Վերջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվող կոնյակի ծավալները նվազել են: Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
Ռուսաստանը, որ Հայաստանից կոնյակ ներկրող հիմնական երկիրն է, պահանջարկը կրճատել է: Դրա պատճառները դժվար է միանշանակ նշել, սակայն Հ. Համբարձումյանի փոխանցմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել կա՛մ ռուսական շուկայում արձանագրված պահանջարկի փոփոխությամբ, կա՛մ ՌԴ-ում ընդունված ակցիզային փոփոխություններով, ներմուծողների լիցենզավորմամբ: 2008թ. կոնյակի արտահանումը բավական մեծ էր՝ ամսական մոտ 100 մեքենա կոնյակ էր արտահանվում: 2009-2010թթ. կոնյակի արտահանման ծավալները կրճատվեցին, իսկ ահա 2011թ. սկզբում նկատվեց որոշակի աշխուժացում: Ընդ որում՝ նշենք, որ Հայաստանից արտահանվող ապրանքների շարքում 2010 թ. տվյալներով առաջին տեղը զբաղեցնում է կոնյակը: Արտահանվող ապրանքների շարքում են ջուրը, հանքային ջուրը, շինանյութը, մասնավորապես` քարը, գարեջուրը, պահածոները, մուրաբաները, հայկական մրգերն ու բանջարեղենը: Կոնյակից հետո արտահանման ծավալներով երկրորդ տեղում միրգն է, իսկ երրորդ տեղում՝ ջուրը: Չնայած այն փաստին, որ առաջին տեղում գտնվող կոնյակի արտահանման ծավալները կրճատվել են, Հայաստանն այս տարի ակտիվորեն սկսել է մրգի արտահանումը: Արտահանվող ապրանքների, այդ թվում՝ մրգի եւ բանջարեղենի գերակշիռ մասը՝ մոտ 70-80%-ն արտահանվում է Ռուսաստան: Այս տարի առաջին անգամ արտահանվող ապրանքների շարքում կլինի լոլիկը: Այն դեպքում, երբ մեր հանրապետությունն ինքը ներկրում է պոմիդոր եւ վարունգ այլ երկրներից: Ինչեւէ, չնայած կոնյակի արտահանման ծավալները նվազել են, փոխարենն ակտիվացել է ծիրանի արտահանումը: «Անցած տարի ծիրանի արտահանումն ավելի քիչ էր: Այս տարի արտահանումն ավելի լավ է: Անցած տարվա համեմատ` այս տարի բավական առաջխաղացում կա»,- նկատեց Հայաստանի միջազգային փոխադրումների ասոցիացիայի նախագահը: Ընդ որում՝ այս տարի Հայաստանից արտահանվել է մոտ 120 մեքենա ծիրան: Մինչդեռ նախորդ տարի այս ցուցանիշն անհամեմատ ցածր էր` մոտ 30-40 մեքենա: Հայաստանի միջազգային ասոցիացիայի նախագահի հավաստմամբ՝ ներկայում փոխադրումների հիմնական խնդիրը պայմանավորված է Թուրքիայի տարածքով անցնելով: «Թուրքական ավտոմեքենաներն ազատ մտնում են Հայաստան, իսկ մենք հայկական մեքենաներով Թուրքիա չենք կարողանում մտնել»,- ասաց Հ. Համբարձումյանը: Վերջինիս կարծիքով՝ հայ-թուրքական սահմանների բացումը քաղաքական խնդիր է, ինչին ասոցիացիան, այսպես ասած՝ չի խառնվում: «Դա քաղաքագետների խնդիրն է: Թուրքիային մենք ուրիշ հարցադրում ունենք՝ ինչո՞ւ թուրքական ավտոմեքենաները կարող են Վրաստանով Հայաստան մտնել, նույն ձեւով մենք էլ ցանկություն ունենք փոխադրումներն անել, այսինքն՝ Վրաստանով մտնենք Թուրքիա, որտեղից էլ տարանցիկ անցնենք Ռուսաստան: Մենք էլ այս հարցն ենք դնում»,- նկատում է նա: Համբարձումյանի ասելով՝ համաժողովների ժամանակ ինքը բարձրացրել է այդ հարցը, բայց այն առայսօր լուծում չի ստացել: Ըստ նրա՝ այդ համաժողովների մասնակից-պետություններից Ադրբեջանն այդ հարցը լսելիս միշտ առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: «Ադրբեջանցիներն ասում են՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծեք, նման բան չի լինի: Մենք ընդհատում ենք նրանց՝ ասելով, որ դա քաղաքական հարց է, եւ թող իրենք քաղաքագետների հետ լուծեն այդ հարցը: Դա տրանսպորտի ոլորտի ներկայացուցչի խնդիրը չէ, եւ եթե ցանկանում են՝ թող քաղաքագետներին միանան,- ասաց զրուցակիցս՝ ընդգծելով,- Մենք սահմանների բացման խնդիր չենք դնում: Դա մեր գործը չէ: Եթե թուրքերն իրենց ավտոմեքենաներով հնարավորություն ունեն Հայաստան գալ, մենք էլ ուզում ենք մեր մեքենաներով Թուրքիա գնալ»: Ընդ որում՝ այդ հարցի լուծման տարբերակը թուրքերը եւս կապում են ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ՝ ասելով, որ` Հայաստանը թող լուծի Ադրբեջանի հետ իր խնդիրները, հետո իրավիճակը պարզ կլինի: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, երբ թուրքերն իրենց մեքենաներով անարգել ելումուտ են անում Հայաստանում, Հ. Համբարձումյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ մեր Կառավարությունը չի արգելում թուրքերին՝ Հայաստան մտնել: Եթե արգելի, շուկա է փակվում»: Հայաստանի միջազգային փոխադրողների նախագահի փոխանցմամբ՝ ամսական մոտ 1000 թուրքական ավտոմեքենա է մտնում Հայաստան՝ բերելով շինանյութեր, սնունդ, հագուստ: «Ես դրան դեմ չեմ, շուկան պետք է բաց լինի, բայց միայն չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մեզ արգելում: Այժմ մենք ակտիվորեն զբաղվում ենք այդ հարցով»,- ասաց Հ. Համբարձումյանը: Ըստ վերջինիս՝ Հայաստանը ներկրում է ձավարեղեն, հյութեր, ռուսական օղի, շոկոլադ, քաղցրավենիք եւ այլն: Ի դեպ, նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարի ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 6մլն 196 հազար տոննա: 2009թ. համեմատ նկատվել է 9,9 % աճ: Ընդ որում՝ արտահանման ծավալը կազմել է 210,3 հազար, ներկրմանը՝ 779,3 հազար տոննա: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3մլն 063,3 հազար տոննա՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,1%-ով: Երկաթուղային ճանապարհով 2010-ին հանրապետությունից արտահանվել է` 340,8 հազար, ներկրվել է 1մլն 425,9 հազար տոննա ապրանք: 2009-ի համեմատ երկաթուղային ճանապարհով արտահանման ծավալը նվազել է 1,4%-ով, ներմուծման ծավալն ավելացել է 7,3%-ով: Ավտոտրանսպորտով բեռների արտահանման ծավալները 2010-ին ավելացել են` 26,9, իսկ ներմուծմանը՝ 17,3%: Նախորդ տարի տրանսպորտի ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10մլն 577 հազար տոննա: