Միշել Բյուտոր «Վեպը՝ որպես հետազոտություն» գրքից

14/07/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Այդքան երկար դեգերումներից հետո Ֆրանսիայից հեռանալու մոտիվին հավելվում են դեպի Արեւելք ճամփորդելու այլեւայլ կշռադատությունները, որոնք եզրափակում են շրջանակը հետաքրքրությունների, որոնք ես որոշեցի մինչեւ վերջ հասցնել: Ամերիկայի անապատներում ես հայում էի բնական հուշարձանները, մարդկային հին հուշարձաններից ինձ հայտնի էին միայն կելտականներն ու հռոմեականները, ինձ մնում էր անցնել Աթենքի, Մեմֆիսի եւ Կարթագենի ավերակների միջով: Եվ մեկ էլ ես ուզում էի ուխտագնացության գնալ Երուսաղեմ` զենքերս վայր դրեցի: Կանգնեցի Տիրոջ գերեզմանի առաջ: Եվ այդպես իրականացավ նրա ուխտը:

Մեր օրերում կարող է տարօրինակ թվալ ուխտի եւ ուխտագնացության մասին խոսելը, բայց այդ առումով ես երբեք չեմ շվարում, քանզի արդեն վաղուց ինձ տեսնում եմ թույլ եւ նախապաշարմունքներով լի մարդկանց դասում: Ես, հավանաբար, վերջին ֆրանսիացին եմ` այդ երկրի ծնունդը, որ ուղեւորվել է Սուրբ Երկիր` մտքով տենչալով առ վաղնջական ժամանակների ուխտագնացների զգացողությունները:

Այդ վայրերից յուրաքանչյուրում` հանրահայտ գերեզման է: Բոլոր «Ճամփորդությունները…» սկզբից մինչեւ վերջ` «երկարատեւ ճամփորդություն է դեպի մեծ մարդկանց գերեզմանները»: Օ, որքան բաներ կարելի է կարդալ տապանաքարերի վրա:

Իդեալական ռոմանտիկական ճամփորդությունը երբեմն լիովին չիրականացվող, նշված է երեք հիմնական կանգառներով, երեք քաղաք գաղափարագրերով` Հռոմ, Աթենք, Երուսաղեմ… դրանց շուրջ պտտվում են այլ մոլորակները, սոսկ լրացնելով դրանք: Ինչպես տարագրյալի հետնորդը, գալով հայրենիք, հիշում է բարեկամների անբարյացակամ վերաբերմունքի մասին, այդպես եւ Շատոբրիանը, անցնելով նախնիների հիշարժան վայրերով, կոտրեց 18-րդ դարից ժառանգած կեղծ պատկերացումը անտիկ շրջանի եւ քրիստոնեության մասին: Հորիզոնի գիծը, որ բաժանում է Փարիզը Հունաստանից կամ Երուսաղեմից, անցնում է ընդմեջ մեր մտքերի:

11. Հայտնագործությունների որոնումներում

Ճամփորդությունները մեր պատմության միջով, ինչպիսին են ռոմանտիկական ուխտագնացությունները, որոնք մեզ հնարավորություն են տալիս այլ կերպ ընթերցելու երբեւէ մեզ փոխանցվածը, հարկ է հակադրել այլ, նույնպես կառուցված աստ եւ ետ սկզբունքով` հետազոտական ճամփորդություններ են:

Այս անգամ մարդիկ ուղեւորվում են անհայտ, ավելի ճիշտ, վատ ուսումնասիրված, շատ բան խոստացող երկիր, պատմությունների եւ ծրագրերի վրա կարելի է հիմնվել սոսկ երբեմն, մարդիկ գնում են հորիզոնից անդին` փույթ չէ ինչպիսի, ֆիզիկական թե մտային, եւ ընդլայնում են այն: Մագելանի նավագնացությունը կատարվել է, երբ ետ չդառնալով, նրանք հայտնվեցին այնտեղ, որտեղից գնացել էին:

Հարկ է կարողանալ կարդալ բնական նշանները, այդժամ անշարժ բնակավայրի շրջանակներում հայտնաբերվում են թափառումների պարզագույն ձեւերը: Մեծ նավագնացների եւ նախակարապետների պատմությունները ապացուցում են, որ այդպիսի ընթերցման ժամանակ ուսուցիչ է պետք: Ամենից հաճախ` դա տեղաբնիկն է, առավել կամ պակաս արմատներ նետածը, որ ուսուցանում է «հայտնաբերողին» ճանաչել հետքերը, իմանալ տարբերանշանները, տեսնել սպառնացող վտանգը: Անծանոթ երկիրը մշակվում է, որպես տեքստ, եթե նույնիսկ անդրենածին-թարգմանչին վտանգավոր աշակերտն ի վերջո վերացնում է:

Ամենից հեռու, իսկապես անապատային հողերին հասնելու համար, պետք են գիտության վերջին ձեռքբերումները, որպեսզի օգնեն մեզ դրանք նշագծելու, եւ այդպիսի չանցած ուղիները դեռեւս քիչ չեն մեր երկրի երեսին (օրինակ, Անտարկտիկան):

Արշավախմբի ճամփորդության ժամանակ ամենից լավ բացահայտվում է երկու երեւույթ` նշագծումը եւ գիրը: Կանգնեցվում են խաչեր, հուշարձաններ, տապանաքարեր, մակագրություններ են արվում: Առաջին բանը, որ արեցին ամերիկացիները լուսնի վրա ոտք դնելով` դրոշ կանգնեցրին, եւ ոչ մեկի մտքով չանցավ զարմանալ դրա վրա: Երբ նոր երկրի տեքստային հյուսվածքը չափազանց հոծ է, հետազոտողը վերադառնում է անվանումներով, որոնք նա իմացել է նախաբնիկների մոտ, ամենից հաճախ նա` նոր Ադամը, անդադար կանվանի ինքը, կանվանի իրեն հիշարժան թվացող յուրաքանչյուր քաղաքը, եւ քարտեզները կծածկվեն անուններով, ափերի ոլորանները փաստորեն կնկարագրեն միայն կիպ միմյանց կպած բառերով: Դեռ մինչեւ նվաճող անդրանիկ անցնողը, ուր նա ոտք է դրել, կծածկվեն իրենց լեզվի բառերով:

12. Սահմանները շարժման մեջ են դրվում

Մեր հասարակությունը մեզ ամրագրել է, այն համաձայն է մեզ ընդունելու միայն հասցեով, որը լրացուցիչ կազմավորում է մեր պատկերացումը տարածության մասին, եթե հաշվի չառնենք այն արձակուրդային ընդմիջումները, երբ մենք առավել կամ նվազ չափով ջանադրաբար սովորում եւ աշխատում ենք, սակայն բնակության վայրի կամ արմատավորման այդպիսի հասկացությունը ավելի ու ավելի բարդ է դառնում: Իրականում սահմանները, որոնց մասին մենք խոսում էինք, ինքնին մշտապես շարժման մեջ են դրվում տեղաշարժերով: Էսսեի սկզբում ես հիշատակեցի փարիզյան մետրոն: Իրականում, երբ ճանապարհորդը տուրգործակալություն է ուղեւորվում, նրա մեջքի ետեւում է մնում ոչ միայն իր բնակարանը Բարբես ծառուղու վրա, այլ նաեւ այն ամենը, ինչ կա` գործարանը, ուր նա աշխղեկ է աշխատել, կամ բանկը, ուր նա ծառայության է գնում, ուղին, որ նա անցնում է նվազագույնը առավոտյան եւ երեկոյան: Նրա տեսած քաղաքները հյուրանոցի համարով չեն սահմանափակվում, նրանք կդառնան թանգարաններ, եկեղեցիներ, ռեստորաններ, հիշարժան վայրեր, փողոցներ եւ հրապարակներ, որոնցով նա կանցնի, տրամվայներ, տաքսիներ եւ ավտոբուսներ, որոնցով նա կերթեւեկի: Ճամփորդության շնորհիվ մենք ուղիների առաջին շարքից անցնում ենք դեպի երկրորդը:

13. Բնակավայրերի կուտակումները

Բնակավայրն ու արմատավորումը տարբեր մակարդակի է լինում: Ես կարող եմ գրանցված լինել Փարիզում, բայց հաճախ գնալ Հռոմ եւ, հայտնվելով այն սենյակում, որ ընկերներս հատուկ ինձ համար են առանձնացրել, զգալ ինձ, ինչպես տանը: Ամառանոցները քանի գնում` շատանում են: Սկսած ունեցվածքի ինչ-որ մակարդակից, ինչպես նաեւ` փողի հոսքից եւ հաջողությունից, անհնար է առանձնացնել որեւէ բնակավայր, որպես հիմնական: Հայտնվում է քոչվորության բարձրագույն ձեւը` կացարանի ու ճամփորդության միասնությունը:

Համանման բան տեղի էր ունենում միջնադարում արքաների եւ խոշոր ֆեոդալների հետ: Ասպետները ճամփորդներ էին: Արքաները դղյակից դղյակ էին գնում: Միապետության արմատներ նետելը Վերսալում հաղթանակն էր ֆրանսիական բուրժուազիայի, որը կարողացավ իր քաղաքում վերստեղծել Հին Հռոմի իմաստային միահեծանությունը:

14. Տեղաշարժման միջոցները

Դրանք առավել եւս կարեւոր են, քանի որ ամրագրված բնակավայրերը միմյանց հետ կապվում են շարժուն բնակավայրերով: Մի դղյակից մյուսը գնալիս արքան կարող էր քողտիկ կանգնեցնել: Այստեղ բավ է հիշել Մարկո Պոլոյի հիշատակած Կուբլա Խանի հավաքովի դղյակները:

Ճամփորդությունների մեր տիպաբանության մեջ չի կարելի չմտցնել տարատեսակ տրանսպորտային միջոցների մասին դատողությունները: Դրանցից ոմանք հենց իրենք բնակավայրեր են, ինչպես նախկինում նավակը` աշխարհ մանրանկարում, ինչպես գնչուական ծակասայլերը, որոնց տեսքը նստակյաց ժողովուրդների մեջ նախանձին միախառնված սարսափ էր առաջացնում: Այժմ ավելի ու ավելի հաճախ յուրաքանչյուր քաղաքաբնակի բնակավայրը լրացվում է ակների վրայի սենյակով, որում նա իրեն տանն է զգում, եւ որով նա շատ ավելի առարկաներ է իր հետ տանում` ավտոմեքենայով, քան կարող էր տանել ասպետը:

Եթե մենք աշխատենք անկանխակալորեն մոտենալ անձնական ունեցվածքի հասկացությանը, ապա կարելի է պատկերացնել, թե որքան է հնացել բնակավայր հասկացությունը եւ սրա հետ կապված ողջ օրենսդրությունը:

15.Հնարավոր տարբերակները

Այդ տարբերանշաններին հարկ է հավելել եւ շատ այլք: Մի քանի օրինակ բերեմ` կարելի է ճամփորդությունները հետազոտել ռիթմին համապատասխան (արդյո՞ք ճանապարհը մի քանի փուլերից է բաղկացած եւ ինչպիսի՞ն է դրանց երկարությունը: Արդյո՞ք հարկ է տրանսպորտ կամ փոխադրման միջոց ունենալ յուրաքանչյուր փուլում): Համարյա բոլոր ճամփորդությունները տեղի են ունենում տրանսպորտային միջոցներով կամ այլեւայլ փոխադրման միջոցներով, եւ դրանց ռիթմը սերտորեն կապված է դրանց հետ, դրանց ընդհանուր տեսքի եւ նշանակության հետ` արագության, անձնակազմի, ընկերակցության հետ (միայնակ ճամփորդությունները միջնադարյան վեպի դեգերող ասպետի հանգույն, ճամփորդություններն ընտանիքով, խմբով, երբ ճամփորդում է մի ողջ հասարակություն, ճամփորդություն-հանդիպումները (ավտոստոպով), ընտանիքի ճամփորդությունները կամ վերամիավորումները, այլ կերպ ասած, որոնք հատկանշված են «ծանոթներով», «կապերով», «հյուրերով»):

16. Վիրտուալ ճամփորդություններ

Սակայն նույնիսկ երկրաչափության տեսանկյունից հարկ է ասել եւս մի չափարկման մասին: Մինչ այս պահը մենք դիտարկում էինք միայն տեղաշարժերը հարթության, մակերեսի վրա: Եկեք փոքր-ինչ զբաղվենք շերտերով եւ դրանց հաստությամբ`

Ճամփորդություն-վերելքը` սար բարձրանալը (Դանթեի «Քավարանը», օդապարիկով, ինքնաթիռով, հրթիռով վեր ելնելը). այն բնութագրվում է հորիզոնի կամ ելակետի համակարգի հետզհետե ընդլայնմամբ` եզրակետը որոշարկվում է մեկնակետով, ընթերցանության հետագիծը բնականաբար անցնում է այդ վերընթաց վեկտորի բացահայտմանը զուգընթաց, բայց այն հարկ է լրացնել եւ հավասարակշել հենց իր հակադրությամբ:

Ճամփորդություն-վայրէջքը (Դանթեի «Դժոխքը», Հյուգոյի շատուշատ էջերը, Ժյուլ Վեռնի «Ճամփորդությունը դեպի Երկրի կենտրոն»), ուր հորիզոնի ժամանակավոր նեղացումը մեզ բերում է դեպի վիթխարի քարանձավներ, հանում է մակերես սովորական հորիզոնի հակառակ կողմից, մերկացնելով այդ մակերեւույթը որպես սուտ: Խոսքը շրջված, շրջադարձվող վերելքի մասին է, որի ընթացքում մեկնակետը որոշարկում է եզրակետը, բայց դրա հետ մեկտեղ` ստիպում է դրան շրջվել (այդ պատճառով եզրակետը շատ անգամ ընդունում են որպես կենտրոն) եւ ստիպում է մատնելու իրեն:

17. Ներվալն ու Շատոբրիանը

Դիտարկենք, օրինակ, Ներվալի «Ճամփորդությունը դեպի Արեւելք» եւ դրա հետ կապված` «Ճամփորդությունը Փարիզից դեպի Երուսաղեմ»: «Օրելիի» հեղինակը մանրակրկտորեն խուսափում է խոսել «Նահատակների» հեղինակի երեք հիմնական փուլերի եւ երեք արմատական անվանումների` Հռոմի, Աթենքի եւ Երուսաղեմի մասին: Իր ուղու համար նա կընտրի երեք միջանկյալ քաղաք, որպեսզի դրանցից երեք երթադադարի կետեր սարքի, բայց նա դրանց կմոտենա հակառակ կարգով` Կահիրե, Բեյրութ, Կոստանդնուպոլիս:

Հռոմը փոխարինվում է Կոստանդնուպոլսով` կայսրության մայրաքաղաքով, Աթենքը` Կահիրեով, եգիպտական գիտության առանցքակետով, Երուսաղեմը` Բեյրութով: Եվ բանն այն չէ, որ այդ երեք քաղաքները կարող էին փոխարինել Արեւմուտքի երեք ավանդական քաղաքներին, այլ այն, որ սուտը, որ պարփակված է արեւմտյան մայրաքաղաքների արտաբերման մեջ, մեկեն բացահայտվում էր այդպիսի ճամփորդության ժամանակ:

Շատոբրիանը գնում է Ֆրանսիայից, որպեսզի իր գիրքը ճշմարտացի լինի ոչ միայն բնանկարների նկարագրման մեջ, քանզի ֆրանսիական 18-րդ դարը աղճատել էր այդ երեք քաղաքներից սերող խոսքը, իսկ անմիջականորեն տեղում հայտնվելով, կարելի է լսել նրանց խոսքը ողջ հուժկուությամբ: Իսկ Ներվալն, ընդհակառակը, ենթադրում է, որ բավ չէ Հռոմ գալը, որպեսզի վերացնես հռոմեական տեքստի բոլոր աղճատումները, բաժանումն անցնում է ոչ միայն Հռոմի եւ Փարիզի միջեւ, այլ արդեն կայսերական եւ պապական քաղաքի միջեւ: Կնշանակի, հարկ է կենալ ինչ-որ տեղ արտաքին կողմից եւ ունկնդրել, եւ այդժամ կդրսեւորվեն հռոմեական մակերեւույթի վրայի ճաքերը, եւ մենք կտեսնենք տեքստը ներքեւից:

Շատոբրիանի ճամփորդությունը Ներվալի համար մշտապես մակերեսային էր մնում: Իր սեփականը նա ինքն է հաշվարկում, կիրառելով լրացուցիչ կենտրոնները, ներսի գլխավոր կենտրոններով համակենտրոն ձվածիրները, որոնք թույլ են տալիս զուգահեռ առանցքների միջոցով մեկեն տեսնել սովորական կենտրոնների շերտերի դավադրական հաստությունը: Անցնելով Կահիրեի, Բեյրութի կամ Կոստանդնուպոլսի փողոցներով, Ներվալը գտնում է այն ամենը, ինչը որ նրան մտահանգեցնում է քարանձավների գոյությանը, որ ձգվում են Հռոմի, Աթենքի եւ Երուսաղեմի տակ, եւ ուր անխուսափելիորեն ընկնում ես, երբ հեռանում ես պատմությունից կամ մոգոնվածքից, միակ ճշմարիտ վայրէջքը` նախորդողն է, ի դեպ, որեւէ պատմվածքի, որ փոխաբերություն է ծառայում եւ կամ ընծայաբերում մնացած այլ վայրէջքների համեմատ, եւ որը սերում է բուրգից:

Բուրգի մասին գիտությունը, մասոնական իմաստությունը ընկած է աթենական գիտության հիմքում, Խաքեմի կիրքը, նրա կենալը «մարեստանում»` գժանոցում, համազոր է ստորերկրյա ճամփորդության, հակադրում է Երուսաղեմում մահացած Քրիստոսի մարմնավորմանը, ոմն այլ բան, գիշերով Ռամադանի ժամանակ պատմողը մեզ տանում է Ադոնիրամի հետ դեպի ստորգետնյա աշխարհ, որտեղ ոչ միայն Սողոմոն արքան, այլ նույնիսկ Եհովան, որ այնտեղից քաղում է իր այդքան ակնհայտ ուժը, բռնատիրողներ են դուրս գալիս:

Համանման այն բանին, ինչպես Շատոբրիանի մոտ բոլոր երեք քաղաքներն էլ հաղորդակցվում են միմյանց միջեւ, քանզի Հռոմը իր կայսրերի միջոցով` վերցնում է ժառանգությունն ու կտակը Աթենքից եւ Երուսաղեմից, ճիշտ է, դրանք փոքր ինչ ձեւափոխելով, իսկ Ներվալի մոտ քարանձավներն էլ են միմյանց հետ հաղորդակցվում` մեսիա Druses-ը ապրում է իր կիրքը Կահիրեում, Ադոնիրամի ստորգետնյա աշխարհը, ի վերջո, քայքայում է բնահողը հենց այն պատճառով, որ գտնվում է Երուսաղեմի տակ:

«Ճամփորդություն Փարիզից Երուսաղեմ» երկում, բնականաբար, զգալի է ստորգետնյա աշխարհը, քանի որ գերեզմանները` հիմնական թեման է, բայց բավ է, որ թեկուզ մեկը բարձրացնի հուշարձաններն ու մակագրությունները, այլ կերպ ասած` այն, ինչ-որ մնացել է հանգուցյալի մասին հուշում նրա թաղման պահից եւ նրա տառերի փոխակերպվելուց հետո, երբ ինչ-որ այլ մեկը արդեն ուզում է մեռյալներից պեղել այն բանի գաղտնիքը, ինչը որ հենց չէր ուզում հիշել: Ահա թե ինչու Ներվալը ստիպված եղավ բացելու կողմային անցումները, որպեսզի ներթափանցի քարե սալիկների տակ;

Շատոբրիանի ուխտագնացությունը` ճամփորդություն է դեպի պատմություն, իսկ Ներվալինը` դեպի նրա սուտը:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՐՔԸ

1. Ճանապարհային գրադարանը

Տեղաշարժերը հարկ է, ի վերջո, հետազոտել նրանց «գրական» լինելու չափով:

Բոլոր ռոմանտիկական ճամփորդությունները` գրական են. Լամարթինը, Ներվալը, Գոթյեն, Ֆլոբերը եւ այլք ուղղում, լրացնում եւ կրկներգում են Շատոբրիանի առաջարկած թեման: Յուրաքանչյուր դեպքում ճամփորդության հիմքում գրքերն են` ընթերցված (ասենք, «Ճամփորդությունը Փարիզից Երուսաղեմ») կամ մտահղացված (օրինակ, «Նահատակները»):

Ճանապարհորդները ճամփորդության ժամանակ գիրք են կարդում: Հորինում են դրանք, շատ դեպքերում օրագիր են վարում:

Եվ վերադարձից հետո, դա միշտ գրքով է ավարտվում, այլապես մենք այդ մասին չէինք խոսի:

Նրանք ճամփորդում են, որպեսզի գրեն, եւ գրում են հենց այն պատճառով, որ նրանց համար ճամփորդությունն ինքնին նշանակում է գիր:

2. Մակագրությունները

Դա այդպես էր դեռեւս նախնադարյան ճամփորդությունների ժամանակ: Տեղաշարժվելով, տոհմը մաքրում էր արահետները, ամենուր նկատելի նշագծեր էր դնում, նշում էր իր տարածությունը, գերեզմանների վրա մակագրություններ էր անում: Նախահայտնաբերողը նշում է այն երկիրը, ուր նա բնավորվում է: Այժմյան ճանապարհորդներն իրենց հետքն են թողնում քաղաքներում, ուր լինում են` բոլոր գրառումները կարծիքների գրքում, պատվավոր գրքերում, հիշարժան մակագրություններն անկարող ես համրել: Եվ որքան մեծ է հրճվանքը, երբ ճանապարհորդները հանկարծ տեսնում են նախորդի հետքը:

Քո կենալու հետքը թողնելը կնշանակի` դառնալ տվյալ հիշարժան վայրի պատկանելությունը, ինքզինքդ հռոմեացի, աթենացի կամ կահիրեցի դարձնելը, եւ հետեւաբար, տուն վերադառնալ, լուսաբանված վայր-գաղափարագրերով, քո ճամփորդությունից թեկուզ տեսած վայրի «գիծը» քաշելը, եւ հուսալ, որ այն անջնջելի կլինի: Հետագայի ճամփորդների համար Աթենք ուղեւորվելը նույնպես նշանակում է, ճիշտ է` նշանակալիորեն սակավ, քան այլ զուգահեռները, բայց այժմ արդեն անխուսափելիորեն` ուղեւորվել այն քաղաքը, որ տեսել էր Շատոբրիանը, եւ համանման ճամփորդությունը որոշ այլ «գծերի» հետ, ինչ-որ կերպ դրանք պարզաբանելով:

Սակայն, եթե բոլորը լավ հասկանում են, որ անցնելով Կարնակի մեծ տաճարի կողքով, նապոլեոնյան բանակի զինվորները անշուշտ անհավանական ուժով եւ խորությամբ կամեցան նշվել քանդակազարդ սյան վերին հարկամասում, եթե մենք խանդաղատում ենք, հայտնաբերելով նրանց նշանները, այն պահից ի վեր, երբ բնահողը կամ հիշարժան վայրը ծածկվում է չափազանց հոծ տեքստային հյուսվածքով, ապա ժամանակակից ճանապարհորդն անհարմար է զգում անհամեստ նշան թողնել, ինչպես նա համարում է, այնքան հետաքրքրություն չհարուցող, որքան նա կփչացներ:

Սակավակիրթ տուրիստներին շուտով հետեւում է նա, ով գիտակցելով, որ վնաս է հասցնում այն վայրին, ուր նա եկել է, որպեսզի թարմանա եւ լուսավորվի, երազում է այդ վայրը անձեռնմխելի թողնել, եւ ոչ միայն լինել այնտեղ միակ օտարերկրացին, այլ ասես անտեսանելի, անմարմին օտարերկրացի, իդեալապես մաքուր, ուրվական, որ ոչ մի հետք չի թողնում: Եվ մենք դարձյալ հայտնվում ենք մեր ճերմակ թղթի առասպելաբանության այլ ձեւի առջեւ:

3. Գրքերը` որպես տարբերանշաններ

Որոշ ժամանակից ի վեր գերադասությունը հաճախ տրվում է ոչ թե անմիջական տարբերանշանին, որը սպառնում է վերացնել բոլոր նախորդող նշանները եւ նույնիսկ դրանց բացակայությունը, այլ տարբերանշանին, որը մեծ հարգանք է հարուցում, առավել գրավիչ է, եւ, ի վերջո, ավելի նշանակալից, քանզի գիրքը` լինելով առարկա, նրա օրինակներից մեկն է: Երբ խոսքը ճամփորդություն-արշավի մասին է, մենք արդեն խոսել ենք անվանումների կարեւորության մասին, որ ներգրվում են հենց վայրում (երբեմն երկար ժամանակ անց` այսպես, Բրազիլիայի մերձափնյա վայրերի տեղանունները, ուր կառանվում էին առաջին պորտուգալացի ծովագնացները, այժմ կարելի է տեսնել կայարաններում, ճանապարհների ոլորաններում, փողոցների ուղետախտակներում եւ այլն), բայց սկզբում` քարտեզների վրա եւ բանավոր պատմություններում:

Ճամփորդությունն ինքը վայրերին անուն է տալիս: Սակայն, եթե դրանք արդեն անվանված են, ապա այս կամ այն կարգով կկրկնվեն անդադար ճամորդությունների ընթացքում: Մեծ հիշարժան վայրերի շատ բարդ անունները ճանապարհորդը կմիավորի մի նախադասության մեջ: Քանի որ Շատոբրիանի ճանապարհն ընկած էր Վենետիկի, Աթենքի, Կոստանդնուպոլսի միջով դեպի «սահմանը»` Երուսաղեմը, այն հատուկ մոտեցում ունի: Ինչ-որ փուլ նրա համար փակագիծ կլինի, քնարական շեղում, ինչ-որ, ընդհակառակը, կարեւոր գլխավոր փաստարկ: Իսկ քերականության օգնությամբ նա կփորձի վերականգնել ողջ ուղու քերականությունը:

4. Անցումները

Ի դեպ, պարտադիր չէ, որ գիրքը գոյություն ունենա իր սովորական տեսքով, բավ է ցանկացած հետքը, գրառումը ճամփորդության մասին, իսկ առանց դրա այժմ դժվար լինի: Քաղաքներով եւ հիշարժան վայրերով իմ երթուղու մեն-միակ փաստով ես կարող եմ մնայուն նշան նկարել երկրի հաստության եւ մակերեւույթի վրա: Ես արդեն առաջարկել էի գիտություն ստեղծել, այժմ առաջարկում եմ նոր արվեստ, որը պարփակված է միայն ճամփորդություններում` կազմված այստեղ-այնտեղ թողնված հետքերով, սակայն ընդհանուր խնդրին ենթարկված` երթուղու, տրանսպորտի ինչ-որ փոփոխությանը, ինչ-որ կանգառում կենալուն, ճամփորդություններին, որ պակաս հիացմունքի կամ մեկնաբանությունների արժանի չեն, քան մեծ բանաստեղծության հիասքանչ տողը:

Ձեւերի բազմազանությամբ հանդերձ, որոնց մեջ կարող է պարփակել իրեն գիրքը, ինչպիսին պետք է լինեն նրա ռեսուրսները (մի պահ մտորենք նրանց միջանկյալ փուլերի մասին, պարզապես նախաձեռնած ճամփորդության, նախապատրաստած իմպրովիզացիայի եւ նրա գրքային պարտիտուրի միջեւ), եթե այն ժամանակից ի վեր, երբ այն ճանապարհորդի համար դարձել է իր կենալու վայրը նշելու հիմնական միջոցը, նա հնարավորություն է ստացել, գրքի վրա աշխատելով, ինչպես հարկն է աշխատել իր տարբերանշանի վրա:

Եթե ռոմանտիկների ճամփորդությունը հանգեցնում էր գրքի ստեղծմանը, կնշանակի, նրանք գրում էին այն, շարունակելով գործունեության նույն տեսակը: Եթե ընթերցանությունը անցում է, եթե նույնիսկ այն երբեմն թվում է սոսկ ապշեցուցիչ անցում ճերմակության ամպով, ապա գիրը, լինելով միշտ փոփոխվող ընթերցանություն, անշուշտ անցում է, եւ նույնիսկ առավել եւս:

Քանի որ Հռոմը, Աթենքը եւ Երուսաղեմը կառուցված են իմ ճամփորդության նախադասության ներսում ինձ լուսավորած որոշակի կարգով, ապա ես կարող եմ դրանք նրանց մասին պատմության մեջ գրել, ինչպես կամենամ, եւ որքան շատ են գետնուղիները եւ կողմնային անցումները:

5. Հղում

Ես հազվադեպ եմ գրում հենց տեղում: Ես երբեք ճամփորդական գրառումներ չեմ անում: Ես պատմում եմ ինչ-որ վայրի մասին, լինելով միանգամայն այլ տեղում եւ հանուն ինչ-որ երրորդ վայրի: Ինձ անհրաժեշտ է ճամփորդելու ուղարկել իմ ճամփորդությունները: Իմ նախադասություններից կամ բառային հիշարժան վայրերից մեկի երկու սահմանների միջեւ, իմ ընտրած եւ նշած, երկիրն առաջվա պես պտտվում է:

Այսպիսով, ես ինքս ինձ համար ելակետի ողջ համակարգ եմ կառուցել եւ կամաց-կամաց այն կատարելագործում եմ, կամ, ավելի ճիշտ, ես ինքս վերածվել եմ մի ողջ ելակետի համակարգի, որը կամաց-կամաց կատարելագործվում է, կամ, ավելի ճիշտ, մի ողջ կատարելագործվող ելակետի համակարգ, որ ինձ ահա այսպես կամաց-կամաց կառուցում է:

Եվ ահա ես ուղարկում եմ այս տեքստը դեպարտամենտից դեպի ծովամերձ Ալպեր, միաժամանակ` Փարիզ եւ Ավստրալիա, որպեսզի այն տարածում գտնի տարբեր այլ վայրերում: