Հունիսի 20-25-ը Կանարյան կղզիներում` Տեներիֆեում կայացավ «Starmus» (Stars and Music) աստղագիտության առաջին փառատոնը, որը յուրօրինակ գիտական, փիլիսոփայական եւ երաժշտական իրադարձություն էր:
Փառատոնի մտահղացման հեղինակը, գլխավոր կազմակերպիչը եւ տնօրենը մեր հայրենակիցն է` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի («Instituto de Astrofisica de Canarias» (IAC) աշխատակից, աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը: 2002թ. Կանարյան կղզիների իշխանությունները Գ. Իսրաելյանին պարգեւատրեցին պատվո շքանշանով, իսկ Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը նրան շնորհեց պատվավոր քաղաքացու կոչում եւ հատուկ կարգավիճակ այդ երկրում: Հիշեցնենք, որ մի քանի հայտնագործությունների հեղինակ, միջազգային մեծ ճանաչում ունեցող գիտնական Գ. Իսրաելյանը շվեյցարացի խոշոր գիտնական, աստղաֆիզիկոս Միշել Մայորի եւ Նունո Սանտոսի հետ այս տարի արժանացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանված` Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակին:
Այս տարվա «Starmus» փառատոնը նվիրված էր Տիեզերք թռիչք կատարած առաջին մարդու` Յուրի Գագարինի լեգենդար թռիչքի 50-ամյակին, որը տեղի էր ունեցել 1961թ. ապրիլի 12-ին: Գագարինի թռիչքն ամենախոշոր իրադարձությունն է, որը կատարվել է աշխարհում:
Ի դեպ, փառատոնի կազմակերպչական աշխատանքների ընթացքում «Starmus»-ի նախագիծը եվրոպացի քաղաքական գործիչներին ներկայացնելիս, Գ. Իսրաելյանին ոմանք հարցրել էին` «Իսկ Գագարինը գալո՞ւ է փառատոնին մասնակցելու»: Չզարմանաք, բայց նման հարցադրում էր արել նաեւ Տեներիֆեի նախագահը:
Ավելին, փառատոնի թեժ օրերին բազմաթիվ լրագրողներ, ովքեր Գ. Իսրաելյանին էին դիմում հարցազրույցների եւ տեղեկատվության համար, նույն հարցն էին տալիս. «Իսկ կարո՞ղ ենք Յուրի Գագարինի հետ էքսկլյուզիվ հարցազրույց խնդրել»: Այս ամենից հետո, Գ. Իսրաելյանն իրեն ուղղված` «Ինչո՞ւ որոշեցիք նման փառատոն անել», հարցին պատասխանում էր. «Գագարինի թռիչքը, որ աշխարհում երբեւէ տեղի ունեցած ամենախոշոր իրադարձությունն էր, որը քաղաքակրթությունը բերեց բոլորովին մի նոր մակարդակի, մարդիկ, հատկապես երիտասարդները` տեղյակ չեն: Կարեւոր չէ Գագարինի ազգությունը: Կարեւորը փաստն է, եւ նա առաջինն էր: Մարդիկ պետք է իմանան գիտական նվաճումների մասին: Պետք է ֆիլմեր նկարահանվեն այդ մարդկանց մասին: Երիտասարդները պետք է իմանան եւ գնահատեն: Լրագրողների եւ որոշ քաղաքական գործիչների` Գագարինի մասին ինձ ուղղված նման հարցադրումներից հետո այլեւս պատասխանում եմ` որպեսզի նման անգրագետ հարցեր այլեւս չհնչեն»:
Ինչո՞ւ էր «Starmus»-ն անցկացվում Կանարյան կղզիներում: «Գագարինը բացել է առաջին «դուռը» դեպի Տիեզերք, իսկ Կանարյան կղզիներում մենք ունենք «պատուհան»` աշխարհի ամենամեծ աստղադիտակը եւ եզակի աստղադիտարան: Այստեղ միաժամանակ կարելի է տեսնել կենդանակերպի լույսն ու Հարդագողի ճանապարհը»,- ներկայացնում էր Գ. Իսրաելյանը:
Փառատոնի խորհրդատվական խմբի-կազմխորհրդի անդամներն են` տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը (Ռուսաստան), աստղաֆիզիկոս, «Queen» խմբի կիթառահար, Լիվերպուլի Ջոն Մուրի անվ. համալսարանի ռեկտոր Բրայան Մեյը (Մեծ Բրիտանիա), Կանարյան կղզիներում Աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսը (Իսպանիա), Միջազգային աստղագիտական միության (IAU) նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ) եւ Գարիկ Իսրաելյանը:
Փառատոնը, որը լի էր տարբեր բնույթի միջոցառումներով` Տիեզերքին նվիրված լուսանկարների, տիեզերական արվեստի ցուցահանդեսներով, վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ, ամենօրյա գերհագեցած գիտաժողովներով, մեծ իրադարձություն դարձավ նաեւ իր մասնակիցներով: Ներկա էին լեգենդար տիեզերագնացներ, հեղինակավոր երաժիշտներ, մեծ գիտնականներ (այդ թվում` 4 Նոբելյան մրցանակակիրներ), ֆանտաստիկ գրողներ, լուսանկարիչներ: Փառատոնի շրջանակներում համերգով հանդես եկավ «Tangerine Dream» խումբը, որն առաջինն է սկսել կատարել «տիեզերական երգեր»: Համերգի սկզբում եւ վերջում խմբի հետ հանդես եկավ ինքը` լեգենդար կիթառահար Բրայան Մեյը: Գ. Իսրաելյանի խնդրանքով «Tangerine Dream»-ը երաժշտություն էր գրել աստղերի մթնոլորտում հնչող ակուստիկ ալիքների ձայների հիման վրա` նվիրված Յու. Գագարինին:
Կանարյան կղզիների ամենամեծ աստղադիտակի գմբեթի մեջ «108 րոպե» (այդքան է եղել Գագարինի թռիչքի տեւողությունը) կլոր սեղան անցկացվեց, որի ընթացքում քննարկվեցին կյանքի որոնումները Տիեզերքում եւ տիեզերագնացության ապագան:
Գլխավոր հյուրը, որի մասնակցությունը ցնցեց շատերին` 80-ամյա լեգենդար Նեյլ Արմսթրոնգն էր (Neil Alden Armstrong): Նա առաջին մարդն էր, ով 1969թ. հուլիսին «Ապոլոն 11» տիեզերանավով ոտք դրեց Լուսնի վրա: Որեւէ մեկը չէր հավատում, թե նա կարող է համաձայնել մասնակցել որեւէ փառատոնի: Ի դեպ, վերջերս, երբ Մոսկվայում Կրեմլի մակարդակով նշվում էր Գագարինի թռիչքի 50-ամյակը, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը եւ վարչապետ Վ. Պուտինը նրան հրավիրել էին մասնակցելու, սակայն նա մերժել էր: Արդեն 15 տարի եւ ավելի` Ն. Արմսթրոնգը հրաժարվում է մասնակցել քաղաքական խնդիրներ եւ շահեր հետապնդող որեւէ միջոցառման, նույնիսկ` գիտական շղարշի տակ քաղաքական շահարկումներով արարողություններին: Ավելին, նա խուսափում է լուսանկարվելուց, տեսախցիկների առջեւ հայտնվելուց: Նա նաեւ հրաժարվում է ինքնագիր տալուց, որը, որպես կանոն, հետո դրանց տերերը վաճառքի առարկա են դարձնում: Սակավախոս Ն. Արմսթրոնգը, սակայն, չնայած իր մեծությանը, պարզվեց, որ համեստագույն անձնավորություն է: Նա փառատոնին համաձայնել էր մասնակցել, ելույթ ունենալ միայն այն պատճառով, որ այն զուտ գիտական, կրթական, արվեստային նշանակություն ունի եւ որեւէ քաղաքական շահ չի հետապնդում: Նա բառացիորեն զզվել է քաղաքականությունից, քաղաքական գործիչների կողմից տարբեր շահարկումներից: Իսկ հանուն գիտության զարգացման նա պատրաստ է ցանկացած մասնակցության: Նա փառատոնի ընթացքում նույնիսկ հրաժարվեց իր եւ մնացյալ պատվավոր հյուրերի համար նախատեսված VIP սպասարկումից` հատուկ ավտոմեքենայից եւ դեպի աստղադիտարան տանող ուղղաթիռից: Նա բոլոր մասնակիցներիս հետ միասին մի վայրից մյուսն էր տեղափոխվում բոլորի համար նախատեսված ավտոբուսներով:
Նա մասնակցեց Լա Պալմայի աստղադիտարանի դիտումներին եւ կլոր սեղանի քննարկումներին, զեկույցով հանդես եկավ: Քննարկման ժամանակ նա դիտողություն արեց։ «Մենք ունեինք եւ տեխնոլոգիաներ, եւ ռեսուրսներ: Մենք այսօր կարող էինք արդեն հետազոտական կայան ունենալ Լուսնի վրա, այնպիսին, ինչպիսին գործում է Անտարկտիդայում»,- գիտության զարգացման հեռանկարների մասին խոսելիս ասաց նա:
Փառատոնին ներկա էր նաեւ Լուսին ոտք դրած երկրորդ մարդը` Բասս Օլդրինը (Buzz Aldrin), ով զեկույցով հանդես եկավ եւ մեկնեց` Արմսթրոնգի ժամանելուց առաջ: Ի դեպ, 1969թ. Լուսնից վերադառնալուց հետո Բ. Օլդրինի եւ Ն. Արմսթրոնգի հարաբերությունները փոքր-ինչ վատացել էին: Թերեւս այն պատճառով, որ միասին էին թռել, սակայն Արմսթրոնգին էր վերապահվել Լուսնի վրա առաջինը ոտք դնելու պատիվը: Օլդրինին դա, ակնհայտ, դուր չէր եկել. իր զեկույցում էլ նա նշեց, թե իր համար անհասկանալի մնաց` ինչո՞ւ Արմսթրոնգն առաջինը ոտք դրեց Լուսնի վրա` չսպասելով իրեն: Ինչո՞ւ շտապեց: Այդ է եղել պատճառը, որ հենց տիեզերանավի մեջ նրանց երկուսի հարաբերությունները վատացել են: Այդ օրվանից նրանք երկուսով միաժամանակ նույն վայրում չեն հայտնվում. մեկը գնում է` մյուսը ժամանում է: «Տիեզերքում չափազանց շատ տեղ կա, որոնց նվաճումների համար արժե նույնիսկ կյանքը վտանգել: Կարծում եմ` իմաստ ուներ կրկին դեպի Լուսին թռիչք իրականացնել: Դա մի վայր է, որտեղ ռադիացիա չկա եւ որտեղ մենք կարող էինք մեր հաջորդ հետազոտական արշավանքներին նախապատրաստվել»,- ասում էր նա: Նրա համոզմամբ` դեպի Մարս թռիչքը ցանկալի է` նույնիսկ ուղղակի ռիսկերի պարագայում: Ալեքսեյ Լեոնովը, սակայն, անհանգստություն հայտնեց հնարավոր բախումների կապակցությամբ. «Մենք պետք է հնարավոր բախումներից, վտանգներից խուսափելու համար լուրջ պաշտպանվածություն ստեղծենք: Այդպես կարող ենք պաշտպանել ողջ մարդկությունը: Եթե Թունգուսսյան մետեորիտը բախվեր Լոնդոնին` ամբողջ քաղաքը կավերվեր»: Ջորջ Սմութը բոլորին հանգստացրեց` նշելով, որ Տիեզերքում դիտումներ իրականացնող համակարգեր կան, որոնք հետեւում են Տիեզերքի վտանգավոր օբյեկտներին: Իսկ Բրայան Մեյն իր հերթին ավելացրեց, որ շատ ուրախ կլիներ, եթե Լուսնի վրա այնպիսի մի աստղադիտակ տեղադրված լիներ, ինչպիսին Կանարյան կղզիներում է: «Դա մեծ ներդրում կլիներ»,- ասաց նա: Փառատոնի բոլոր զեկույցները` գիտական, հանրամատչելի, ճանաչողական, չափազանց հետաքրքիր եւ էմոցիոնալ ապրումներ էին պարունակում:
Զեկույցներով հանդես եկան 1965թ. բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Ապոլոն-8» տիեզերանավի տիեզերագնաց Բիլլ Անդերսը (Bill Anders), ով 1968թ. դեպի Լուսին թռիչքին մասնակցեց, Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, Ջիմ Լովելլը (Jim Lovell)` «Ապոլոն-13» տիեզերանավի հրամանատարը, ում շատերը հիշում են 1970թ. թռիչքից` իր հայտնի արտահայտությամբ` «Հյուսթոն, մենք խնդիր ունենք», որը նա ասաց ուժգին պայթյունից հետո: Այնտեղ էր Վիկտոր Գորբատկոն, Յուրի Բատուրինը, Ջորջ Սմիթը (George Elwood Smith), Կիպ Տորնը (Kip Thorne), Ռոբեր Ուիլյամսը (Robert Williams), Ջեկ Շոստակը (Jack Szostak), Ջիլլ Թարթերը (Jill Tarter), Միշել Մայորը (Michel Mayor), Բրայան Մեյը (Brian May), Սամի Սոլանկին (Sami Solanki), Ռոբերտ Ուիլսոնը (Robert Wilson), Ադամ Բարրոուզը (Adam Burrows), Ջորջ Սմութը (George Smoot), Լեսլի Սեյջը (Leslie Sage), Ջոզեֆ Սիլքը (Joseph Silk) եւ շատ-շատերը: Տիեզերագնացները պատմում էին իրենց ապրումների, հուզմունքների եւ առաջին զգացողությունների մասին:
Գարիկ Իսրաելյանը մի քանի տարի առաջ «Աստղերի երաժշտության» նախագիծն առաջ քաշեց, որն արդեն հայտնի է ոչ միայն գիտնականներին, այլեւ աշխարհահռչակ երաժիշտներին: Հայ գիտնականը փառատոնի ընթացքում պատմեց այս նախագծի մասին. «Դեռեւս 2000 տարի առաջ Արիստոտելն առաջ քաշեց «սֆերաների երաժշտություն» գաղափարը, ըստ որի` Տիեզերքում մոլորակների շարժումից երաժշտություն է առաջանում, որը շատ հեռու է եւ անհնար է լսել: Մոտ 10 տարի առաջ աստղագիտության մեջ սկսեց զարգանալ «աստղերի սեյսմոլոգիա» կոչվող գիտական ճյուղը: Աստղերի մթնոլորտներում ուղղահայաց եւ հորիզոնական գազային ալիքներ կան: Դիտողական աստղագիտության գործիքներն այնքան են կատարելագործվել, որ այդ տատանումների արագությունը կարող ենք չափել մեկ մետր/վայրկյան ճշտությամբ: Աստղը ստատիկ գազ չէ: Եվ քանի որ աստղը պտտվում է` տատանման հաճախականությունն անընդհատ փոխվում է: Աստղը դառնում է անընդհատ բաբախող համակարգ: Ես սկսեցի այդ աստղերի ձայնային տեմբրը վերականգնել: Երբեմն դրանք ինֆրաձայներ են` շատ ցածր հաճախականություն ունեն, եւ սովորական ականջով հնարավոր չէ լսել: Հսկայական հետազոտություն սկսեցի` համեմատում էի տարբեր աստղերի ձայները, փորձում հարմոնիա գտնել: Հետո պարզվեց, որ միայն աստղերը չէ, որ ակուստիկ ձայներ ունեն: Արեւը, որ դարձյալ աստղ է, ունի ձայներ: Սեւ խոռոչներին շրջապատող սկավառակներում էլ ակուստիկ ձայներ կան: Գնալով նախագծիս սահմաններն ընդլայնեցի: Տիեզերքի տարբեր միջավայրերի, օբյեկտների ձայները վերարտադրեցի»,- ներկայացրեց նա: Բոլորը լսում էին այդ ձայները:
Տերենիֆե-Երեւան