ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին ընդունել է «Բելգրադի hռչակագիրը», որում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԱՀԿ ԽՎ 20-րդ տարեկան նստաշրջանի լիագումար նիստում 53 երկրների ներկայացուցիչների հավանությանը արժանացած փաստաթղթում ԵԱՀԿ ԽՎ-ն ափսոսանք է հայտնում վերջին շրջանում ԼՂ-ի շուրջ լարվածության աճի կապակցությամբ եւ վճռականորեն կոչ է անում` ԵԱՀԿ շրջանակներում ակտիվացնել քաղաքական ջանքերը չլուծված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ` ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Մոլդովայում եւ Վրաստանում: «Մենք ակնկալում ենք, որ երկրների կառավարությունները, խորհրդարաններն ու ԵԱՀԿ-ն կընդառաջեն այս կոչերին»,- հռչակագրի ընդունումից հետո հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն: Լիագումար նիստում հայտարարվել է Հարավային Կովկասի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակման մասին. այսուհետ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչն է Վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սուարեշը: Նրա նշանակման մասին ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն հայտարարել է Վեհաժողովի 20-րդ տարեկան նստաշրջանի` նախօրեին կայացած լիագումար նիստում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո: Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ի տարածած հաղորդագրության, Էֆթիմիուն, մասնավորապես, ընդգծել է Սուարեշի դիվանագիտական հմտությունները, տարածաշրջանին քաջածանոթ լինելը եւ անձնական կապերը տեղի ազդեցիկ գործիչների հետ: Իսկ Սուարեշն այս պաշտոնում իր նպատակների թվում նշել է տարածաշրջանի խորհրդարանականների միջեւ կապերի ամրապնդումը, Կովկասում շարունակվող բանակցությունների ակտիվացումը եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացին` տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու համար: