Բրիտանական «The Guardian» պարբերականը հրապարակել է մի հոդված, որում պատմում է բրիտանացի Փիթեր Սեկիրինի նոր գրքի մասին: Գրքի հեղինակը հետազոտել է Չեխովի մասին կարծիքները: Աշխատությունում ներառված են Չեխովի հարազատների, ընկերների ու ծանոթների հիշողություններն ու օրագրերը, ինչպես նաեւ` գրողի հետ նամակագրությունը: Մասնավորապես, Պյոտր Գնեդիչը վերարտադրել է Չեխովի այցը հիվանդ Լեւ Տոլստոյին, որտեղ վերջինս հրաժեշտի պահին Չեխովի ականջին շշնջացել է, որ ատում է նրա պիեսներն, ու որ նա «ավելի վատն է, քան Շեքսպիրը»: Գնեդիչի խոսքով` Տոլստոյը դրական է վերաբերվել Չեխովին եւ ցանկացել, որ դրամատուրգը հանդիսատեսին իր ուզած ուղղությամբ տանի: «Իսկ ո՞ւր կարող եմ ես գնալ քո հերոսի հետեւից: Մինչեւ հյուրասենյա՞կ եւ ե՞տ դառնամ: Ձեր հերոսը գնալու տեղ չունի»: Գնեդիչի հիշողություններում կա նաեւ հիշատակություն այն մասին, որ Չեխովն իր պիեսները գրելիս հաճախ է հիշել Տոլստոյին եւ երկակի զգացողություններ ունեցել: Իսկ ինքը` Չեխովը, Տոլստոյի մասին ասել է, որ նա գովաբանում է այլ գրողների, քանի որ գտնում է, որ նրանց ստեղծագործությունները «խաղ ու պար» են իր գործերի համեմատ: Շեքսպիրը Տոլստոյին բարկացրել է այն պատճառով, որ նա հասուն մարդ է, սակայն չի ստեղծագործում «տոլստոյական ոճով»: