Բնության գրկում

14/07/2011

«Facebook» սոցիալական կայքի հիմնադիր եւ սեփականատեր Մարկ Ցուկերբերգն աշխատանքի հավակնորդների հետ հարցազրույցներն անցկացնելու յուրատեսակ մեթոդ է կիրառում: Գրասենյակի փոխարեն նա հարցազրույցներն անցկացնում է բնության գրկում` ընկերության շտաբ-բնակարանից ոչ հեռու անտառածածկ բլուրների վրա: Նման հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ զրուցակիցների առաջ բացվել է ընկերության շենքի տեսարանը, Ցուկերբերգը հավակնորդին ասել է, որ նրա փաստաթղթերն արդեն փոխանցվել են կադրերի բաժին, եւ աշխատավարձը խնդիր չէ, իսկ արդեն աշխատանքի ընդունված թեկնածուն հետագայում պատմել է, որ աննկարագրելի տպավորություններ է ունեցել այդ պահին, հարցազրույցն էլ նման է եղել ռոմանտիկ հանդիպման: Մեկ այլ թեկնածուի Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերությունը որոշ ժամանակ գերազանցելու է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Apple-ը ու HP-ն, եւ նա պետք է լինի այդ նվաճման մասը: Սակայն Ցուկերբերգը նման կերպ է վարվում ոչ թե բոլորի, այլ միայն «համակարգչային հանճարների» հետ: Ի դեպ, վերջերս ամերիկյան լրատվամիջոցները գրել էին Ցուկերբերգի մեկ այլ արտասովոր սովորության մասին: Նա ուտում է միայն այն կենդանիների միսը, որոնց ինքն է սպանել, հակառակ դեպքում միայն բուսական սնունդ է ընդունում: Ըստ մամուլի, Ցուկերբերգն այդկերպ ցանկանում է իսկապես վայելել մսի համը: