Նոր սերնդի համար Մադագասկարը մուլտֆիլմ է: Բայց մեր վարչապետի բնորոշմամբ` «պատահական» ու «անհայտ մասնագետների վերլուծություններ» հրապարակող «Ֆորբսի տվյալներով»` Մադագասկարը երկիր է: Ավելին, աշխարհի ամենաթույլ զարգացած երկրներից է: Բնակչության 75 տոկոսը միջազգային բոլոր չափանիշներով աղքատ է: Մադագասկարի տնտեսապես ակտիվ բնակչության (մոտ 8 մլն մարդ) 80 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: Մադագասկարի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը ապահովում է հենց տնտեսության այս ճյուղը: Որքան էլ տարօրինակ է, այս երկրում աճի ցուցանիշներ արձանագրվում են հիմնականում հողագործության ոլորտում:
Չնայած այդ փաստին, օգտագործվում է մշակման ենթակա հողերի կեսը միայն: Ավելին, մշակովի հողերի ավելացման անվան տակ տարեկան միջին հաշվով 65 հազար քառ. կմ անտառ է հատվում: Այսինքն` ոչնչացվում: Հիմնական մշակաբույսերն են` բրինձը, բանանը, եգիպտացորենը եւ այլ պես-պես անուն ունեցող բույսեր: Դրանց մշակման ոլորտում Մադագասկարը համաշխարհային մասշտաբով առաջատար է: Այս երկիրն, օրինակ, վանիլինի ամենամեծ արդյունահանողն է: Ինչպես նաեւ` մանիոկ ու իլինգ-իլինգ անունը կրող բույսերի: Իլինգ-իլինգը թանկարժեք օծանելիքի հումք է: Բայց դա ամենեւին կապ չունի երկրի բնակչության բարեկեցության հետ: Դեռեւս հեռավոր 1980 թվականից այս երկրի իշխանությունները փութաջանորեն նավթ են փնտրում: Բայց մինչ օրս արդյունաբերական հանքեր չեն հայտնաբերվել: (Հավանաբար մադագասկարցիներն էլ հայի բախտ ունեն): Տնտեսական բազմաթիվ ցուցանիշներ ակնհայտ են դարձնում բնակչության ծայրահեղ աղքատ ապրելու փաստը: Օրինակ այն, որ մադագասկարցիները միս ուտում են միայն կարեւոր արարողությունների ու ծիսակատարությունների (հարսանիք, թաղում եւ այլն) ժամանակ: Խոշոր եղջերավոր անասուն ունենալը հարստության չափանիշ է: Մադագասկարի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը մոտ 2 մլրդ դոլար է: Հաշվեկշիռը, բնականաբար, բացասական է: Այսինքն` ավելի շատ ներմուծում են, քան արտահանում: Էներգառեսուրսներից զուրկ այս երկրի ներմուծման առաջին ապրանքատեսակը, բնականաբար, նավթն է: Տումասին քաղաքում նույնիսկ նավթամշակման գործարան կա: Գյուղատնտեսական այս երկրի ներմուծումների մեջ մեծ է նաեւ սննդամթերքի բաժինը: Որքան էլ տարօրինակ է, բայց Մադագասկարը նաեւ արդյունաբերություն ունի: Արտադրում է ցեմենտ, օճառ, դեղորայք եւ էլի ինչ-որ բաներ: Երկրում կա նաեւ կիսաօրինական ոսկու եւ սուտակի արդյունահանում: Արդյունաբերության մեջ մեծ է սննդի վերամշակման ծավալը: Արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի մոտ 8 տոկոսը: Այս ցուցանիշը նաեւ ապահովվում է գարեջրի արտադրության հաշվին: Տարեկան արտադրվում է մոտ 25 մլն լիտր գարեջուր: Առանձնահատուկ պետք է նշել նաեւ ձկնարդյունաբերության մասին: Արհեստական լճերում ձուկ ու խեցգետին են բազմացնում, որ արտահանում են:
Տնտեսության նկարագիրը թերի կլիներ, եթե չնշեինք մոտ 850 կմ երկարություն ունեցող երկաթգծի առկայությունը: Երկրում սպառվող էլեկտրաէներգիան արտադրվում է հիմնականում երեք հէկ-երում: Տարեկան մեկ շնչի հաշվով արտադրվում է մոտ 22 կվտ/ժամ հոսանք: Էներգահագեցածության պատկերը կամբողջացնի նաեւ այն փաստը, որ մեկ շնչի հաշվով տարեկան մեկ կգ քարածուխ է օգտագործվում: Բնակչության համար ջերմության հիմնական աղբյուրը փայտն է` մոտ 69 տոկոս: Եթե հիշում եք` նշել էինք, որ տարեկան մոտ 65 հազար քառակուսի կմ անտառ է հատվում: Հեղուկ վառելիքն ապահովում է էներգիայի 28 տոկոսը, իսկ հիդրոէներգիան` մեկ տոկոսը: Մադագասկարը նաեւ ազգային սեփական վճարամիջոց ունի: Օտարերկրացիները, չգիտես ինչու, այն անվանում են մադագասկարյան ֆրանկ: Իսկ տեղացիները ազգային դրամին շատ ավելի ճիշտ անուն են տվել` «արիարի»:
Ընդունեք, որ փողի արիարի ասելու մեջ ինչ-որ հարազատ, կարելի է ասել` հայկական երանգ կա: Բայց արի ու տես, որ համաշխարհային բոլոր տնտեսագիտական ձեռնարկներում տնտեսության նման նկարագիր ունեցող երկրին անվանում են «ամենաթույլ զարգացած»: Սա, հավանաբար, արեւմտյան կուշտ ու հաբռգած փորձագետների գնահատականն է, ովքեր չեն տեսնում Մադագասկարի կառավարության անձնազոհ ու տիտանական աշխատանքը: Ավելին, ոչ միայն չեն տեսնում, այլեւ չեն ուզում տեսնել ու իրենց Ֆորբսերում անլուրջ վերլուծություններ են հրապարակում Մադագասկարի մրցունակ ու իրականում բարձր վարկանիշ ունեցող տնտեսության մասին: Եթե ուսումնասիրեք Մադագասկարի արտաքին ապրանքաշրջանառության տվյալները` հարգանքի արժանի շատ փաստեր կգտնեք: Օրինակ արհեստական ու բնական լճերում աճեցրած ձկների ու խեցգետինների արտահանման ուղղությունները: Մադագասկարյան խեցգետինը միայն Ֆրանսիա չէ, որ արտահանվում է: Այլ նաեւ ԱՄՆ եւ Ռուսաստան: Իսկ այդ երկու երկրների ափերը համաշխարհային չորս օվկիանոսներից երեքն են ողողում: Դրանց վարար գետերի ու խոշոր լճերի մասին էլ չխոսենք: Ոչ էլ բնական պաշարների:
Շարունակելի