Դերասան Հրանտ Թոխատյանի հետ զրուցելը մի առանձնահատուկ հաճույք է, քանի որ վերջինս, ամենահասարակ երեւույթի մասին խոսելիս անգամ, իր կողմից յուրահատուկ համ ու հոտ է ավելացնում:
– Պարոն Թոխատյան, գաղտնիք չէ, որ դերասաններին հատուկ է իրենց մասնագիտության մասին խոսելիս պարտադիր շեշտելը, թե ինչպիսի լրջությամբ են նրանք մոտենում իրենց յուրաքանչյուր դերին: Սակայն, եթե անկեղծ լինենք, ինչո՞ւմ է կայանում դերասանի մասնագիտության լրջությունը:
– Մի լավ արտահայտություն կա: Ասում են՝ «Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ»: Այդպես էլ կյանքում է: Անլուրջ եւ «փոքր» մասնագիտություն չկա: Եթե մարդ ինքնակամ ընտրել է իր մասնագիտությունը, իր տեղն այս կյանքում, ապա նա պարտավոր է անել իր գործը 100 %-ով:
– Սակայն մարդիկ դերասանի մասին խոսելիս շատ անգամ ասում են՝ «Դերասան է, էլի: Գործի անունն ի՞նչ է»:
– Գիտեք, երբ վերջերս մահացավ դերասան եւ ռեժիսոր Նարեկ Դուրյանի հայրը՝ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը, այդ դժբախտ դեպքից օրեր անց Նարեկն իմ հաղորդման հյուրն էր: Բնական էր, որ բազում հեռուստադիտողների մոտ հարց էր առաջացել, կկարողանա՞ արդյոք Նարեկը խաղալ բեմում, քանի որ ներկայացումների մասին հայտարարված է եղել նախօրոք: Եվ Նարեկն ասաց, որ եթե նա բեմ չբարձրանա, դա նրա հորը հաստատ դուր չէր գա: Ես ի՞նչ իմանայի, որ այդ խոսակցությունից օրեր հետո ես եմ կորցնելու իմ հորը: Հորս մահից հետո, առաջին մարդն, ում զանգեցի՝ Նարեկն էր: Նա հարցրեց. «Կարո՞ղ ես խաղալ ներկայացումդ»: Ասացի, որ իրավունք չունեմ չխաղալու. իմ հորը դա հաստատ դուր չէր գա: Դրանում է կայանում դերասանի մասնագիտության լրջությունը, որ վերջինս կարողանա բեմ բարձրանալ՝ անտեսելով իր ցավերն ու վիշտը, եւ մտածի միայն այն մասին, որ հանդիսատեսը թատրոն է եկել միայն իր համար: Հանդիսատեսը մեղավոր չէ, որ այդ օրը դերասանը «մեռնում» է ատամի ցավից, ընտանեկան խնդիրներ ունի կամ գրպանում ընդամենը 100 դրամ է:
– Բոլոր հայ տղամարդիկ երազում են տղա զավակ ունենալու մասին, սակայն, միեւնույն է, աղջկան ավելի շատ են սիրում: Ձեր դուստրը՝ Լիլիթը, ծնվեց, երբ Ձեր երկու որդիները բավական մեծ էին տարիքով: Զգացե՞լ եք, որ աղջկան մի այլ կերպ եք սիրում:
– Այդ տեսանկյունը եւ ճիշտ է, եւ սխալ: Ինձ միշտ ասում էին, որ` երբ աղջիկ ունենաս, կհասկանաս աղջկա քաղցրությունը: Անկեղծ եմ ասում՝ իմ տղաներից փոքր տարիքում նույն քնքշությունն եմ ստացել, ինչ որ հիմա Լիլիթիկից եմ ստանում: Ուղղակի, երբ ծնվեց Լիլիթը, ես ավելի հասուն էի տարիքով, քան առաջնեկիս ծննդյան ժամանակ: Լիլիթս հիմա 4,5 տարեկան է, իսկ մեծ տղաս՝ 27: Եթե առաջ կարող էի իմ ազատ ժամանակը ընկերներիս հետ կամ սրճարանում անցկացնել, ապա այսօր հենց ազատ պահ է հայտնվում, մտածում եմ հնարավորինս շուտ լինել երեխայիս մոտ: Իմ բախտը բերել է՝ ես երջանիկ հայր եմ:
– Ճի՞շտ է, որ «Յուրաքանչյուր երեխա իր մայրը պետք է ունենա» արտահայտության հեղինակը Դուք եք: Եվ ի՞նչ է դա նշանակում:
– Բացատրեմ. իմ կյանքում այնպես է ստացվել, որ իմ ամեն երեխան իր մայրն ունի: Իմ երեք երեխաների մայրերին ես շատ լավ եմ վերաբերվում, հարգում եմ եւ շնորհակալ եմ, որ ինձ նման զավակներ են պարգեւել: Մեզ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել: Իմ բախտը բերել է նաեւ այն հարցում, որ ոչ միայն ես ու իմ երեխաների մայրերն ենք փոխադարձ հարգանքով վերաբերվում միմյանց, այլեւ մայրերը` միմյանց։
– Շատ տղամարդիկ անգամ մի կնոջ հետ չեն կարողանում «յոլա» գնալ, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
– Ես հաջողակ մարդ եմ: Ինձ մոտ հաջողվում է այն, ինչ ուրիշների մոտ չի հաջողվում: Կռիվ, դավ, խառնաշփոթ… երբեք չի եղել իմ կյանքում՝ ոչ կանանց, ոչ էլ երեխաներիս հետ: Չնայած, որ իմ երեք երեխաներն էլ տարբեր մայրեր ունեն, սակայն նրանք երեքն էլ միասին են մեծանում: Նրանք լիարժեք քույր եւ եղբայրներ են: Հնարավոր չէ բառերով բնութագրել այն սերը, որ երկու եղբայր տալիս են իրենց փոքրիկ քույրիկին, եւ այն փոխադարձ քնքշանքն ու սերը, որ քույրիկն է տալիս իր ավագ եղբայրներին: Դա տեսնել է պետք: Եղբայրներն են Լիլիթին տանում կրկես, կենդանաբանական այգի, զբոսանքի:
– Ասում են, որ ժամանակը բուժում է անգամ անբուժելի թվացող վերքերը: Սակայն սկզբնական շրջանում ի՞նչ էին զգում Ձեր կանայք, երբ Դուք` հասկանալով, որ սեր չկա, հեռանում էիք նրանցից: Չէ՞ որ ընտրելով մեկ այլ կնոջ, տղամարդը ցավ է պատճառում նախկինին:
– Նախ ասեմ, որ իմ կյանքում երբեք չի եղել, որ ես դուրս գամ իմ տանից, հեռանամ իմ կնոջից՝ մեկ այլ կնոջ համար: Այդպիսի բան երբեք չի եղել: Հարաբերությունները վաղուց վերջացած են եղել, անցել է որոշ ժամանակահատված, նոր միայն հայտնվել է մեկ այլ կին:
– Հաճախ դա կապում են մասնագիտության հետ: Ասում են, որ արվեստագետները հեշտ են սիրահարվում:
– Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Պարզապես, գալիս է մի պահ, երբ զգում ես, որ հարաբերությունների մեջ միայն սառնություն է: Շատ ավելի ազնիվ է խոստովանել այդ մասին, քան շարունակել համատեղ կյանքը՝ կեղծիքի ներքո: Այլ կերպ երկուսիդ կյանքն էլ դաժան իրականության է վերածվում, եւ ժամանակի հետ ավելի եք օտարանում: Դա վիրահատության պես մի բան է. ավելի լավ է` մի անգամ կտրես ցավոտ հատվածը, քան թողնես, որ այն անվերջ մրմռա եւ ցավեցնի երկուսին էլ:
– Ձեր երեք երեխաների մայրերն էլ դերասանուհիներ են:
– Երեքն էլ շատ հմայիչ են, տաղանդավոր եւ յուրովի գեղեցիկ:
– Ասում եք, որ անգամ երեխաների մայրերն են մտերիմ իրար հետ: Արդյո՞ք Լուիզայի մեջ խանդի նշույլ անգամ չկա: Կնոջը հատուկ է եթե ոչ խանդի, ապա գոնե ենթագիտակցության մեջ թաքնված «սեփականատիրոջ» զգացողությունը:
– Որպեսզի պատկերացնեք, որ Լուիզան խանդի զգացողություն բացարձակ չունի, ասեմ, որ մենք շատ անգամ միասին ենք գնում հանգստանալու՝ ես, իմ երեք երեխաները եւ Լուիզան: Ասեմ ավելին, տարվա ընթացքում ես այնքան եմ հոգնում, որ նախընտրում եմ միայն եւ միայն պասիվ հանգիստը: Եթե մենք գնում ենք ծով, ինձ անհրաժեշտ է միայն ծով, ավազ եւ ուրիշ ոչինչ: Ինչպես ասում են` միայն ծովն ու ես: Իսկ Լուիզան այդ առումով իմ հակապատկերն է՝ նա սիրում է դիսկոտեկներ գնալ, շրջել քաղաքի գեղատեսիլ վայրերով, բաց չթողնել խանութները, զվարճանքի վայրերը… Եվ այդտեղ նրա ամենամտերիմ ընկերները դառնում են իմ տղաները: Նրանք երեքով գնում են քաղաքում շրջելու, իսկ ես՝ Լիլիթիս հետ, մնում եմ տանն ու դառնում հոգատար հայրիկ:
– Ճանաչված դերասաններից մեկն իր հարցազրույցներից մեկում կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ իր նախկին կանայք իրենից հետո այլեւս չեն ամուսնացել: Ի՞նչ ճակատագրի են արժանացել Ձեր նախկին կանայք:
– Այդպես չէ, իմ առաջին կինն ամուսնացած է հոյակապ տղամարդու հետ, ում ես մեծ հարգանքով եմ վերաբերվում: Դերասան չի՝ բիզնեսով է զբաղվում: Ունեն մեկ զավակ, որին իմ երկու երեխաները որպես եղբայր են ընկալում: Երբ միջնեկ որդիս՝ Հայկը, դեռ փոքր էր, չէր կարողանում հասկանալ, թե ով` ում բարեկամն է: Երբ ծնվել էր առաջին կնոջս եւ նրա ամուսնու զավակը՝ Հայկս բակով մեկ հայտարարել էր, որ եղբայր է ունեցել: Հարեւանները չէին կարողանում հասկանալ, թե որտեղի՞ց հայտնվեց այդ եղբայրը, այն դեպքում, երբ Իրան՝ Հայկի մայրը, հղի չէր: Այդ շրջանում ես Իրայի հետ էի ամուսնացած: Այդ օրը, տուն գալու ճանապարհին, հարեւանները բակում ինձանից մաղարիչ էին ուզում: Սկզբում չէի կարողանում հասկանալ` ինչ է կատարվում: Հետո, իհարկե, ամեն ինչ պարզ դարձավ ոչ միայն իմ, այլեւ հարեւանների համար: Ինչպես որ ավագ տղան էր վերաբերվում Հայկին, այնպիսի հոգատարությամբ էլ Հայկն է այսօր վերաբերվում Վանանդին՝ առաջին կնոջս եւ նրա ամուսնու զավակին:
– Իսկ Իրինա՞ն:
– Իրինան դեռ չի ամուսնացել: Բայց նա դեռ երիտասարդ եւ գեղեցիկ կին է, եւ նրա մոտ ամեն ինչ դեռ առջեւում է:
– Դուք մինչ օրս ալիմենտ վճարե՞լ եք Ձեր երեխաների մայրերին:
– Ամեն անգամ հեռանալիս, իմ հագուստից եւ գրքերից բացի, ոչինչ չեմ վերցրել տանից: Այն ամենն, ինչ մենք միասին աշխատել ենք, ես թողել եմ իմ ընտանիքին, որովհետեւ այդպես ճիշտ է, այդպես ազնիվ է, որովհետեւ այդ տանն ապրում է իմ երեխան` իր մոր հետ: Այն ամենն, ինչ վերաբերում է իմ երեխաներին՝ լինի կրթություն, հագուստ, առօրյա ինչ-որ խնդիրներ, ես միշտ նրանց կողքին եմ, քանի որ հայր եմ: Ես երբեք ամուսնացած չեմ եղել, նկատի ունեմ` անձնագրում ամուսնության մասին վկայող կնիք երբեւէ չեմ ունեցել: Բայց ես ու Լուիզան այդ «շտամպը» մեր անձնագրերում ունենք: Եկեղեցով դեռ պսակադրված չենք, բայց երկուսս էլ շատ ենք ուզում ստանալ Աստծո օրհնությունը:
– Ի՞նչ եք կամա թե ակամա ժառանգել Ձեր երեխաներին:
– Մեծ տղաս ժառանգել է իմ վատ կողմերից մեկը՝ «թեթեւակի» թափթփվածություն: Ի դեպ, այդ հատկությունն ինձ մոտ մի փոքր ավելի ուշ եկավ՝ ի տարբերություն իմ տղայի:
– Թափթփվածություն կենցաղո՞ւմ, թե՞ մտքերի մեջ:
– Չէ, կենցաղում թափթփված չէ: Այդ հարցում հարսիկիս՝ Աշխենի բախտը, կարծում եմ, բերել է: Պարզապես Արամը չի զգում ժամանակը: Հայկն այդ առումով շատ ավելի հավաքված է: Դեռ փոքրուց մենք կարող էինք Հայկին շատ կարեւոր փաստաթղթեր վստահել, եւ հաստատ գիտեինք, որ նրա ձեռքից ոչինչ չի կորչի: Ես կամ Արամը հնարավոր է կորցնեինք, անգամ չհիշեինք, թե ո՞ւր ենք դրել, սակայն Հայկը սարի պես պահում էր այն, ինչ վստահված է իրեն: Դե, իսկ Լիլիթս դեռ սիրում է անվերջ զգեստափոխվել, կերպարանափոխվել…
– Դուք անընդհատ շարժման եւ իրադարձությունների մեջ եք: Ե՞րբ եք Դուք պատկանում միայն Ձեզ:
– Իմ ազատ ժամանակը սկսվում է կեսգիշերից հետո՝ մինչեւ առավոտյան 4-ը: Այդ իսկ պատճառով բոլոր ինձ ճանաչողները, մինչ ժամը 1-2-ը, ինձ չեն զանգում: Իմ հեռախոսը մինչ այդ ժամը «սսկված» է: