Հունվար ամիսն էր, ամանորյա տոները: Հրաշքներն ու հեքիաթները թափառում էին մարդկանց տներում: Խրախճանք, շնորհավորանքներ, մաղթանքներ… Ինքն էլ էր հավատում հրաշքներին: Երազում էր մայր դառնալ: Արդեն 31 տարեկան էր ու ուզում էր կյանքն իմաստավորել: Մեկ-մեկ երազում էր Մոցարտի, Բախի սիմֆոնիաների ներքո, սիրում էր դասական երաժշտություն` հավատալով, որ այն մարդու հոգին մաքրում է: Երբ ձանձրանում էր` անմիջապես գնում էր պատկերասրահներ` արվեստի գործերից ուժ ստանալու: Հունվար ամիսն էր, ամանորյա տոները: Մի օր կուրծքը շոշափելիս` կոշտուկ զգաց: Անհանգստացավ, սակայն մայրը մխիթարեց, թե` արտառոց բան չկա, բայց հանգիստ լինելու համար պետք է ստուգման գնալ: Ծննդյան տոներն ավարտվեցին, ու որոշեց գնալ Մամոգրաֆիայի կենտրոն: Ասում է` «Անի Հակոբյանը երկարատեւ ստուգումներից հետո ասաց, որ չարորակ գոյացություն կա` քաղցկեղ: Ասաց, որ պետք է կուրծքն ամբողջությամբ հեռացնել: Զգում էի, որ լսում եմ, բայց նաեւ չէի կարողանում հասկանալ` ի՞նչ է կատարվում: Հիմա հիշում եմ, որ մենակ «հա» ու «չէ» էի ասում: Ոչինչ չէի զգում: Գնացի տուն` շոկի մեջ, շփոթված: Զգայարաններս մի տեսակ քարացել էին: Երկու օր ոչինչ չէի գիտակցում: Կամաց-կամաց սկսեցի մարսել, որ դա իմ մասին է, ու մշտապես ինքս ինձ հարցնում էի` պիտի մեռնե՞մ: Ինձ կորցրել էի»: Էլեն Քալաշյանը երբեք առողջական որեւէ խնդիր չի ունեցել: Մշտապես սովորել ու աշխատել է, մի քանի մասնագիտություն ունի: Նախկինում աշխատել է հեռուստատեսությունում եւ ռադիոյում` որպես հնչյունային ռեժիսոր, այնուհետեւ եղել է «Հայֆեստ» թատերական միջազգային, ինչպես նաեւ` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոների կազմկոմիտեում: Կենսուրախ, կյանքի նկատմամբ հավատով լի մարդ է: Հունվար ամսից բուժհաստատությունների դռներն է բացում ու ամեն անգամ էնտեղից ուժասպառ եղած տուն է վերադառնում: Երկու օր է պետք ոտքի կանգնելու համար: «Շատ դժվար է, մանավանդ Ուռուցքաբանական հիվանդանոցում: Գալիս եմ տուն, ու ինձ ժամանակ է պետք, որ ոտքի կանգնեմ: Ինչ էլ լինի` ինձ հավաքում եմ ու ապրում եմ այնպես, ինչպես միշտ եմ ապրել»: Կուրծքը հեռացնելու բժիշկների խորհուրդը չի ընդունել, փոխարենը` հունվարի 26-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վիրահատվել է` չարորակ գոյացությունը հեռացնելու նպատակով. «Վիրահատությունը բարեհաջող անցավ, ինձ շատ լավ էի զգում: Բժիշկը նույնիսկ հաջորդ օրն ինձ ասաց, որ կարող եմ տուն գնալ: Վստահ էի, որ ամեն ինչ վերջացած է, ու էդ չարիքն ինձնից հեռացել է»: Տուն վերադառնալուց հետո մեջքի` ողնաշարի շրջանում ցավեր են սկսվել: 2-3 օրից ցավերից անկողին է ընկել եւ չի կարողացել առհասարակ տեղաշարժվել: Դրա հետ մեկտեղ, ողնաշարում գոյացություններ են հայտնվել: Զանգահարել է բժշկին, ով նրան հորդորել է չանհանգստանալ` պատճառաբանելով, որ հետվիրահատական ցավեր են, որոնք շուտով կանցնեն: Էլենը գամվել է անկողնուն, ցավերն էլ ավելի սոսկալի են դարձել: Բժշկի խորհրդին չհետեւելով` կրկին գնացել է Մամոգրաֆիայի կենտրոն: «Անի Հակոբյանն ինձ իսկույն խորհուրդ տվեց բիոպսիա կատարել: Հաջորդ օրը բիոպսիա արեցին, անալիզի արդյունքների հարցում համոզվելու համար նույնիսկ կրկնակի հետազոտություն արեցին: Համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտեցին, ու համոզվեցինք, որ երկու շաբաթվա ընթացքում քաղցկեղը տարածվել է ամբողջ մարմնովս մեկ` թոքեր, լյարդ, ոսկորներ…»,- պատմում է Էլենը` ասելով, որ իր տատիկը նույնպես կրծքի քաղցկեղից է մահացել, եւ բժիշկները դա բացատրում են գենետիկ փոխանցումով: Գենետիկայի կենտրոնում հյուսվածքային մանրադիտակային կենսազննման արդյունքում մասնագետները հայտնաբերել են, այսպես կոչված, «Her2/neu-3+» քաղցկեղային գենետիկ բաղադրությունը, որը համարվում է ամենաագրեսիվ տարածվողը: Չարորակ նորագոյացությունը կատաղի արագությամբ զարգանում է` ախտահարելով անգամ ոսկորներն ու մյուս օրգանները: Էլենի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է «Herceptin» դեղամիջոցը, որի մեկ սրվակն արժե 1մլն 120.000 դրամ: Քիմիաթերապիայի յուրաքանչյուր կուրսն արժե 4500 դոլար: «Հիվանդանոցում ասացին, որ հիմա` մեզ մոտ ճգնաժամ է, դեղորայք չենք տրամադրում, եթե կարողանաք դուք այն ձեռք բերել… Առաջին կուրսն անցնելուց բոլոր դեղամիջոցները մենք կարողացանք գնել, իսկ երկրորդ անգամ նրանք երկու անուն դեղորայք տրամադրեցին: Վերջին անգամ ասացին` չունենք, վերջացել է: Այսինքն` այսպես թե այնպես, «Herceptin» ճարելը միանշանակ մեզ վրա է»,- ասում է Էլենն, ում շուտով սպասվում է քիմիաթերապիայի եւս մեկ կուրս: Ամբողջ մարմնով տարածված չարորակ գոյացությունը ճնշելու համար Էլենին սպասվում է 6-8 քիմիաթերապիայի կուրս: «Արդեն երեք կուրս ստացել եմ, եւ դրական տեղաշարժ կա, բայց էս քաղցկեղն էնքան անկանխատեսելի բան է, որ կարող է շատ արագ նորից զարգանալ: Նախկինում ընդհանրապես ցավերից չէի կարողանում շարժվել, բայց կուրսը ստանալուց մի 10 օր հետո ուշքի եմ գալիս»,- ասում է նա` հավելելով, որ չարիքի պես մի բան արագ կերպով խժռում է իրեն: Քաղցկեղի հայտնաբերումից հետո մի քանի ամիս է անցել: Էլենը հաճախ իրեն հարց է տալիս` պիտի մեռնե՞մ, ու վստահաբար պատասխանում է` իհարկե ապրելու եմ: «Հասկանո՞ւմ եք, ես իրավունք չունեմ կոտրվելու, ուզում եմ լիարժեք ապրել այնքան, որքան կարող եմ: Բնականաբար, ժամանակ առ ժամանակ դեպրեսիվ եմ դառնում, քիմիաթերապիան շատ ծանր բան է, բայց ժամանակի ընթացքում մեջս ուժ եմ գտնում: Այսպես ասած` արհամարհում եմ մահվանը: Ես էնքան ծրագրեր ունեի… Չէր կարելի էսպես: Էնքան էի ուզում մայրանալ»,- ասում է Էլենն ու հասկանալով, որ զգացմունքներին տուրք է տալիս, անմիջապես սթափվելով մտնում է ուժեղ մարդու դերի մեջ: Ասում է` թեեւ ընտանիքում այդ թեմայով խոսելու արգելք չի դրվել, այդուհանդերձ, երբեք չեն խոսում իր հիվանդությունից: Ընկերուհին` Լիանա Սարգսյանը, Էլենի մասին խոսելիս չի կարողանում հուզմունքը զսպել, լաց է լինում, իսկ Էլենը ժպտում է: «Երբ իմացանք, որ Էլենը քաղցկեղ ունի… Չէինք հավատում, շոկի մեջ էինք: Մտածում էինք, ախր 31 տարեկան, երիտասարդ, որ դեռ նոր կյանք է մտել: Մենք` ընկերներով երկար ժամանակ ուշքի չէինք գալիս: Խոսում, քննարկում էինք, որ գոնե մեծ տարիքում լիներ` ավելի թեթեւ կնայեինք, բայց Էլենը… Հետո, երբ սկսեցինք իր հետ այս թեմայով խոսել, չէինք կարողանում մեր հուզմունքը զսպել, լացում էինք, ու մի բան էլ ինքն էր մեզ մխիթարում, հույս տալիս, թե` ամեն ինչ լավ կլինի, ես չեմ մեռնելու»,- ասում է Լիանան` հուզմունքից լաց լինելով: Արդեն քանի ամիս է` Էլենը գիտի, որ իր կյանքին վտանգ է սպառնում, բայց այդ մասին չի աղաղակում եւ ոչ էլ դրանից փոխել է բնավորությունն ու ապրելակերպը։ «Դեղորայքի համար գումար հայթայթելն ամենադժվար բանն է, որից հիմա իմ կյանքը կախված է: Բայց առաջ ոչ մեկին չէի դիմում, իսկ հիմա վիճակս կրիտիկական է: Մի օր պատահաբար տեսա, որ ընկերներս «Facebook» սոցիալական ցանցում հաշվեհամարս ու հիվանդության իմ պատմության մասին տեղեկատվություն են տարածել: Էդքան հիվանդությունիցս չէի հուզվել, որքան նրանից, որ հասկացա, թե ինչքան մարդ է իմ կողքին կանգնած: Ինձ համար շատ կարեւոր էր զգալ, որ ես մենակ չեմ, դա ինձ մեծ ուժ տվեց, որովհետեւ շատ մարդիկ են արձագանքում: Շատերը չեն հրապարակում, չեն գրում իրենց ով լինելը, բայց բանկային հաշվին փոխանցված գումարով ես տեսնում եմ, թե ովքեր են ինձ ձեռք մեկնել: Էնքան շնորհակալ եմ այդ մարդկանց»,- ասում է Էլենը, ով թեեւ մի քանի օրից կրկին պետք է քիմիաթերապիայի կուրս ստանա, այդուհանդերձ անհրաժեշտ դեղորայքի գումարն առայժմ չունի: Էլենը հավատում է, որ բարեսիրտ մարդկանց շնորհիվ կհավաքվի այդ գումարն ու հնարավոր կլինի ապրել. «Ճիշտն ասած` այնտեղ, որտեղ ես ապրում եմ, անգամ բակի բնակիչները չգիտեն` ինձ հետ ինչ դժբախտություն է կատարվում: Մեր հարեւանուհին մի օր ինձ մուտքում տեսավ, շփոթված նայեց աչքերիս ու սկսեց լաց լինել: Ասում է` «Facebook»-ից է կարդացել ու ինձ անընդհատ ասում է` ասա՛, որ դա քո մասին չէ, ասա, որ դու էդ հիվանդությունը չունես»: Էլենը հիմա երազում է մի բանի` ողջ մնալու մասին: Ասում է, որ հրաշքների հավատում է, բայց, թե որքանով այդ հրաշքն իր դուռն էլ կթակի… «Բոլոր իմ բժշկական թղթերը բազմիցս կարդացել եմ, մատներով շոշափել եմ, բայց չեմ կարողանում հավատալ, որ դա ինձ հետ է տեղի ունենալու: Էդ հավատն ինձ պահում է, հակառակ դեպքում, եթե կոտրվեմ` էդ չարիքն ինձ կուտի: Ամենադժվարն Ուռուցքաբանական հիվանդանոց մտնելն է, շատ ծանր է»,- ասում է Էլենը` վստահեցնելով, որ անգամ քիմիաթերապիայի գնալուց առաջ պատրաստվել է: Բավականին երկար մազերը հատուկ կտրելով կարճ սանրվածք է ստացել` հասկանալով, որ պետք է աստիճանաբար վարժվել մազերի կորստին. «Մազերս լրիվ թափվեցին, պարիկ է սա: Շատ դժվարությամբ եմ այն կրում, որովհետեւ ինձ անընդհատ թվում է, որ ճիշտ չեմ դրել, ծռվել է, գլուխս երեւում է: Աստիճանաբար կսովորեմ, ամեն ինչին էլ սովորում ես, ժամանակ է պետք: Մազ է, էլի, կաճի, ինձ կյանքն է պետք»: Երբ կանգնում է հայելու առաջ, ինքն իրեն խոստանում է նախկին ու ներկա Էլենների մեջ բան չփոխել, թեեւ ներկայիս Էլենը խոցելի է, ու այսօրվա Էլենի մեջ մահանալու վախ կա: Չի հավատում, որ իր հետ կարող է նման բան պատահել եւ այդ համոզմունքն իրեն ապրելու ուժ է տալիս: 31-ամյա Էլեն Քալաշյանը զարմանալի կամքի ուժի տեր մարդ է: Նույնիսկ իր հիվանդության մասին խոսելիս ժպտում է, իսկ երբ ասում է, որ այդ չարիքն արագ կերպով իրեն խժռում է` անհասկանալի բնազդով ծիծաղում է: Ասում է` պատրաստ է պայքարին, բայց մարդկանց կարիքը շատ է զգում: Քիմիաթերապիայից հետո շատ է տկարանում, բայց ոտքի է կանգնում այն զգացումից, որ իր հետ պայքարում են շատ ծանոթ ու անծանոթ մարդիկ: 4500 դոլար արժողությամբ յուրաքանչյուր կուրս ստանալու ժամանակը երբ մոտենում է` խուճապահար է լինում, բայց հավատում է, որ մարդիկ ձեռք կմեկնեն ու իր կողքին կլինեն: Վերջերս որոշել է նամակներով դիմել մեր հանրապետության մեծահարուստներին եւ պաշտոնյաներին, բայց… «Նրանցից ոչ մեկն իմ խնդրանքներին չարձագանքեց: Ես ուղղակի խնդրել էի օգնել ինձ` կյանքս երկարացնելու համար: Հավատացե՛ք, որ շատերին եմ դիմել, ովքեր մեծ փողեր ունեն: Ինձ համար զարմանալին էն է, որ հարուստներն անտարբերության մատնեցին այն փաստը, որ մի փոքրիկ գումար ներդնելով` կփրկեն երիտասարդ աղջկա կյանքը, բայց համեստ աշխատավարձով ապրող մարդիկ իսկույն արձագանքեցին: Երբ հաշվեհամարս ստուգում եմ, տեսնում եմ, որ մեկը` 2000 դրամ, մյուսը` 200 դոլար կամ 1000 դրամ է ուղարկել: Դա շատ թանկ բան է ինձ համար, հավատացե՛ք: Այսինքն` օրվա հացի գումարը մի կերպ վաստակող մարդիկ պատրաստ են իրենց դրամով մարդու կյանք փրկել, իսկ շատ մեծ փողեր ունեցողները, ցավոք…»:
Ռազմավարական ծրագիրը կա, բայց անհրաժեշտ դեղորայքի փող չկա
Հայաստանի ուռուցքաբանները վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս ասուլիսներ են հրավիրել եւ բաց տեքստով հայտարարել, որ հանրապետությունում քաղցկեղային հիվանդությունների զարգացումն անհանգստացնող բնույթ է կրում: Ընդ որում, այս հիվանդությունը բավական երիտասարդացել է: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը վերջերս հայտարարում էր, թե այսօր մեր պետությունն իր վրա է վերցրել քաղցկեղով հիվանդների բուժման ծախսը: «Երբ հաստատվում է քաղցկեղ ախտորոշումը, հիվանդը բուժվում է պետպատվերի շրջանակներում: Պետպատվերով տրվում են այն դեղամիջոցները, որոնք հիվանդանոցին պետությունն է տրամադրել: Հիմնականում երկրորդ, երրորդ սերնդի հակաուռուցքային դեղամիջոցներ են, իսկ վերջին սերնդի հակաուռուցքային դեղերը, որոնք շատ թանկ են, շատ քիչ քանակով են ստանում հիվանդանոցները, այդ պատճառով էլ բնակչության մի մասը սեփական միջոցներով է գնում այդ դեղամիջոցները»,- ասել էր Գ. Բազիկյանը: Ի դեպ, հարկ է նշել, որ մեր երկրում գոյություն ունի չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիր: «Ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում շուրջ 2700 մարդ: Այդ հիվանդացության եւ նրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման եւ անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: ՀՀ բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացությունը զբաղեցնում է երկրորդ տեղը` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: 1999թ.-ից սկսած գրանցվել է չարորակ գոյացություններից մահացության եւ հիվանդացության միապաղաղ աճ»,- նշված է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրում: Այլ կերպ ասած` պետությունն անհանգստանում է, ծրագրեր է մշակում, ուռուցքաբանական ծառայության նյութատեխնիկական բազան ամրապնդում, զարգացնում է, չարորակ նորագոյացություններով հիվանդների վաղ հայտնաբերումն է կազմակերպում, հիվանդների ապրելունակության բարձրացման ուղիներ է որոնում, սակայն փաստը մնում է փաստ, որ մեր երկրում քաղցկեղով շատ հիվանդներ մահանում են` անհրաժեշտ թանկարժեք դեղորայքը ձեռք բերել չկարողանալու պատճառով: Ինչեւէ, Էլեն Քալաշյանն առայժմ քիմիաթերապիայի բուժման երեք կուրս ստացել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր արձագանքել են սոցիալական կայքերի հայտարարությանը: Ողջ մնալու համար անհրաժեշտ է դեռեւս 6-8 կուրս էլ ստանալ: Ամեն ինչ կախված է գումարից, քանի որ «Herceptin»-ի յուրաքանչյուր սրվակն արժե 1մլն 120.000 դրամ: Երիտասարդ աղջիկը խնդրում է իրեն օգնել ողջ մնալու հարցում, ուզում է ապրել, բայց ապրելու համար մարդկանց կարիքն է զգում: Ներկայումս «Facebook» սոցիալական ցանցում քննարկվում է այս տեքստը, որը, հուսանք, առաջիկայում արձագանք կստանա նաեւ մեր ընթերցողների շրջանում։ «Ոչ մեկն ապահովագրված չէ թանկ բուժում պահանջող հիվանդությունից: Եկեք ստեղծենք մի համակարգ, եթե պետությունը չի կարողանում ապահովել մեր կյանքը, ապա ինքներս օգնենք իրար: Այսօր Էլենին է պետք, վաղը` Աստված մի արասցե կարող է ձեզ պետք լինել: Անհապաղ այս մի քանի օրվա մեջ անհրաժեշտ է Էլենի բուժման համար հավաքել 1.120.000 դրամ, եւ այդպես յուրաքանչյուր 21 օրը մեկ: Վճարի՛ր, օգնիր ուրիշին եւ մեկ այլ տեղից էլ քեզ կվերադառնա: Պարզ մաթեմատիկան կարող է մարդու կյանք փրկել: Եթե մեզնից յուրաքանչյուրը Էլենի հաշվեհամարին ընդամենը մեկ դոլար փոխանցի` կկարողանանք ապահովել նրա քիմիաթերապիայի հաջորդ կուրսը Հիշե՛ք, հոգի փրկողը ողջ աշխարհն է փրկում»,- գրված է «Facebook»-ում նախաձեռնողների տեղեկատվության մեջ, որին, հուսանք, կարձագանքեն նաեւ մեր ընթերցողները:
Ելենա Քալաշյանի (անձնագրով Էլենի անունը Ելենա է) «Ամերիա» բանկում բացված հաշվեհամարն է` 1570012274850100։