Երկխոսեք՝ որքան ուզում եք

11/07/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումներին, թե իշխանությունը ՀԱԿ-ի հետ երկխոսելու պատվիրակություն չի ձեւավորելու, հուլիսի 9-ին ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով կոալիցիոն ուժերից ձեւավորել է աշխատանքային խումբ, իսկ առաջին աշխատանքային քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել արդեն գալիք տասնօրյակում:

Կոալիցիոն խմբում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: ՀՀԿ-ից ՀԱԿ-ի հետ բանակցելու են ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ու ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` ԱԺ Եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Իսկ ՕԵԿ-ից բանակցողները կլինեն ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցանկությանը, որ այդ կազմում պետք է պարտադիր ներկայացված լիներ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, վերջինս հրաժարվել է` ասելով, թե ՀԱԿ-ում իրեն «ատում» են, ու հնարավոր է իրեն «վնասեն» այնտեղ: Ուստի, որպեսզի Բիշարյանը ՀԱԿ-ի կողմից «վնասազերծվի», նրա փոխարեն որոշել են բանակցությունների գործուղել Մ. Շահգելդյանին: Իսկ ՀԱԿ-ը, հիշեցնենք, իր պատվիրակությունը ձեւավորել է հունիսի սկզբին, եւ դրանում ընդգրկված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ Տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը: ՀԱԿ-ից որպես խմբի ղեկավար` ներկայացված է Լ. Զուրաբյանը, իսկ կոալիցիայից, ինչպես նշեցին մեր աղբյուրները` խմբի ղեկավարը լինելու է Դ. Հարությունյանը:

Ինչեւէ, մեր տեղեկություններով, կոալիցիան իր պատվիրակությունը ձեւավորել է հետեւյալ սկզբունքով. մեկական ներկայացուցիչ` քաղաքական հարցերով, մեկական` տնտեսական եւ սոցիալական: Սակայն քաղաքական հարցերով ներկայացուցիչ ներգրավելու պարագայում նույնիսկ իշխանությունները բացառում են, որ այդ հանդիպումների ընթացքում օրակարգային հարցերի շարքում քննարկվի նաեւ արտահերթ ընտրությունների թեման: Նշենք, որ հարցին, թե որո՞նք են լինելու արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության ուղղությամբ հետագա քայլերը, Արմեն Արզումանյանը պատասխանել էր. «Հունիսի 17-ի անդրադարձում ՀՀ նախագահը հստակ նշել էր, որ եթե մեկ կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն ՀԱԿ-ն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Հունիսի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, դրական պատասխանեց այս առաջարկին` նշելով. «Երկխոսություն` այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին` հիմնական հարցերի շուրջ»: Ինչպես երեկ ասում էին իշխանական շրջանակների մեր զրուցակիցները, ՀԱԿ-ի հետ բանակցությունների ընթացքում ի սկզբանե բացառվելու է ընտրությունների թեմայով (թե՛ հերթական, թե՛ արտահերթ) քննարկում կազմակերպելը եւ որպես փաստարկ ներկայացվելու է այն, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ ընտրությունների հարցերով ՀԱԿ-ը կարող է բանակցել միայն ԱԺ նախագահի հետ, ով, սակայն, բանագնացների կազմում չէ: «Այնպես որ` ՀԱԿ-ը պնդելով պատվիրակություն ձեւավորելու անհրաժեշտությունը, ակամայից հայտնվեց անհեթեթ իրավիճակում: Նախագահն իրենց առաջարկել է մի քանի տարբերակներ, եւ իրենք ընտրել են պատվիրակության ձեւաչափը: Եվ եթե Հ. Աբրահամյանի հետ կարող էին խոսել ընտրությունների թեմայով, ում, ըստ էության, իր հայտնի հայտարարությամբ լիազորել էր ՀՀ նախագահը, ապա այս պարագայում դա բացառվում է, քանի որ որեւէ մեկը լիազորված չէ ոչ քննարկել, ոչ էլ առավել եւս որոշումներ ընդունել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ականներից մեկը: Այսինքն, այս աշխատանքային խմբի լիազորությունները խիստ սահմանափակ են լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը «խիստ հասկանալի» նաեւ մատնանշել էր մյուս` տնտեսական հարցերով բանակցողի հասցեատիրոջը` վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին, ով լիազորված էր կարգավորել բոլոր այն հարցերը, որոնք կառնչվեին նախագահական ապարատին: Այսպիսով` իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` կոալիցիոն պատվիրակության խումբը կարող է քննարկել քաղաքական ու տնտեսական զուտ մարտավարական խնդիրներ, եւ այնպիսի հարցեր, որոնք կվերաբերեն օրենսդրական դաշտի բարեփոխումներին: Այսինքն` կարող են նաեւ առաջարկներ ներկայացնել այս կամ այն օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ի դեպ, երեկ գրեթե նույն բանն ասել է նաեւ պատվիրակության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը` հայտարարելով, թե հունիսի 17-ին ՀՀ նախագահը հստակ նշել է, թե ինչ հարցի շուրջ պետք է երկխոսեն պատգամավորները ՀԱԿ ներկայացուցիչների հետ: «Ոչ միայն արտահերթ, այլեւ հերթական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, այնտեղ գրված է, որ պետք է քննարկվեն ԱԺ նախագահի հետ, ոչ թե այս աշխատանքային խմբի»,- ասել է Գ. Մինասյանը` ընդգծելով, որ կոալիցիոն կուսակցությունների աշխատանքային այս խմբում ԱԺ նախագահն ընդգրկված չէ:

Շատ կարեւոր է նաեւ, թե ինչ մանդատ է ունենալու այս երկխոսության համար ձեւավորված պատվիրակությունը: Այսինքն` պարզ չէ, թե պատվիրակության կայացրած որոշումներն իրականացման ինչ մեխանիզմ են ունենալու, կամ` ընդհանրապես ունենալո՞ւ են, թե՞ ոչ: Սակայն դեռեւս որեւէ մեկը տեղյակ չէ, թե ինչ են անելու երկխոսելու ժամանակ, որոշումներ կայացնելո՞ւ են, թե՞ ոչ, եւ եթե այո` ինչպես են ի կատար ածվելու դրանք, իսկ եթե ոչ, ապա առավել քան անհասկանալի է, թե ինչու են առհասարակ այս շոգին հավաքվելու ինչ-որ սենյակում ու անիմաստ զրույցներ վարելու: Նշենք նաեւ, որ գոնե երեկվա դրությամբ հանրապետությունից բացակայում է կոալիցիոն խմբի անդամների կեսը: Դ. Հարությունյանն արձակուրդում է եւ այս օրերին իր հանգիստն է անցկացնում Եվրոպայում, ու նրա վարորդի փոխանցմամբ` նրա հետ հնարավոր կլինի խոսել միայն հուլիսի վերջին: Գագիկ Մինասյանը հուլիսի 11-19-ը գտնվելու է Գերմանիայում, իսկ Խաչիկ Հարությունյանը Բրյուսելում է: Մեր հարցին, թե ի՞նչ մանդատով են իրենք բանակցելու ՀԱԿ-ի հետ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրեն դեռեւս ոչինչ հայտնի չէ: ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը երեկ կայացած ասուլիսում ընդամենն ասել է, որ իրենք գիտեն լավ երկխոսելու ձեւերը` հիշեցնելով 2008թ. իշխանությունների հետ իրենց հայտնի բանակցությունները: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ընդամենը 10 րոպե էր անհրաժեշտ ՕԵԿ-ին համոզելու համար, որ ընտրակեղծիքներն էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ու դրանից հետո իրենք ընդգրկվեցին կոալիցիայի կազմում: Թե ինչ է ցանկացել դրանով ակնարկել Բիշարյանը` դժվար չէ ենթադրել: «ՕԵԿ-ը գիտի երկխոսության արժեքը, որպեսզի քաղաքական պատերազմ տեղի չունենար` «Օրինաց երկիրն» արդեն մեկ անգամ անսացել է նախագահին եւ երկխոսության պատրաստակամությամբ պատասխանել»,- ասել է Բիշարյանը` ավելացնելով, թե կոալիցիան ամեն ինչ արել է, որպեսզի ձեւի եւ բովանդակության ներդաշնակություն լինի ՀԱԿ-ի հետ:

Այնպես որ` ինչպես նշել են կոալիցիոն աշխատանքային խմբի որոշ ներկայացուցիչներ` ամեն ինչ պարզ կլինի խմբի առաջին իսկ նիստի օրը: Խոսքը ոչ միայն օրակարգի մասին է, այլեւ նրա, թե ո՞րն էր այսքան երկար սպասված երկխոսության իրական նպատակը` ժամանակ ձգձգե՞լը, թե՞…