Ազարյանն ազարտի մեջ է

11/07/2011

ԿԸՀ անդամների նշանակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց 4 ժամ առաջ երեկ ինքնաբացարկ են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հայտարարված մրցույթում հաղթած երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը: Իսկ նրանց փոխարեն օմբուդսմենն իրավունք չունի ներկայացնել մրցույթին այլ հայտ ներկայացրած անձանց:

Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեք անդամ նշանակվում է օմբուդսմենի առաջարկությամբ, երկուսին նշանակում է Փաստաբանների պալատը, իսկ մյուս երկուսին` Վճռաբեկ դատարանը: Հենց Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից էլ ներկայացվել է ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանի թեկնածությունը: Իսկ մյուս թեկնածուն Լաուրա Գալստյանն է:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ հրապարակել է Ռոզա Ստեփանյանի եւ Աիդա Մուրադյանի` օմբուդսմենին ուղղված նամակը, որտեղ պարզաբանել են իրենց ինքնաբացարկի պատճառը. «Արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո զանգվածային լրատվության որոշ միջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք Ձեզ հետ նախկինում աշխատել ենք միեւնույն իրավաբանական գրասենյակում, ոմանք նույնիսկ մեզ պիտակավորեցին` «ապագա ընտրակեղծարարներ»: Հիշեցնենք, որ Ռոզա Ստեփանյանն աշխատում է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում, որը մի քանի տարի ղեկավարել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, իսկ Աիդա Մուրադյանը դեռեւս շարունակում է աշխատել այդ ընկերությունում:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ անդամի պաշտոնում առաջարկել է 2 թեկնածուի` փաստաբան Գեորգի Մարտիրոսյանին եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանին:

Ի դեպ, երեկ տեղի է ունեցել ԿԸՀ ներկայիս կազմով վերջին նիստը, որը վարել է Գարեգին Ազարյանը: Վերջինս նիստից հետո` անդրադառնալով ինքնաբացարկ ներկայացրած օմբուդսմենի ներկայացրած թեկնածուների պարզաբանումներին, ասել է. «Պետք է լինել լավատես, եւ ամեն ինչ լավ կլինի, եւ պետք չի վախենալ ոչ մի աշխատանքից, պետք չի ընտրվել ԿԸՀ անդամ, հետո վախից հրաժարվել լինել ԿԸՀ անդամ»: Նա նաեւ անդրադարձել է այն հրապարակումներին, թե ինքը ՄԻՊ մրցույթը չհաղթահարելու պատճառով է առաջադրվել Վճռաբեկ դատարանի կողմից: «Իսկ Դուք որտեղի՞ց վերցրիք, որ ես ՄԻՊ-ի մրցույթում չեմ անցել: Միգուցե ես գտել եմ ավելի նպատակահարմար` անցնել մեկ այլ տեղով… Դրա մասին դուք կարող եք կարդալ ՄԻՊ հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ հինգ թեկնածու հրաժարվեցին նշանակվել ՄԻՊ-ի կողմից, գոնե իմ հրաժարականը վերաբերել է դրան: Երբ որ ես մասնակցեցի մրցույթին, ես տեսա, որ ավելի նպատակահարմար է գործող ԿԸՀ նախագահին, եթե պետք է լինի ԿԸՀ անդամ, նշանակվի այլ մարմնի կողմից, դա իմ անձնական կարծիքն է: Ես հրաժարվել եմ ՄԻՊ-ի կողմից առաջադրվելուց եւ կարծում եմ, չեմ սխալվել, որ հրաժարվել եմ այնտեղից եւ այստեղից եմ առաջադրվել»: Հարցին էլ, թե ե՞րբ է հրաժարվել ՄԻՊ-ի մրցույթին մասնակցելուց, Ազարյանը պատասխանել է. «Դուք կարծում եք, որ ԿԸՀ նախագահին հա՞րց են տվել, այն էլ այն նախագահին, որն անմիջական մասնակիցն է եղել Ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունմանը. գնացել եմ, մասնակցել եմ, հետո հրաժարվել եմ»: