Վիտալի Կլիչկոն հեռանում է բռնցքամարտից

11/11/2005

Չորեքշաբթի օրը WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարեց բռնցքամարտիկի կարիերան ավարտելու եւ մեծ սպորտից հեռանալու մասին։ Այդ որոշումը ընդունվել է Kerlan-Jobe մարզական բժշկական կլինիկայում հետազոտություն անցնելուց հետո, որն անցկացրել է կլինիկայի դոկտոր Նիլ Թրեյջը։ Ուկրաինացին ենթարկվել է փոխպատվաստման վիրահատության։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Կլիչկոն պետք է մրցեր ամերիկացի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի հետ։ Սակայն այդ մենամարտն անցյալ շաբաթ արդեն հետաձգվել էր 90 օրով՝ Կլիչկոյի ծնկի վնասվածքի պատճառով։

Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի այս որոշումը հարուցել է Ռահմանի մենեջերների դժգոհությունը, որոնք նշում են, որ մենամարտն առանց այն էլ չորս անգամ հետաձգվել է։ Նրանք կասկածում էին, որ Կլիչկոն խուսափում է մենամարտից, սակայն երեկվա որոշումը ցույց տվեց, որ վնասվածքն իսկապես լուրջ է։

«Վերջին շրջանում ես ավելի շատ պայքարում էի ոչ թե իմ հակառակորդների, այլ սեփական վնասվածքների դեմ։ Սպորտից հեռանալու դժվարին որոշումը ես կայացրել եմ բռնցքամարտի իմ կարիերայի գագաթնակետին։ Ես հեռանում եմ որպես չեմպիոն եւ չեմպիոնական գոտին հպարտությամբ հանձնում եմ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի ձեռքը»,- հայտարարել է Կլիչկոն։