Նախօրեին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը տարածել է մեր թերթի մի հրապարակման հետ կապված «հերքման» տեքստ:
Զավեշտալին ոչ միայն այն է, որ «Ոսկե ծիրանը» մեր թերթի հրապարակման հետ կապված իր առարկությունը տարածում է մյուս ԶԼՄ-ներին, որոնց, վստահ ենք, դա նույնիսկ հետաքրքիր չէր, այլ այն, որ այս փառատոնն իր գործունեության ողջ ընթացքում, մեր թերթի կողմից այդքան լուսաբանումներից հետո, առաջին անգամ է արձագանքում, այն էլ` փառատոնի գործունեությանը եւ կինոյի հետ որեւէ առնչություն չունեցող մի մանրուքի շուրջ: Այն դեպքում, երբ հերքման բովանդակությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Եվ այսպես, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը թերթից պահանջում է հերքել հուլիսի 12-13-ի թիվ 72 համարում լույս տեսած հոդվածի երկու տեղեկատվություն: Մեջբերում ենք հերքման տեքստից մի հատված։ «Առաջինը` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Թոմսոնը» (հոդվածի հեղինակը.- խմբ.) ներկա չի եղել բացման արարողությանը, այլապես սեփական աչքով կտեսներ, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ ոչ միայն լրացուցիչ աթոռներն էին զբաղեցրել, այլեւ կանգնած էին պատերի տակ: Եթե դա կիսադատարկ դահլիճ է կոչվում, ապա հասկանալի չէ, թե որն է լեփ-լեցունը: Եվ երկրորդ անճշտությունը` ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոն էր եկել անգամ հրավիրատոմսում նշված ժամից շուտ եւ դահլիճում սպասում էր մինչեւ հանդիսատեսն ու փառատոնի հյուրերը կգրավեն իրենց տեղերը»,- նշված է փառատոնի հերքման նամակի մեջ: Այս «հերքումը» մեր կողմից ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ մի հանգամանք. մինչ սույն տեքստը` զանգ ստացվեց ՀՀ կառավարությունից, եւ փոխանցեցին նույն բովանդակությամբ մի հաղորդագրություն` վարչապետ Տիգրան Սարգսյանը չի ուշացել փառատոնի բացումից: Անկեղծորեն զարմացանք, թե այդ ի՞նչ պատահեց, եւ սա ի՞նչ կարեւոր հարց է, որին ՀՀ կառավարությունն արձագանքում է նման օպերատիվությամբ: Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը եւ նրա աշխատակազմը նույնպիսի փութաջանությամբ անդրադառնային ՀՀ կառավարության գործունեության, երկրի տնտեսության խայտառակ վիճակի մասին մեր հնչեցրած բազմաթիվ հարցադրումներին: Ահա, այդ հեռախոսազանգին հաջորդեց «Ոսկե ծիրանի»` ծիծաղ առաջացնող հերքման տեքստը` ուղղված ՀՀ բոլոր լրատվամիջոցներին…
Այժմ վերադառնանք «Ոսկե ծիրանի» մասին մեր նշյալ հրապարակմանը: Նախ, նշենք, որ Թոմսոնը (լրագրողի գրական կեղծանունն է) ներկա է գտնվել ոչ միայն փառատոնի բացման արարողությանը, այլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ակտիվ մասնակիցներից է եւ ունի ոչ թե մեկ` այլ «4 աչք»: Ավելին, նա չի հանդուրժում կինոյի, կինոգործիչների, կինոփառատոների նկատմամբ ոչ մի անհարգալից վերաբերմունք, այդ թվում` հոդվածի ոչ բովանդակային մասի վերաբերյալ նման «մանրացում»: «Հերքումը» վերաբերում է հոդվածի այս հատվածին, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկեց իր ողջ շքեղությամբ եւ մռայլությամբ: Փառատոնի բացման ամենամեծ շքեղությունը (կարելի է ասել` շատ քչերից մեկը), թերեւս, ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Ֆանի Արդանի ներկայությունն էր: Ինչ վերաբերում է փառատոնի բացասական կողմերին, ապա այստեղ գլխավորն ազգի մեջ մշակութային հոգեբանության բացակայությունն է: Դրա վառ ապացույցը «Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ մարդկանց սակավությունն էր այն պարագայում, երբ 1,5 մլն բնակչություն ունեցող քաղաքում միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ փողոցները բառացիորեն պետք է փակ լինեին: Սակայն ժողովուրդը մի լավ խոսք ունի. «Մեծն ինչ է, որ փոքրն ինչ լինի»: Եթե երկրի վարչապետը տարվա կարեւորագույն մշակութային միջոցառմանը ներկայանում է գրեթե մեկ ժամ ուշացումով` սպասեցնել տալով համաշխարհային կինոարվեստում աննկարագրելի մեծ ավանդ ունեցող վարպետների, ապա խոսքերն այստեղ ավելորդ են: Ինչեւէ, փառատոնը բացված է, եւ մրցութային ծրագրերի որոշ ֆիլմեր արդեն ցուցադրվել են» (մեջբերման ավարտը.- հեղ.): Այսինքն` հոդվածագիրը նշել է «Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ մարդկանց «սակավության» մասին` նկատելով, որ «1,5 մլն բնակչություն ունեցող քաղաքում միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ փողոցները բառացիորեն պետք է փակ լինեին»: Նախադասության վերջին հատվածից կինոփառատոնի մամուլի ծառայությանը պետք է պարզ դառնար, որ մարդկանց սակավությունը ոչ թե դահլիճի միջոցառմանն էր վերաբերում, այլ` կարմիր գորգի արարողությանը: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանելուն, ապա Թոմսոնին չի հաջողվել զննել նրա հրավիրատոմսը, սակայն փառատոնի ծրագրում որպես բացման արարողության սկիզբ` նշված էր ժամը 19:00-ն, իսկ Տ. Սարգսյանը կարմիր գորգի վրա ոտքը դրել է 19:58-ին` կինոյի աշխարհի բոլոր հյուրերի հետ միասին, ովքեր մինչ այդ «Երեւան» հյուրանոցի դիմաց սպասում էին վարչապետին: Նման թյուրիմացություններից խուսափելու համար «Ոսկե ծիրանը» կարող էր ընդամենը ճշտապահ լինել եւ նորմալ համակարգել այս գործընթացը: Ինչեւէ, կարեւորը կինոն է, որը միշտ ավելի հզոր է, քան նման անհեթեթ իրավիճակները: Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրեթե բոլոր մշակութային եւ այլ տիպի միջոցառումներից է ուշանում: Հիշեցնենք վառ օրինակներից մեկը, երբ 2009թ. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լեգենդար ջազմեն Ջորջ Բենսոնի համերգը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշանալու պատճառով սկսվեց 1 ժամ 20 րոպե ուշացումով: Ամբողջ դահլիճը սպասում էր նրա «բարեհաճությանը»: Համերգի կազմակերպիչները, ստիպված, սկսեցին համերգը, իսկ Տ. Սարգսյանը ժամանեց ջազմենի 1 կամ 2 կատարումներից հետո: Հարցրեք մարդկանց, նրանք ձեզ կպատմեն:
«168 Ժամ» թերթի խմբագրություն