյանը դիպլոմներ է հանձնել մագիստրատուրայի եւ բակալավրիատի շրջանավարտներին։
Դասախոսության թեման էր` «Գլոբալ տնտեսության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները»։ «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը` մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,- նշել է վարչապետը։
Իր ելույթում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ վիճակագրական համառոտ էքսկուրս կազմակերպելով նրանց համար։ Մասնավորապես, ըստ վարչապետի, Հայաստանի տնտեսությունն այսօր ունի հետեւյալ կառուցվածքը` ծառայությունների տեսակարար կշիռը 54% է, 17% գյուղատնտեսությունն է, շինարարությունը՝ 15% (մինչեւ ճգնաժամը 28% էր), արդյունաբերությունը` 15%: Արդյունաբերության մեկ երրորդը կամ ողջ ՀՆԱ-ի 5%-ը ապահովում է հանքահումքային ոլորտը, որը, վարչապետի խոսքով, «բավականին դինամիկ զարգանում է»:
Վիճակագրությունից հետո սահուն անցում է կատարվել անցած զարգացումների վերլուծությանն ու ներկա խնդիրներին։ Չնայած նրան, որ համաշխարհային ճգնաժամից անցել է արդեն 1.5 տարի, Տիգրան Սարգսյանը վերստին անդրադարձել է դրա հետեւանքներին։ Նա ասել է, որ ճգնաժամի հետեւանքով ԱՊՀ երկրներն ունեցան ավելի խորը տնտեսական անկում, քան համաշխարհային տնտեսությունում էր, որովհետեւ ԱՊՀ երկրների տնտեսությունները, ինչպես նաեւ` Հայաստանի տնտեսությունը դեռեւս չունեն բավարար դիվերսիֆիկացիայի մակարդակ, եւ մեկ-երկու ճյուղերի անկումը էական հարված է հասցնում ամբողջ տնտեսությանը:
«Նույն հիվանդությունը կար նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում: Մեզանում տնտեսական աճը մինչճգնաժամային 7 տարիների ընթացքում հիմնականում պայմանավորված էր շինարարության ոլորտով, եւ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ հասավ մինչեւ 28 տոկոսի: Դա աննախադեպ բարձր ցուցանիշ է: Եվ հիմնականում` արտասահմանից եկող մասնավոր ներդրումների հաշվին: Հասկանալի է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով արտասահմանից եկող մասնավոր ներդրումները էապես նվազեցին, եւ դա առաջին հերթին հարված հասցրեց շինարարության ոլորտին, եւ 2009 թվականին մենք շինարարության մեջ արձանագրեցինք 43 տոկոս անկում, որը եւ իր ազդեցությունը թողեց համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա»:
Տիգրան Սարգսյանը խոսել է նաեւ գյուղատնտեսության մասին՝ այն անվանելով տնտեսության «ամենապրոբլեմատիկ ոլորտը»։ Սակայն հավաստիացրել է, որ գյուղատնտեսության զարգացումը նույնպես գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում:
«Այսօր մենք գյուղատնտեսությունում ունենք 340 հազար տնտեսվարող, եւ ընդամենը ունենք 420 հազար հեկտար մշակվող հող: Հասկանալի է, որ գյուղատնտեսությունում անհրաժեշտ է իրականացնել նոր ռազմավարություն, նոր ծրագիր, ինչը եւ հաստատվել է կառավարության կողմից»,- ասել է Տիգրան Սարգսյանը եւ հատուկ ընդգծել, որ «Այն այսուհետեւ կոչվում է ոչ թե Գյուղատնտեսության զարգացման, այլ Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման»։ Փաստորեն՝ գյուղատնտեսության զարգացման լուծումը գտնված է. այն թաքնված էր «գյուղ» բառի մեջ։
Վարչապետը հետո խոսել է զբոսաշրջության մասին եւ նշել, որ զբոսաշրջության զարգացումը նույնպես իր գլխավորած կառավարության առաջնահերթություններից է, եւ նպատակ կա հասնել նրան, որ յուրաքանչյուր տարի Հայաստան այցելեն 3 միլիոն զբոսաշրջիկներ: Ուսանողները, սակայն, չեն հարցրել՝ իսկ կա՞ այնպիսի ոլորտ, որը առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Եվ եթե կառավարության համար բոլոր ոլորտների զարգացումները առաջնահերթ են, ընդհանրապես ինչի՞ համար է օգտագործվում «առաջնահերթություն» բառը։
Ինչեւէ, վարչապետը ուրախացրել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ կառավարության կողմից հաստատվել են 17 ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվելու են մոտ 80 միլիարդ դրամի ներդրումներ, որոնց արդյունքում կստեղծվեն երկու հազար նոր աշխատատեղեր: Արտաքին պարտքի չափով անհանգստացող երիտասարդ տնտեսագետներին նույնպես հաճելի անակնկալ էր սպասվում. Տ. Սարգսյանը նշել է, որ այսօր Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 43%-ը, եւ հավաստիացրել, որ կառավարությունը կկարողանա չանցնել 50%-ի շեմը:
Եվ վերջապես՝ խոսելով գնաճի մասին, Տ. Սարգսյանն ասել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին կնկատվի գնանկում. «Հիմա կայունացման միջավայրում ենք մենք գտնվում, իսկ արտաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություններն ուղղված են գնաճի զսպմանը, եւ այս տարվա արդյունքները ցույց են տալիս, որ մենք արդեն հասել ենք այդ գործում բավականին մեծ հաջողությունների: Տարվա սկզբից այս պահի դրությամբ գնաճը կազմում է 3.5%, մենք մտել ենք դեֆլյացիոն փուլ: Այսինքն` հուլիսին նույնպես լինելու է գնանկում, ինչպես նաեւ` օգոստոսին լինելու է գնանկում»:
Միջոցառմանը ներկա՝ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը այսպիսի կոմպլիմենտ է արել ֆակուլտետին. «ձեր ուսանողները ձեր քայլող գովազդներն են»։ Ասել է թե՝ հիանալի կադրեր են։ Իսկ եթե այդպես է, նշանակում է` նրանք պետք է քաջատեղյակ լինեին թե՛ մեր տնտեսությանը վերաբերող վիճակագրական տվյալներին, թե՛ խնդիրներին, թե՛ ճգնաժամի հետեւանքներին։ Այսինքն՝ վարչապետի դասախոսությունը նրանց համար, մեծ հաշվով, որեւէ հետաքրքրություն չպիտի ներկայացներ։ Սակայն Հայաստանում հյուրերին չեն ընդհատում, մանավանդ, եթե խոսելը նրանց հաճույք է պատճառում։