Գները շարունակում են մնալ կայուն բարձր

14/07/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամառը, կարելի է ասել` արդեն կիսվել է, բայց երեւանյան մրգերի եւ բանջարեղենի վաճառասեղաններին գները մնացել են կայուն բարձր: 1կգ վարունգը վաճառվում է 350 դրամով, պոմիդորը՝ 200, կանաչ լոբին՝ 650, մանր խնձորը՝ 600 (գոլդեն խնձորները՝ 1500-1600), սալորը՝ մինչեւ 1000, բալը՝ 600, դեղձը՝ 900, ծիրանը՝ 300-800, ընդ որում՝ չեչոտ ծիրանը, ձմերուկի 1կգ-ն` 150, սեխինը՝ 300 դրամ: Երեկ որոշ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ միրգ եւ բանջարեղեն ներկրող անհատներից: Նրանք հիմնականում խուսափում էին հարցերից: Մեզ հաջողվեց խոսել Վրաստանից լոլիկ եւ վարունգ ներկրող Զաուրի Մամուլյանի հետ, ով միայն նշեց, որ ինքը վատառողջ է, եւ ներկրման գործերով մեկ ուրիշն է զբաղվում: Հարցին, թե արդյոք Հայաստանում պոմիդորի կամ վարունգի պահանջարկի աճ նկատո՞ւմ են, որ ներկրում են, Զ. Մամուլյանը պատասխանեց. «Առեւտրի մեջ ավել կամ պակաս չա: Կա մենակ շահ»: Վերջինս դժվարացավ ասել, թե ի՞նչ քանակությամբ պոմիդոր կամ վարունգ են ներկրում՝ բավարարվելով միայն այն պնդմամբ, թե այսօր ներկրելու գործն էլ «ձեռք չի տալիս»:

Ինչեւէ, եթե ամառվա այս սեզոնին մրգերի եւ բանջարեղենի բարձր գները զարմացնում է շարքային հայաստանցուն, ապա գյուղնախարար Սերգո Կարապետյանին բնավ չի զարմացնում: Վերջինս մեծ ոգեւորությամբ հայտարարում է, որ ծիրանի բերքատվությունը բարձրացել է, բերքահավաքն ընթանում է անխոչընդոտ, գյուղացիները գոհ են: Եթե Երեւանի Գումի շուկայի աշխատակիցները նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին չէին ճանաչել՝ նրան դիմելով «հոպար» բառով, եւ հետաքրքրվելով, թե «հոպարին» ի՞նչ է պետք շուկայում, ապա լոռեցիները ներկա գյուղնախարար Ս. Կարապետյանին ճանաչելով հանդերձ` դիտողություն էին արել՝ «Տո ջահել, ձենդ չբարձրացնես»: «Գյուղնախարարը պիտի գա հող մշակի: Նույն նախարարն առաջ Արտաշատի զավոդի դիրեկտորն էր: Տարիներով փող չեն տալիս: Բերքը տանում-հանձնում ես, փողը մի տարի հետո են տալիս»,- մեզ հետ զրույցում պատմում էին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի գյուղացիները, ովքեր մյուս գյուղերի բնակիչների պես` ՀՀ գյուղատնտեսական նախարարությունից որեւէ օժանդակություն չեն ստանում: Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 1996-2011թթ. եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահը, գլխավոր տնօրենը:

Գյուղացիներն այնքան են հարմարվել իրենց ճակատագրին, որ այլեւս հումորով ասում էին՝ «Թող գյուղնախարարը մեզ չխանգարի, նրա օգնելը մեզ պետք չի»: Այս օրերին գյուղի բնակիչները կոպեկներով են հանձնում բերքը: Նրանց ասելով՝ դա վաղուց սովորական է դարձել իրենց համար, միայն թե շատերը, չհասցնելով վարկերի բեռից ազատվել, հեռանում են: Միայն Լենուղի գյուղից 1 տարվա ընթացքում արտերկիր է մեկնել 500 ընտանիք: Գյուղի բանջարեղեն վաճառողների խոսքով՝ եւս 50 ընտանիք գրանցվել է, որպեսզի գնա Ռուսաստան: Ընդ որում՝ գյուղացիներն ակտիվորեն օգտվում են Ռուսաստանի հյուսիսային շրջաններ տեղահանելու ծրագրից:

Ինչեւէ, մինչ գնորդը բողոքում է ամառվա այս սեզոնին ապրանքների թեժ գներից, վերավաճառողներն իրենց հերթին դա պայմանավորում են բերքի պակասով, իսկ գյուղացիներն էլ դժգոհում են վերավաճառողների անխղճությունից: Մի քանի առիթներով մենք դիմեցինք ՀՀ գյուղնախարարությանը՝ հետաքրքրվելով, թե ընդհանրապես Գյուղնախարարությունն ի՞նչ է անում, որպեսզի գյուղացիները կոպեկներով չհանձնեն իրենց բերքը: «Գյուղնախարարությունը գնային քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասացին Գյուղնախարարությունում՝ ամեն դեպքում, կամ, ինչպես ասում են՝ «նավսյակի» հետաքրքրվելով, թե մենք ի՞նչ նկատի ունենք` կոպեկներ ասելով: Ի դեպ, նշենք, որ գյուղացիների փոխանցմամբ (երկու շաբաթ առաջվա տվյալներով)` պոմիդորը վաճառում էին՝ 150, վարունգը՝ 10, դդմիկը՝ կաբաչկան, 20-30, սմբուկը՝ 400, տաքդեղը՝ 100-200, կաղամբը՝ 10-30 դրամով: Գյուղնախարարությունում զարմացել էին այս «ֆանտաստիկ» գներից՝ նշելով, թե իրենց աշխատողներն անձամբ ամեն առավոտ հետեւում են գներին, եւ նման բան գոյություն չունի: Ինչեւէ, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) 2011թ. մարտ ամսին արձանագրած տվյալների՝ բանջարեղենի ապրանքախմբում գրանցվել է 28,6% աճ: Բանջարեղենից հետո թանկացել են մրգերը՝ 41%: Բանջարեղենի ապրանքախմբում ամենաշատը թանկացել է կարտոֆիլը, որի գինն այս օրերին 350-400 դրամ է: Նկատենք, որ դեռեւս նախորդ տարի արդեն խոսում էին կարտոֆիլի հնարավոր թանկացման մասին, քանի որ ցանքատարածությունները կրճատվել են 30%-ով Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաեւ` Արարատյան դաշտավայրում:

Ինչեւէ, ըստ ԱՎԾ-ի՝ 2002թ.-ից սկսած սպառողական գների ինդեքսն աճել է՝ հասնելով ամենաբարձր մակարդակին: Այսինքն՝ 9 տարվա դիտարկման ընթացքում այսպիսի գնաճ գոնե ԱՎԾ-ն չէր ֆիքսել: «Այդ ամեն ինչը կախված է տնտեսության վիճակից, որի բնորոշումը տվել ենք՝ ավազակապետության պայմաններում, օլիգարխիկ տնտեսության պայմաններում, մենաշնորհի առկայության դեպքում այլ տարբերակ չէր կարող լինել՝ գներն անընդհատ աճելու են: Թեկուզ Սերժ Սարգսյանն էլ վերեւից հրահանգ տա: Հիշո՞ւմ եք՝ ի՞նչ էր նա ասում, որ մայիս ամսին գներն իջնելու են, դառնալու են մատչելի քաղաքացիների համար, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել գների բարձրացում: Դա պայմանավորված է մենաշնորհներով: Ինչպիսի քաղաքականություն էլ ուզում են վարել երկրի տնտեսական պատասխանատուները, Կենտրոնական բանկը, կառավարությունը, եթե կա մենաշնորհ, նման քաղաքականությունը ոչ մի արդյունք չի կարող տալ,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով,- Գյուղատնտեսությունն իր յուրահատկությունն ունի: Հաշվի առնելով այս տարվա ոչ բարենպաստ պայմանները, անցյալ տարվա գյուղատնտեսության կրած վնասները, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ գյուղատնտեսներ պարզապես չեն զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով` պարտքերի տակ գտնվելու պատճառով, ապրանքի քանակությունն էլ քիչ է, որն ընկել է օլիգարխների ձեռքը, եւ մենք՝ որպես քաղաքացիներ, տուժում ենք, եւ ցանկացած մթերք՝ դա լինի բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, բոլորի գներն էլ բարձրացել են: Մեկնաբանությունները, որ տալիս են գյուղնախարարը կամ կառավարության անդամները, թե գներն իջել են, չեն համապատասխանում իրականությանը: Մենք ենք առեւտուր անում շուկայից, եւ տեսնում ենք, որ անցած տարվա համեմատ գները բարձրացել են: Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ արատավոր համակարգը կա»: