«Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչեւ 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ մինչեւ 2008 թ. ապրիլի 1-ը Հայաստանը 1000 խ/մ գազը ձեռք էր բերում 180 դոլարով եւ, ըստ անցած տարվա հայտարարությունների, այս տարի գազի գինը պետք է բարձրանար: Սակայն Հայաստան առաքվող գազի գինը ապրիլի 1-ից այդպես էլ չհայտարարվեց: Մայիսի վերջին հայտարարվեց, որ «ՀայՌուսգազարդը» եւ «Գազպրոմէքսպորտն» այս տարվա ապրիլին ստորագրել են 2008թ. պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի` կողմերը սահմանել են 2011թ. Հայաստան առաքվող բնական գազի տարեկան եւ ամսական չափաքանակները: «Գազպրոմը» պայմանագիր ունի նաեւ Բելառուսի եւ Մոլդովայի հետ, ըստ որոնց, ինչպես Հայաստանի դեպքում, 2011-ից պետք է անցում կատարվի շուկայական գնագոյացման` եվրոպական գների: Այս տարի արդեն հայտարարվել է, որ «Գազպրոմը» Բելառուսին 1000 խ/մ գազը վաճառելու է տարեկան միջինը 230 դոլարով, Ուկրաինային` 280-290 դոլարով: Եվ չնայած Ա. Մովսիսյանի երեկվա հայտարարությանը, համառորեն լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանն այդուհանդերձ բարձրացրել է Հայաստան առաքվող գազի գինը` այն դարձնելով 210 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց: «Գազպրոմը», սակայն, համառորեն չի մեկնաբանում այդ տեղեկությունները: Մասնավորապես երեկ Tert.am-ի հարցմանն ի պատասխան` ընկերությունից ասել են, որ «Գազպրոմը» չի մեկնաբանում Հայաստան առաքվող գազի գնի հարցը` նշելով, որ գինը պայմանագրի կոմերցիոն բաղադրիչն է: Ինչեւէ, երեկվա ասուլիսում Ա. Մովսիսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման խնդրին` ասելով, որ Հայաստանը պատրաստ է էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա: Ըստ նրա` Հայաստանը ունի էլեկտրաէներգիա արտահանելու ներուժ, եւ եթե գտնվի թուրքական ընկերություն, որը կկարողանա հաղթահարել քաղաքական բարդույթները, ապա հնարավոր կլինի այդ երկիր էլեկտրաէներգիա արտահանել: Մովսիսյանը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 16%-ով` կազմելով 3,72 մլրդ Կվտ/ժամ: Նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 7,45%-ով, իսկ արտահանումը` 63%-ով, եւ կազմել 783 մլն Կվտ/ժամ: Հիշեցնենք, որ հայկական էլեկտրաէներգիան ամբողջովին արտահանվում է Իրան` «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձեւի համաձայն. 1 խ/մ իրանական գազի դիմաց առաքվում է 3 Կվտ/ժամ հայկական էլեկտրաէներգիա: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասին պայմանավորվածությունը 2009թ. ձեռք էր բերվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության եւ Թուրքիայում էլեկտրաէներգիայի վաճառքով զբաղվող բելգիական «Յունիթ» ընկերության միջեւ, բայց այն այդպես էլ չիրագործվեց: