Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ամերիկացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Լավրովի այցի հիմնական նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի քննարկումն է ԱՄՆ ղեկավարության հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերջին առաջարկներին, որոնք անցած շաբաթ Լավրովը հանձնել էր ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին: Ի դեպ, ԱՄՆ մեկնելուց առաջ Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի` «Twitter»-ի էջում Երեւան եւ Բաքու կատարած իր այցելությունների մասին գրել է. «Ժամանակն է պայմանավորվելու, մենք նրանց պատասխանին ենք սպասում»: Նույն գրառման մեջ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնում եւս կներկայացնի Մեդվեդեւի առաջարկները: