Անցյալում են այն ժամանակները, երբ հանրության գիտակցության մեջ Սասունցի Դավիթը՝ էպոսի հերոս լինելուց բացի, նաեւ երգում էր: Եթե հիշում եք, տարիներ առաջ, երգիչ Դավիթ Թուջարյանը ներկայանում էր` որպես Սասունցի Դավիթ: Անդրադառնալով այդ օրերին` Դավիթը կատակով ասում է, որ երբեմն իր մոտ եւս ժպիտ էր առաջանում, երբ համերգների ժամանակ հայտարարում էին. «Բեմում է Սասունցի Դավիթը»: «Լինում էին պահեր, երբ այդ խոսքերից հետո պատկերացնում էի, թե ինչպես եմ ձիով ու թրով բեմ մտնելու: Եվ բնական է, որ նաեւ հանդիսատեսի մոտ կարող էր նման ասոցիացիաներ առաջանալ: Սակայն դրանք միայն պահեր էին: Ի վերջո, ես հանդես էի գալիս մեր պատմական էպոսի հերոսի անվամբ, եւ պետք է այդ թեմային լուրջ վերաբերվել: Պարզապես մեր համագործակցությունն այդ նախագծի հեղինակների հետ ավարտվել է, եւ ես ներկայանում եմ իմ անվամբ եւ ազգանվամբ»,- ասաց Դավիթը: Իսկ ինչո՞ւ հենց Սասունցի Դավիթ: «Քանի որ անունս Դավիթ է, ապա այդ նախագծի հեղինակները որոշել էին, որ Սասունցի Դավիթ անունը անգամ իմ անվան հետ է համընկնում»,- նշում է Դավիթը: Երեկ Դավիթը լրագրողներին ներկայացրեց իր նոր «Բա, որ ասում էիր» անվամբ ձայնասկավառակը: Ի դեպ, երգերի հեղինակն է Դավթի մայրը՝ Գայանե Աստվածատրյանը, ով եւս ներկա էր ասուլիսին: Իր անձի մասին բավական համեստ արտահայտվող տիկին Գայանեն նշեց, որ ինքը սովորական մարդ է, ով մասնագիտությամբ երաժիշտ լինելով, երգեր է գրում իր որդու համար. «Ամեն մեկս Աստծո կողմից մի շնորհքով ենք օժտված: Ես երգեր եմ կարողանում գրել, դրանով էլ զբաղվում եմ»,- նշեց նա: Նա նույնիսկ պատմեց ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկի պատմությունը. «Ես ու Դավիթը մի միջոցառման էինք հրավիրված, որտեղ փոքրիկ մի բալիկ անվերջ պարում էր: Նա այնպիսի խուճուճ մազեր ուներ, որ ես երբեւէ չէի տեսել: Տուն գալով` ամբողջ օրն այդ երեխայի մասին էի մտածում. աչքիս առաջ նրա խոպոպիկներն էին: Այդ գիշեր չքնեցի, գրեցի «Խուճուճ-մուճուճ» երգի բառերն ու երաժշտությունը: «Խուճուճ» գիշեր դուրս եկավ»: Մեր հարցին, թե երգերից դուրս, ինչպիսի՞ն է մոր ազդեցությունը Դավթի վրա, երգիչը պատասխանեց. «Եղբայրս միշտ շատ հավաքված է եղել, իսկ ինձ մայրս մշտապես «զոռով» է դրսից տուն բերել: Մայրս մինչ օրս էլ ինձ վրա խոսում է, ինչը ժամանակին վեճերի առիթ էր հանդիսանում: Այսօր, սակայն, ես հասկանում եմ, որ մայրը երբեք անտեղի ոչ մի խոսք չի ասում»: Հարցին, թե Դավիթն ավելի շատ մամայի՞, թե՞ պապայի զավակն է, Դավիթը վստահ պատասխանեց. «Ես իմ մամայի բալան եմ: Միանշանակ ես իմ մոր զավակն եմ»: Դավթի մոր մասին հաճախ ենք լսում եւ նրան տեսնում հեռուստաեթերում: Երբ նրան հարցրեցինք հոր մասին, նա կտրականապես հրաժարվեց խոսել. «Չէ, չէ: Հայրիկի մասին թեմա ընդհանրապես պետք չէ շոշափել»: Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց Դավթի եւ երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարաբերությունների մասին, վերջինս նշեց, որ անձնական թեմաների մասին առհասարակ չի խոսում: