MTV կամ ինչպես video-ն կործանեց ռադիոաստղին

11/11/2005

1980-ականները պահպանողականների կառավարման տարիներն էին, ինչն անդրադառնում էր նաեւ ձայնագրման ստուդիաների վրա: Անցել էին պոստպանկերի, պոստդիսկոյի, պոստամենինչերի ժամանակները, ու թվում էր՝ երաժշտությունը կորցրել է պայքարի ոգին: Հին խմբերը, ինչպես, ասենք, Rolling Stones-ը, շարունակ ձայնագրում էին նույն ալբոմը, իսկ նորերը ձգտում էին գոնե հասնել հների մակարդակին:

Բայց մեծ ձայնապնակների վրա ձայնագրված երաժշտական ստեղծագործությունները շարունակում էին շահույթ բերել: Այդ էր պատճառը, որ երկու հսկա կորպորացիաներ՝ Warner Brothers-ը եւ American Express-ը, (վերջինս ընդհանրապես հեռու էր երաժշտությունից), միացան իրար:

1979թ. գործընկերները միասին ֆինանսավորեցին Warner Cable ֆիրման, որը կաբելային հեռուստատեսության համար նոր ալիքներ էր ստեղծում: Նրանք հրավիրեցին Ռոբերտ Պիտմանին՝ 24-ժամյա կինոալիք ստեղծելու նպատակով: Դա վճարովի ալիք էր, որտեղ գովազդ չկար: Այն արագ դարձավ հանրաճանաչ: Այդ ժամանակ ֆիրման Պիտմանին առաջարկեց ստեղծել սեփական ալիքը, որը գոյություն էր ունենալու գովազդի հաշվին:

Պիտմանի խումբը որոշեց, որ իրենց հիմնական ունկնդիրը պիտի լինեն բարձր դասարանցիներն ու երիտասարդությունը: Նրանց հեռուստահաղորդումներով հետաքրքրելը հեշտ չէ, բայցեւ նրանք ցանկալի լսարան են գովազդատուների համար:

Իսկ ինչպե՞ս կարելի է նրանց գրավել: Իհարկե, ռոք-երաժշտությամբ ու երիտասարդների խնդիրների նկատմամբ «առանձնահատուկ» վերաբերմունքով:

Մի տարի անց Պիտմանը Warner Cable-ի տնօրենների խորհրդին ներկայացրեց իր նախագիծը: Խորհուրդը որոշեց, որ այն դատապարտված է անհաջողության ու մերժեց նախագիծը: Բայց Պիտմանը կարողացավ համոզել Warner Brothers-ի եւ American Express-ի ղեկավարներին, եւ այսպիսով լույս աշխարհ եկավ MTV-ին՝ երաժշտական հեռուստաալիքը:

Պիտմանն իր խմբի հետ որոշեց, որ ալիքը չի ծերանալու լսարանի հետ միասին: «Մենք հասկանում ենք, որ հեռուստադիտողները տարիների ընթացքում մեծանալու են ու կամաց-կամաց սառելու են ալիքի նկատմամբ: Բայց նրանց տեղը գրավելու են ավելի երիտասարդները,- ասաց Պիտմանը հարցազրույցներից մեկի ժամանակ,- բայց մենք աշխատելու ենք փոփոխություններ անել ավելի շուտ, քան լսարանը կհասցնի ձանձրանալ»:

Ինչ վերաբերում է ալիքի անվանմանը, ապա Պիտմանին դուր էր գալիս TV-1-ը: Մյուս տարբերակը TVM-ն էր: Բայց մի անգամ հաղորդման տնօրեն Սթիվ Քեյսին հանկարծ ասաց. «Իսկ քեզ չի՞ թվում, որ MTV-ն ավելի լավ է հնչում, քան TVM-ը»: Այսպես ծնվեց MTV անվանումը:

Ստեղծագործական խումբը պատրաստվում էր առաջին եթերին: Ալիքի բացման օրը MTV-ի պահոցներում կար ընդամենը մոտ 250 տեսաերիզ, որոնք բազմազանությամբ աչքի չէին ընկնում: Ռիսկը մեծ էր, բայց հույս կար, որ հաջողության դեպքում ձայնագրման ստուդիաները կսկսեն իրենք առաջարկել տեսահոլովակները:

1981թ. օգոստոսի 1-ին MTV-ն եթեր դուրս եկավ «Վիդեոն սպանեց ռադիոաստղին» երգով՝ Buggles-ի կատարմամբ: Ճակատագրի հեգնանքով հենց այդ խումբը դարձավ սեփական կանխագուշակության առաջին զոհերից մեկը:

Գոյության առաջին տարում ալիքի վնասները կազմեցին 50 մլն դոլար, որ նախատեսվածից 40 մլն-ով ավելի էր: Հեռուստալսարանը գրավելու համար MTV-ն գովազդային ակցիա սկսեց. ամենահայտնի կինո եւ հեռուստաաստղերը բոլոր ալիքներով գովազդում էին MTV-ն: Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները. 1984-ի դեկտեմբերից ալիքը սկսեց շահույթ բերել:

MTV-ի ազդեցությունն աճում էր: Այժմ բավական չէր ուղղակի լավ երգել կամ նվագել ռոքի աշխարհում տեղ գրավելու համար, հարկավոր էր նաեւ ֆոտոգենիկ արտաքին ունենալ:

Տհաճություններ նույնպես լինում էին: Օրինակ՝ ֆեմինիստուհիներին դուր չէին գալիս շղթայապատ մարմիններով կիսամերկ կանայք, ովքեր, նրանց կարծիքով, չափազանց հաճախ էին երեւում MTV-ում: Եվ հետո, ոչ սպիտակամորթ կատարողներ գրեթե չկային եթերում: 1983թ. փետրվարին հեռարձակված տեսահոլովակներից միայն 2-ում էին նրանք հանդես գալիս: Մեկը Թինա Թերներն էր, մյուսը՝ English Beat խումբը, որի կազմը խառն էր: Նույն թվականին MTV-ն մերժեց եթեր տրամադրել Մայքլ Ջեքսոնին ու Billie Jean-ին: Պիտմանը քննադատներին հավաստիացնում էր, որ Ջեքսոնի Ritm&Bluze-ը, ինչպես նաեւ` քանթրի ոճի երաժշտություն, MTV-ով եթեր չի գնա:

Մամուլը հաղորդեց, որ կաբելային հեռուստատեսության ղեկավարությունը կտրուկ արձագանքեց այդ վերջնագրին. կամ եթեր տրամադրել Բիլլի բլյուզին, կամ հրաժեշտ տալ ֆիրմային: Այդպես է, թե ոչ, բայց այդ երգը շուտով հայտնվեց MTV-ի եթերում, դեռ ավելին, հենց այդ երգը հանդիսատեսի շրջանում հսկայական հաջողություն ունեցավ:

4 տարի անց MTV-ն նոր ոճով հանդես եկավ՝ MTV-ռեփ: Այս ուղղությունը մեծ ճանաչում գտավ MTV-ի շնորհի՞վ, թե՞ մեղքով:

1990թ. MTV-ն սկսեց տեսահոլովակների նոր շարք, որտեղ ռոք-աստղերը նվագում էին ակուստիկ կիթառով, իսկ 1993-ին նրանց «Կուղբերն ու դդմագլուխները» ծրագիրը հանդիսատեսի դժգոհությունն առաջացրեց: MTV-ին մեղադրեցին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ:

Այսօր MTV-ն հեռարձակվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում եւ մեծ շահույթ է բերում: