«Օջախ» կգնան վերջում

14/07/2011

Իշխանությունների հետ երկխոսելու համար Հայ ազգային կոնգրեսի ձեւավորած պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, թե իշխանություն – ՀԱԿ երկխոսության ընթացքում իրենք բարձրացնելու են մեկ հարց` արտահերթ ընտրությունների անցկացումը: «Այս երկրում իշխանությունները ապօրինի են, ընտրվել են կեղծությամբ` բարբարոսական կեղծությամբ, եւ դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Չի ստացվում իշխանություն – ժողովուրդ կապը, չի ստացվում իշխանության աշխատանքը»,- ասել է նա` իշխանական կոալիցիայի ձեւավորած աշխատանքային խմբի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ բանավեճում: Նրանք եեւրկուսն էլ ընդունել են, որ պատվիրակները որոշում կայացնողներ չեն. հարցերը կբարձրացվեն ու կփոխանցվեն ղեկավարներին, որոնք էլ կընդունեն համապատասխան որոշումները: «Բայց մեր կապը մեր ղեկավարության հետ պետք է լինի այնքան օպերատիվ, այնքան գործնական, որ տեղում հարցերը լուծվեն»,- ասել է Ֆ. Խաչատրյանը: Իսկ Բոստանջյանն ասել է, թե տեղյակ չէ` ինչպես կվարվի իշխանությունը, երբ ընդդիմությունը բարձրացնի արտահերթ ընտրությունների հարցը: «Մենք այդ մասին տեղյակ ենք պահում: Եթե մեզանից ավելի կոմպետենտ մարդիկ կտեսնեն, կպատկերացնեն, որ մենք, մեր հիմնավորումները… այդպես են, իրենք կվարվեն համապատասխան ձեւով»,- ասել է նա` ավելացնելով, որ թեեւ իշխանությունը դեռեւս չունի ընդդիմության հետ երկխոսելու օրակարգ, սակայն անձամբ ինքը կցանկանար ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել, օրինակ, արտագաղթի ցուցանիշները, վարկային միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրները: Նրանցից որեւէ մեկը երեկվա դրությամբ տեղյակ չի եղել պատվիրակությունների առաջին հանդիպման մասին: «Ընդհանուր հայտարարություն եղել է` տասը օրվա ընթացում,- ասել է Ֆ. Խաչատրյանը` ավելացնելով,- Մենք դեռեւս չենք հանդիպել: Առաջարկություն կլինի` կհանդիպենք: Ես մի խնդրանք ունեմ, որ այդ փոխանցելը, ստանալը մի քիչ արագ լինի»: Ի պատասխան` Վ. Բոստանջյանն ասել է. «Ես կարծում եմ, դա չի կարող արագ չլինել»:

Ի դեպ, անդրադառնալով Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը Կոնգրեսին կարող է երկխոսության հրավիրել Սեւանի ափ կամ «Օջախ» ռեստորան, երեկ Ֆ. Խաչատրյանն ասել է. «Որ հիմա գնանք «Օջախ», վերջը լավ չի լինի: «Օջախ» վերջում կգնանք, երբ պայմանավորվենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շուրջ»: